Մի հավելումի պատմություն, կամ` ես չէի ուզում, ինձ ստիպեցին

Մի հավելումի պատմություն, կամ` ես չէի ուզում, ինձ ստիպեցին
Փաստորեն, որպեսզի Սերժ Սարգսյանը տեղի տա չորս կողմից հնչող թախանձանքներին եւ ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը, պետք է ՀՀ կառավարությանը կից մի մանկապարտեզ բացենք, որտեղ վարչապետի հոգսաշատ օրվա վերջում Սերժ Սարգսյանը քաղաքական լիդերներ կաճեցնի: Այլապես Սերժ Սարգսյանը չի ուզում վարչապետ դառնալ: Ճի՞շտ ենք հասկացել նրա նախօրեի հարցազրույցը:



«Մեկ հարց` մեկ պատասխան» ձեւաչափի այսպիսի հրապարակումների հաճախ ենք ականատես եղել հատկապես 2-րդ նախագահի գրասենյակի կատարմամբ, եւ սա նույն շարքից է: Միով բանիվ, սա ոչ թե հարցազրույց է, այլ գրասենյակի գործունեության, այսպես ասենք՝ ճանապարհային քարտեզով առաջին քայլերից մեկը, որ հստակ նպատակ է հետապնդում` ապահովել ՀՀ 3-րդ նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանի սահուն անցումը:



Հիմա հարցը` հաջողվե՞ց գրասենյակին այդ քայլը, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերում. «Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին»: Կարծում եմ` հայերեն է ասված, եւ չարժե Սերժ Սարգսյանից ավելի վարչապետ երեւալ: Սա, իհարկե, վերդիկտ չէ: Ի՞նչ է նշանակում` հավակնություն չունեմ: Քաղաքականության մեջ այդպես չի կարելի, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում ընդհանրապես անպատկերացնելի է, որովհետեւ իր պաշտոնավարման վերջին 10 տարիներին նա, ճիշտ է, չի «փայլել» գիտնականի կամ միակ տղամարդու սինդրոմով, սակայն կարողացել է ցուցաբերել քաղաքական շախմատին տիրապետելու կարողություն. «…ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ եւ համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի եւ ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար»։ Չգիտեմ` ով ինչպես, բայց ես այս խոսքերի մեջ լուրջ կշտամբանք եմ տեսնում` ուղղված իր նախորդներին: Գնանք առաջ․ 3-րդի գրասենյակը փաստում է․ «Մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ…»: Թե ինչպես կարելի է համադրել այս հայտարարության առաջին եւ երկրորդ մասերը, կդժվարանամ ասել: Ի վերջո նա չի ասում, որ արտաքին քաղաքականության ասպարեզում այնքան լավ է վիճակը, որ բացառել ենք ապրիլյան պատերազմի կրկնությունը եւ այդ ինչ ներքին կայունության ենք հասել կամ, առավել եւս՝ տնտեսական զարգացման դինամիկայի, որ հասարակության մի մասը, ինչպիսի ապերախտություն, ոչինչ չի տեսնում եւ «կույր-կույր» գնում է զենքով հարց լուծողի հետեւից: Մյուս կողմից էլ` որքանո՞վ են ճիշտ սպառնալիքները, սկսած ապրիլյան պատերազմով ու վերջացրած ՊՊԾ գնդի գրավումով, բացատրել սահմանադրական բարեփոխումներով կամ դրանց ընթացքով: Եթե չեմ սխալվում, ո՛չ Ալիեւն է իր ապրիլյան գործողությունները ՀՀ սահմանադրության փոփոխմամբ բացատրել եւ ո՛չ էլ «Սասնա ծռերը»` ՊՊԾ գրավումը: Մի դեպք է եղել միայն, երբ Պարույր Հայրիկյանը բողոքի երթը տարել է ԿԸՀ եւ պահանջել չեղյալ հայտարարել սահմանադրական հանրաքվե անցկացնելու որոշումը: Նաեւ «Ժառանգության» գործիչներն են հայտարարություններ են արել, թե դեմ չեն խորհրդարանական կառավարմանը, սակայն դեմ են, որ բարեփոխումներն անի Սերժ Սարգսյանը: Իսկ սահմանադրական բարեփոխումների դեմ «ամենալուրջ» պայքարը ծավալվել է «Այո-Ոչ»-ի քննարկումների ժամանակ, ինչը նորմալ էր հատկապես «Ոչ»-ի շտաբի առումով, որի կազմում այնպիսի կարկառուն «ոչ»-ական կար, ինչպիսին էր, օրինակ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, մեկ էլ Հրանտ Բագրատյանը, որ գյուղերից մեկում կռվի մեջ էր ընկել իր կառավարման տարիները հիշած քաղաքացիների հետ:



Իսկապե՞ս Սերժ Սարգսյանին մտահոգում եւ դրդում են վարչապետ դառնալ այն ուժերը, «որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության եւ տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։ Ես չեմ հավատում: Սերժ Սարգսյանը, վախենամ, Նիկոլ Փաշինյանին նկատի ունի, որովհետեւ ուրիշ գործիչ, կարծես, պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այդ գործին: Ուստի նաեւ չեմ կարող ասել, թե որքան մեծ է Սերժ Սարգսյանի «անհանգստությունն» այդ իմաստով: «Պարզվում» է, որ Սերժ Սարգսյանին անհանգստացնողը ոչ այնքան սպասվող «փողոցային պայքարն է», որքան այն, թե մինչեւ երբ ենք փողոցում տեսնելու քաղաքագիտության եւ տրամաբանության հետ կապ չունեցող լիդերների: Զգում եք, չէ, որ «լիդերների մանկապարտեզ ստեղծելու» առումով կամաց-կամաց տեղ ենք հասնում: Եվ այստեղ հնչում է Սերժ Սարգսյանի «հավելումը», որ նման չէ իշխանության ղեկին մնալու «սեր» ունեցող համաշխարհային լիդերներից եւ ոչ մեկի «հավելումին»: Մենք տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ հավելումով է գերմանացիներին համոզել Անգելա Մերկելը, որ 4-րդ անգամ դառնա Գերմանիայի կանցլեր: Որքան հայտնի է, մինչեւ վերջերս գերմանացիները նրան քննադատում էին փախստականներին օթեւան տալու համար, քանզի նրանք անկարգ էին եւ փողոցներում բռնաբարում էին գերմանացի կանանց: Մյուս կողմից էլ՝ նույն Մերկելը, կարծես, լիդերներ պատրաստելու խնդիր չունի, որովհետեւ նորմալ երկրներում, սովորաբար, լիդերների ավելցուկ է լինում եւ ոչ թե ճգնաժամ: Մնում է ենթադրել, որ Մերկելն իր ճանապարհը հաղթահարել է հիրավի բաց, թափանցիկ եւ ժողովրդավարության մեծ պաշար ունեցող ընտրություններով, որոնք նրա կուսակցությանն ընձեռել են հնարավորություն՝ եւս մեկ անգամ իրենց լիդերին առաջադրել կանցլերի պաշտոնում:



«Մի փոքր» այլ է իրավիճակը մեր ընտրությունների հետ կապված, եւ դա է, հավանաբար, պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ավելի զորեղ «հավելում» կատարել, քան ՀՀ ապագա վարչապետին կից «լիդերների մանկապարտեզ» ստեղծելը: Հավելում ասելով` պետք է հասկանալ` պատճառաբանություն, «մահանա», բայց հո վարչապետ չե՞ն դառնում որեւէ «մահանայով»: Հիմա կհայտնվեն մարդիկ ու Սերժ Սարգսյանին կհիշեցնեն իր խոսքերը, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղվելու է իր սիրած աշխատանքով: Ահա պարզվում է այդ սիրած աշխատանքը` «դառնալ մանկապարտեզի վարիչ եւ կրկնուսույց» քաղաքական առաջնորդներ պատրաստելու գործում: Դա, իհարկե, անչափ կարեւոր գործ է, բայց չենք կարծում, որ դրա համար պարտադիր է վարչապետ դառնալը:



Անշուշտ, գովելի է Սերժ Սարգսյանի այն խոստովանությունը, որ ինքը տեղյակ է այս թեմայով ՀՀԿ-ի եւ կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամիսներ ձգվող քննարկումներին: Հուսամ` ինքն էլ մասնակից է այդ քննարկումներին, եւ այնպես չէ, որ պասիվ մասնակիցներից է: Ուստի ո՞րն է պատճառը՝ այդ քննարկումների ժամանակ վեր հանվող հարցերն ու պատասխանները ժողովրդից այսքան ժամանակ թաքցնելու եւ մի այնպիսի զգլխիչ պատճառաբանություն բերելու, ինչպիսին բերել է Բաղրամյան 26-ը:



Ոչինչ: Այսքան սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք, մինչեւ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, քննարկումները հասնեն «կուսակցական-ինստիտուցիոնալ» հարթակներ: Մի քանի օր անց Շարմազանովը կամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համատեղ հայտարարություն կանեն այն մասին, ինչի մասին արդեն բոլորը գիտեն: Սակայն զգուշացնեմ, որ այդ ժամանակ խնդիր է առաջանալու՝ Սերժ Սարգսյանի հավելումն այդ հայտարարությանը կցելու հետ կապված: Մենք ունե՞նք այնպիսի լեզվաբան, որ կկարողանա ՀՀԿ-ի կամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հայտարարությունը ձեւակերպել մոտավորապես այսպես` «հաշվի առնելով քաղաքական առաջնորդների դպրոց հիմնադրելու անհրաժեշտությունը` ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրում ենք Սերժ Սարգսյանին»: Իսկ ինչ է, չկա՞ քաջություն` վկայաբերելու 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքները եւ դրանով տալու բոլոր հարցերի պատասխանը։



Այստեղ են ասել` Առաջ, Հայաստան: Թե չէ` մանկապարտեզ բացենք, ճըժ, վըժ, ապագա… Դա բավականին ժամանակատար խնդիր է, մինչդեռ պրագմատիկները հուշում են, որ 2022 թվականին ԱԺ ընտրություններ կան, ու դրանց է պետք պատրաստվել, որպեսզի վաղը-մյուս օրը վարչապետ դառնալու այլ «հավելումներ» չբերվեն:





**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**