Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման

Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
2015թ. սպանված էքստրասենս, հիրոմանտ Անի Մաջնունյանի գործով երեկ հրապարակվեց դատավճիռը։ Ըստ այդմ՝ գործով միակ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։



Մուշեղ Մխիթարյանը **Hraparak.am**-ի հետ զրույցում պնդեց՝ ինքն անմեղ է եւ հասնելու է նրան, որ արդարացման դատավճիռ կայացվի, վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան, այնտեղ էլ արդյունք չգրանցելով՝ կհասնի մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։



«Շուրջ 2 տարի տեւած դատական նիստի ընթացքում եղած տվյալներն, ապացույցները․․․ ես ոչ մի առնչություն չունեմ այդ սպանության հետ եւ դրա համար դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ 20 տարի ազատազրկել մի մարդու, ով աշխատել է հանուն հայրենիքի։ Եթե ես որեւիցե առնչություն ունենայի, ապա ես հանգիստ կնստեի տեղս, սուս կմնայի»,- նշեց Մուշեղ Մխիթարյանը։



Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:



**Աննա Պապիկյան**