Հասել ենք, իջեք` հիմա էլ վարորդներին տուգանում են բեռնվածության համար

Հասել ենք, իջեք` հիմա էլ վարորդներին տուգանում են բեռնվածության համար
Փող աշխատելու համար ինչ ասես չեն հորինի։ Մենք դեռ նախորդ շաբաթ ահազանգ էինք ստացել վարորդներից, ովքեր պատմում էին, որ վերջին շրջանում ՀՀ տարբեր ճանապարհահատվածներում՝ Երեւան-Արտաշատ, Երեւան-Սեւան, տրանսպորտի նախարարությունը ճանապարհային ոստիկաններ է կանգնեցնում, որ բեռնատար մեքենաները կշռեն եւ պարզեն՝ արդյոք բեռնվածությունը համապատասխանո՞ւմ է նորմային, թե՞ ոչ: Իսկ եթե բեռնվածությունը չի համապատասխանում, ապա ակտեր են կազմում, սակայն մեզ դիմող քաղաքացիները չգիտեին, թե ինչ ակտ է, եւ ինչքան պետք է վճարեն:



Բեռնատարի վարորդները նշում են, որ եթե մեքենան հնարավոր է բարձել 36 տոննա, իրենք այդքան էլ բարձում են, քանի որ, օրինակ, սահմանված 25 տոննա բեռ տեղափոխելու համար իմաստ չունի աշխատել, ձեռնտու չէ: Բայց արի ու տես, որ իշխանությունները գցել-բռնել են, թե էլ որտեղից կարող են փող պոկել, եւ գտել են տարբերակը:



Մենք դիմեցինք տրանսպորտի նախարարություն՝ պարզելու, թե ինչ կշեռքի մասին է խոսքը, երբվանից են գործարկում, ինչ նպատակով, մեզնից պահանջեցին գրավոր հարցում: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցերին տրված պատասխանները, որտեղ հաստատել են մեր տեղեկությունները եւ բացատրել, թե ինչու են նման քայլի գնացել:



«ՀՀ տարածքում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկող, անհրաժեշտության դեպքում նաեւ համայնքային նշանակության ճանապարհներով երթեւեկող ծանրաքարշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների բեռնվածությունը ստուգվում է «C Z -40 HA EDESSA» մակնիշի ավտոմոբիլային էլեկտրոնային դինամիկ կշեռքով, որը բացահայտում է առանցքային կամ ընդհանուր զանգվածի գերբեռնվածությունը: Այս ամենը բխում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2006թ. թիվ 1106-Ն որոշման պահանջներից, որն ամբողջովին փոփոխվել է ՀՀ կառավարության 23.06.2017թ. թիվ 739-Ն որոշմամբ եւ 16.07.2017թ.-ին մտել է ուժի մեջ»:



Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե ինչ տույժ, տուգանք է հասնում բեռնվածությունը խախտած վարորդներին, որտեղ պետք է վճարեն, ուր են գնում այդ գումարները՝ բյուջե՞, թե՞ արտաբյուջետային միջոցներ: «Տույժ-տուգանքներից առաջացած գումարներն ուղղվում են բացառապես պետական բյուջե: Դրանց չափը սահմանված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով»:

Մինչ այժմ քանի՞ վարորդի նկատմամբ է ակտ կազմվել, ի՞նչ գումարների մասին է խոսքը:



«ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցների կողմից 2018 թ․ մարտի 15-ից մարտի 23-ը Մ-2՝ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-ԻԻՀ սահման ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի Երեւան-Արարատ հատվածում ծանրաքարշ եւ (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկման կազմակերպման գործընթացի նկատմամբ ՃՈ անձնակազմի հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների, դիտարկումների եւ վերահսկողական գործառույթների արդյունքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտմամբ իրավախախտումներ թույլ տված թվով 34 փոխադրողների նկատմամբ կազմվել են վերահսկողության արդյունքների ամփոփման համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ եւ իրականացվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ: Տուգանքի չափը վերջնականորեն որոշվում է վարույթի արդյունքում կայացված որոշման հիման վրա»:

Եվ վերջապես՝ հարցրել էին, թե ինչու մինչեւ կշեռքը գործարկելը լրատվամիջոցներով հանրությանը չեք իրազեկել այդ նորամուծության մասին:



«Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները եւ չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցներին հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանվել է դեռեւս 12 տարի առաջ՝ 2006թ., 02.09.2006թ. ուժի մեջ մտած ՀՀ կառավարության թիվ 1106-Ն որոշմամբ: Նշված իրավական ակտը հրապարակված է www.egov.am եւ www.arlis.am կայքերում, հղումները կցվում են. https://www.e-gov.am/gov-decrees/item/5201/։



**ՀԳ.** Մենք կապվեցինք խմբագրություն ահազանգած վարորդներից մեկի հետ: Նա պատմեց, որ գնացել էր տրանսպորտի նախարարություն՝ տուգանքի հետքերով, եւ պարզել, որ արդեն գործում է օրենքը, ըստ որի՝ ՀՀ-ում բեռնատար մեքենայի ընդհանուր զանգվածը, բեռի հետ միասին, չպետք է գերազանցի 44 տոննան, ամեն ավել 500 կգ-ի դիմաց վարորդին տուգանում են 100 հազար դրամի չափով: «Հիմա իմ մեքենան նախատեսված է մոտ 60 տոննա բեռ տեղափոխելու համար, մեծ մեքենա եմ գնել, որովհետեւ մարդիկ երբ վարձում են, ուզում են ավելի շատ բեռ տեղափոխել, որպեսզի քիչ ծախս անեն: Բայց, փաստորեն, ստացվում է, որ ես պետք է մեքենաս թերբեռնված վարեմ, որը ֆինանսապես շահավետ չէ: Իսկ եթե հաճախորդի ուզած եւ մեքենայի թույլատրելի չափով բարձեմ, ապա ամեն անգամ կտուգանվեմ մինչեւ 1 մլն 600 հազար դրամի չափով, այսինքն՝ ամբողջ տարվա աշխատավարձս պետք է տամ տուգանք»,- ասաց վարորդը:





**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**