Ինչ նպատակով են ԲՀԿ-ն ռեսթարտ անում

Ինչ նպատակով են ԲՀԿ-ն ռեսթարտ անում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշել են ռեսթարթ անել կամ, ավելի ճիշտ՝ դառնալ դասական կուսակցություն։ Նախօրեին տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի մասին կուսակցությունը համառոտ տեղեկատվություն տրամադրեց լրատվամիջոցներին․ «Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ Քաղաքական խորհուրդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար եւ քաղաքական խորհրդի 5 փոխնախագահներ։ ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանը` ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը` կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը` տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության եւ կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ»։



ԲՀԿ-ում տեղի ունեցած փոփոխությունները, ապրիլյան գործընթացներին ընդառաջ, տարաբնույթ եզրահանգումների տեղիք տվեցին, մինչդեռ, ԲՀԿ մեր աղբյուրների տեղեկացմամբ, ընդամենը եվրոպական կառույցների հետ «սինխրոնիզացիա» է տեղի ունենում, եւ կուսակցությունը, այսպես ասած, կուսակցությունների դասական մոդելին է համապատասխանեցվում, ոլորտային պատասխանատուներ են նշանակվում։ Բանն այն է, որ տարիներ շարունակ Ծառուկյանի կամքով առաջնորդվող կառույցում առաջնորդից բացի այլ անձինք դերակատարում չեն ունեցել։



Հիշեցնենք, որ 2014-ից ԲՀԿ-ն անդամակցում է «Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխիչների դաշինքին», իսկ վերջին շրջանում ակտիվացել են անձամբ Ծառուկյանի ու այդ դաշինքի մաս կազմող ուժերի միջազգային շփումները։ 2017-ի դեկտեմբերին էլ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ տեղի ունեցավ աշխարհի տարբեր երկրների պահպանողական եւ ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամների այցը Հայաստան եւ Արցախ, որը հետո մեծ աղմուկ բարձրացրեց։



Նախկինում ԲՀԿ քաղխորհուրդն ունեցել է ընդամենը մեկ փոխնախագահ, մինչեւ վերջին փոփոխություններն այդ պաշտոնը քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանն էր զբաղեցնում։ Իսկ քաղխորհրդի քարտուղարի պաշտոնում երկար տարիներ, դեռեւս Ծառուկյանի նախագահության շրջանում, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էր: Նա այդ պաշտոնին մնաց նաեւ այն ժամանակ, երբ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, եւ կուսակցության ղեկն անցավ Նաիրա Զոհրաբյանի ձեռքը։ Բաբայանը, սակայն, 2016-ի մարտին դուրս եկավ ԲՀԿ-ից ու ստեղծեց իր Ռեֆորմիստական կուսակցությունը։



«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր **Իվետա Տոնոյանը** մեր հարցին, թե ինչով են պայմանավորված փոփոխությունները կուսակցությունում, մասնավորապես՝ մեծաթիվ փոխնախագահների ընտրությունը, պատասխանեց․ «Այո, նախկինում եղել է կուսակցության քարտուղար եւ նախագահի մեկ տեղակալ, այժմ, պայմանավորված կուսակցության առաջարկած բազմապրոֆիլ եւ տարբեր ոլորտներ ներառող ծրագրով եւ դրա իրականացման, գործողությունների կազմման անհրաժեշտությամբ, կուսակցության նախագահի գլխավորությամբ քաղխորհուրդը որոշում է կայացրել, որ պետք է լինեն 5 փոխնախագահներ, որոնցից յուրաքանչյուրը զբաղվելու է այն ոլորտով, որոնց մասին արդեն տեղեկացրել ենք»։ Նշենք, որ ԲՀԿ պաշտոնական ինտերնետային էջը եւս այժմ վերազինման փուլում է, եւ կուսակցության կանոնադրության, ծրագրի եւ այլնի մասին տեղեկությունները ժամանակավորապես անհասանելի են։ Տոնոյանը վստահեցրեց, որ փոփոխություններն իրականացվել են կուսակցության կանոնադրության համաձայն, որը չի պարտադրում քաղխորհրդի փոխնախագահներ, քարտուղար նշանակելու համար համագումար հրավիրել։ Անդրադառնալով մեր տեղեկություններին, որ եվրոպական կառույցների հետ ակտիվ շփումներով պայմանավորված է դասական կուսակցության կերտումը, Տոնոյանը հակադարձեց, թե իրենք մշտապես եվրոպական ուժերի հետ ակտիվ «գործակցության դաշտում են եղել»․ «Այս փոփոխությունները պայմանավորված են մեր քաղաքական օրակարգով, գործընթացների անհրաժեշտությամբ, առաջիկա բազմապրոֆիլ եւ բազմաոլորտ անելիքներով»։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**