Մշակույթն իրոք հանապազօրյա հաց է

Մշակույթն իրոք հանապազօրյա հաց է
«Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շուրջ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի նախօրեին հնչեցրած այն [գնահատականը](https://www.hraparak.am/posts/5a28e18567071c0c76b1696e/%D5%B9%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC-%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%B8%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%A1%D6%80%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BF%D5%A1%D5%AC), թե չեն կարողանում հիմնավորել, թե ինչու պետք է հայրենական կինոարտադրողներին արտոնություն տալ, մեծ արձագանք գտավ կինոգործիչների շրջանում։ Նրանցից ոմանք հրապարակման տակ իրենց արձագանքը գրեցին, մի մասն էլ՝ ֆեյսբուքյան իրենց էջերում։



Ռեժիսոր **Դավիթ Մաթեւոսյանը** նկատում է՝ փոխնախարարը, ով առանձնապես հրապարակային ելույթներով հանդես չեկող մարդ է, խոսել է «Կինոյի մասին» ՀՀ օրենքի մասին, ինչը ողջունելի է, չնայած շատ կինոգործիչներ կտրուկ եւ բացասական են արտահայտվել նրա հնչեցրած մտքերի շուրջ։ «Արթուր Պողոսյանի այս կարծիքը, ցավոք սրտի, Հայաստանում առկա իրողությունն է արտացոլում, իրողություն, որի համար մի կողմից պատասխանատու են մշակույթի գործիչները, մյուս կողմից՝ իհարկե, միմյանց փոխարինող Հայաստանի իշխանությունները։ 1997-99թթ․, երբ ես մշակույթի նախարարության կինոարվեստի վարչության պետն էի, այդ հարցը պարբերաբար արծարծվում էր, եւ մեր կողմից կառավարությանն առաջարկներ էին գնում, որ մշակույթը, մասնավորապես՝ կինոն, պետք է արտոնություններ ունենան։ Այսօր արդեն, երբ պարոն Պողոսյանն ասում է, որ չեն կարողանում հիմնավորել, թե ինչու պետք է հայրենական կինոարտադրողներին արտոնություն տալ եւ ոչ թե, ասենք, հացի արտադրությանը, նա կամա թե ակամա հարցը բերում է մի հարթություն, երբ համեմատություն է արվում հանապազօրյա հացի հետ։ Իրականում սա լավ համեմատություն է, որովհետեւ մշակույթն իրոք հանապազօրյա հաց է։ Մշակույթը, որի մեջ ես կներառեի նաեւ կրթությունն ու գիտությունը, պարտադիր հարկային արտոնություններ ստանալու անհրաժեշտություն ունի։ Սովետական իդեոլոգիան, քաղտնտեսությունը, մշակույթը վերնաշենքային երեւույթ էր հայտարարել ու մեզ հավաստիացրել, թե դա է, այդպես է։ Մինչդեռ մշակույթը հենց բազիս է, հենք է, սկիզբն է, գաղափարն ու գաղափարախոսությունն է որևէ տնտեսակարգի, պետության, քաղաքակրթության։ Նրանց գաղափարախոսության բացակայությունը նշանակում է ինտելեկտի, ինտելեկտուալ ոլորտի բացակայություն։ Ամեն ինչ հենց այստեղից է սկսվում, եւ ինչքան էլ որեւէ կառավարություն հրաշալի տնտեսական ծրագրով հանդես գա, նա վրիպելու է, եթե չունի իդեոլոգիա»,- ասում է Մաթեւոսյանը։



Պատերազմական խնդիրներ, տնտեսական ճգնաժամ, հարեւանների հետ լարված փոխհարաբերություններ, փակ սահմաններ ունեցել են էլի շատ երկրներ, որոնք, սակայն, ըստ ռեժիսորի, այսօր աշխարհի տնտեսական, գիտական պոտենցիալ ունեցող երկրների թվում են։ Իսկ դա էլ նշանակում է, որ ցանկացած երկիր, սոցիալական համակարգ, որն այսօր հաջողակ է, ունի առողջ կամ գոնե դեպի ապագան ուղղված գաղափարախոսություն, ունի նաեւ այդպիսի մշակույթ, գիտություն ու կրթություն․ «Երկիրը տնտեսությունը չէ, տնտեսությունը, իհարկե, հրաշալի բան է, ամեն ինչի հենքը, բայց անգաղափար տնտեսությունը ոչինչ է, եւ երկրում տնտեսություն ունենալու, առավել եւս՝ դրա հեռանկարը տեսնելու համար պետք է ունենալ մշակույթ, կրթություն եւ գիտություն»։



Ի վերջո, ինչո՞ւ պետք է մշակույթին տալ հարկային արտոնություն։ «Հարկային արտոնությունները հենց այն են, ինչից սկսում եւ ինչով արտահայտվում է երկրի, համակարգի, հասարակության հոգածությունն իր մշակույթի հանդեպ՝ լինի դա կինո, թե գրականություն։ Դա շատ պարզ ճշմարտություն է, որը մենք անկախության 25 եւ ավելի տարիների ընթացքում անընդհատ չհետեւելով՝ բաց ենք թողել, եւ որի մեղավորն առաջին հերթին հենց մշակույթի գործիչներն են, ովքեր իրենց ոլորտի վերաբերյալ հոգածությունը վեր չեն հանել եւ դրա անհրաժեշտության մասին չեն խոսել կառավարությունների, ազգային ժողովների առջեւ, չեն պահանջել երկրի զարգացման հեռանկարային մոդել, ինչպիսին որ առկա է այս կամ այն երկրում։ Մեզանից բացի, իրենց բացթողումն ունեն նաեւ ոլորտային գերատեսչությունները եւ համապատասխան պատգամավորական խմբակցությունները օրենսդրական մարմնում։ Ամեն ինչ այստեղից է սկսվում եւ ավարտվում, մշակույթի, գիտության, կրթության տեսանկյունից պարպված, տանուլ տված երկիրը պարտվում է նաեւ այս պատերազմում։ Բոլորիս համար հասկանալի է, որ հարկային արտոնությունների տրամադրումը բազմաթիվ տնտեսական մեխանիզմների շարքում եւս մեկն է, հատկապես՝ եթե որեւէ կառավարություն ցանկություն ունի ոլորտի զարգացում, մուտքերի, ներդրումների խարխուսում ապահովել կամ էլ թե որեւէ ոլորտ դարձնել պետական քաղաքականության առաջնահերթություն։ Մենք, բարեբախտաբար, որոշակի առավելություն ունենք մեր հակառակորդ Ադրբեջանի հանդեպ։ Դա հենց այն է, որ մշակույթը, գիտությունը, կրթությունը թերեւս զգալի առավելություններ են ունեցել, ունեն ու որոշ ժամանակ դեռ կարող են ունենալ Ադրբեջանի նկատմամբ, բայց մենք հիմա կարծես քայլ առ քայլ զիջում ենք դեպի նրանց մակարդակը։ Գաղափարախոսության առկայությունը 3 կոմպոնենտ ունի՝ կրթություն, գիտություն եւ մշակույթ, եւ դրանով է, որ ձեւավորվում է ազգային գաղափարը, եւ դրա բացակայությունն անխուսափելիորեն կարող է մեր ազգային անվտանգությունը լուրջ փորձության ենթարկել»,- ասում է Դավիթ Մաթեւոսյանն ու ընդգծում, որ կինոն, որպես այդպիսին, առավել շահեկան ոլորտ է, որովհետեւ, արվեստ լինելուն զուգահեռ, նաեւ տնտեսություն է, արտադրություն եւ կարող է ինչպես ֆինանսական տնտեսական դիվիդենտներ բերել երկրին, այնպես էլ գաղափարախոսական՝ ապահովելով երկրի, մշակույթի հանրահռչակումը։



Անդրադառնալով «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքին, Մաթեւոսյանը նկատում է, որ օրենքի վերջնական տարբերակ, որպես այդպիսին, չկա, կան աշխատանքային տարբերակներ եւ որոշակի անհրաժեշտություն՝ ճշգրտելու, ի մի բերելու եւ ունենալու մեկ ընդհանուր վերջնական տարբերակ․ «Ես մի երկու անգամ այդ քննարկումներին մասնակցել եմ, ինչ-որ առաջարկներ ինքս եմ արել, բայց շատ ավելի համակարգված, գրագետ կերպով իմ գործընկեր կինոգործիչներն այդ քննարկումներին կրեատիվ եւ շահագրգիռ կերպով մասնակցել են։ Հիմա թե ինչ հանգուցակետի կհասնենք ու ինչ արդյունք կունենանք, ես չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ առաջարկներ են ներկայացվել, որոնք այդ օրենքն այս սահմանափակ ժամանակի ընթացքում բերել են մեզ համար ընկալելի եւ պոզիտիվ դաշտ, որը կարող է լավ հեռանկարներ տալ կինոյի զարգացման համար»։



Ըստ նրա՝ կենսունակ օրենք ունենալու համար, որը կարողանա կինոարտադրությունը կոլապսից հանել, պետք է բոլոր այդ նկատառումներն ընդունվեն։ Ինչ վերաբերում է ֆրանսիական CNC ազգային կինոկենտրոնի փորձագետներին, ովքեր առաջարկել էին օրինագծի վրա աշխատելու իրենց անվճար ծառայությունները, ապա Մաթեւոսյանը կարծում է, որ դա շատ ողջունելի կլիներ, որովհետեւ ֆրանսիական կողմը մեզ համար շատ ցանկալի փորձագետի կարգավիճակով կարող է հանդես գալ, հատկապես որ մեր օրենսդրությունն զգալիորեն նման է ու նմանակումներ էլ ունի Ֆրանսիայի օրենսդրության հետ։



«Պարոն Պողոսյանի այն խոսքը, որ մենք Եվրիմաժին ենք անդամակցել, եւ իր պահանջը, թե ուր են նկարահանված ֆիլմերը, շատ պարզ պատասխան ունեն՝ ֆիլմերը կնկարահանվեն, եւ ռեալ արդյունք կունենանք այն ժամանակ, երբ անդամակցելուց եւ տարեկան, էական չէ՝ ինչքան անդամավճար գումար տրամադրելուց հետո մենք կարողանանք գրագետ կինոնանախագծեր եւ սխեմաներ առաջարկել մեր պոտենցիալ գործընկերներին։ Եվրոպական կինոարտադրության եւ համաշխարհային ֆիլմարտադրության համակարգ պետք է լինի, իսկ այդ ամեն ինչը նախանշվում եւ իրականացվում է օրենքի շնորհիվ։ Եթե մենք ունենանք տգետ օրենք, որը բազմաթիվ ծակուծուկեր, օրենսդրական բացեր կթողնի, գումարների չտրամաբանված հոսք, մենք դարձյալ կվրիպենք, եւ որեւէ անդամակցություն մեզ էապես չի օգնի։ Մենք կունենանք 1 կամ 2 հաջողված կամ տապալված պրոյեկտներ միջազգային համագործակցության առումով եւ կկորցնենք նույնիսկ Եվրիմաժի պես հաջողակ կառույցին անդամակցելուց մեր ակնկալած դիվիդենտները, այն պարզ պատճառով, որ մեզ հետ կդադարեն համագործակցել եւ համատեղ նախագծեր անել։ Ի վերջո, Եվրիմաժին անդամակցությունը ենթադրում է որոշակի գրագիտություն եւ որոշակի սխեմայի համապատասխանություն։ Հիմա քննարկվում է նաեւ Հայաստանում գործող գերմանական «Ջիայզեթ» կազմակերպության փորձաքննության հնարավորությունը, որն ինձ համար խիստ ողջունելի է։ Առայժմ կարող եմ ասել, որ նախարարության արձագանքը բացասական չէ, եւ դարձյալ ժամկետների խնդիր է, եւ եթե այդ ժամկետները փոխադարձաբար ընդունելի լինեն, դրական վերաբերմունք կլինի»։



Ինչպես իր խոսքում նկատում է Մաթեւոսյանը, օրենքի ընդունման հարցում առկա է նաեւ որոշակի շտապողականություն, որն արդարացված է որոշակիորեն, բայց մյուս կողմից էլ չի կարելի անտեսել օրենքի կենսունակությունը եւ համապատասխանությունը միջազգային պարզ օրենսդրական չափորոշիչներին։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**