Գրապալատը չդարձավ առանձին ստորաբաժանում, ինչպես ասել էր նախարարը

Գրապալատը չդարձավ առանձին ստորաբաժանում, ինչպես ասել էր նախարարը

Փետրվարին, երբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերջնականապես լուծեց Մնջախաղի պետական թատրոնի շենքի հարցը՝ Ազգային գրապալատի զբաղեցրած տարածքը տրամադրելով թատրոնին, իրեն մոտեցած գրապալատի աշխատողներին ասաց, որ պահպանելու են գրապալատի բոլոր գործառույթները, եւ գրապալատը միավորվելու է Ազգային գրադարանին՝ որպես առանձին ստորաբաժանում։



Միաժամանակ խոստանալով, որ գրապալատի աշխատակիցներին մեկ շաբաթ անց նույնկերպ կներկայացնեն իրենց նոր աշխատատեղն Ազգային գրադարանում։



Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն ասում է, որ փետրվարի վերջից, մարտի սկզբից Ազգային գրապալատի աշխատողների մի մասն արդեն անցել է աշխատանքի։ «Ազգային գրադարան են եկել նրանք, ովքեր ցանկություն են հայտնել այստեղ աշխատելու։ 70-ն անց թոշակառուներին մենք պարզապես թոշակի ենք ուղարկել, իսկ այն ակտիվները, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու՝ թվով 34-37 հոգի, եկել ու աշխատում են, մնացածը, օրենքով ընդունված կարգով, իրենց արձակման նպաստն ստացել են»,- ասում է նա ու նշում, որ ընդամենը 7-9 հոգի է, որ չեն ցանկացել կամ, թոշակային տարիքից ելնելով, չեն տեղափոխվել Ազգային գրադարան։



Թե որոշ աշխատողների «չցանկանալն» ինչով է պայմանավորված, արդյո՞ք տարածքի կամ այլ խնդիր ունեն, Զարգարյանն ասաց, որ բոլորն էլ ունեն իրենց աթոռ-սեղանները։



«Գրքերին մենք առանձին վերանորոգված տարածք ենք հատկացրել, որովհետեւ գրքերն անձեռնմխելի գրականություն է, իսկ աշխատողներն ըստ բաժինների են գնացել՝ մատենագետները գնացել են մատենագիտության բաժին, համալրողները համալրումով են զբաղվում, գրապահոցի աշխատողները գրապահոցում են աշխատում»,-ասաց տնօրենն ու ի պատասխան մեր այն հարցին, թե գրապալատը, որպես առանձին ստորաբաժանում, մի տեղում՝ կենտրոնացված չի՞ գործում, նկատեց, որ իրենք չէին էլ կարող մի տեղում կենտրոնացված լինել, քանի որ իրենց նախկին աշխատավայրում էլ բաշխված են եղել տարբեր բաժիններով. «Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մի տեղ նստեցնելն ի՞նչ իմաստ ունի։ Այդ հիմնարկը լուծարվել եւ ձուլվել է Ազգային գրադարանին, ինքն առանձին հիմնարկ չէ, որ առանձին հիմնարկի կարգավիճակ ունենա։ Այդ հիմնարկը փակվել է, եւ նրանք այստեղ դարձել են Ազգային գրադարանի բաժնի աշխատողներ։ «Գրապալատ» հասկացություն արդեն չկա, դա կառավարության որոշումն էր՝ հին կառույցը լուծարվում է եւ գալիս-ձուլվում է նորի մեջ, մենք ընդամենը կառավարության այդ որոշման կատարողն ենք։ Ասեմ նաեւ, որ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ նրանք կրկնում էին նույն գործողությունները, եվրոպական ոչ մի երկրում «գրապալատ» հասկացություն չի եղել, դա տիպիկ սովետական գաղափարի արտադրանք է եղել»։



Գրապալատի ունեցվածքն այժմ Ազգային գրադարանի հավաքածուի մաս է կազմում, ինչպես նշում է տնօրենը՝ այն կազմում է մոտ 140 հազար միավոր, որոնք տուփերի մեջ են, եւ պետք է հիմա ամբողջը վերահաշվառվի, վերագրանցվի. «Համապատասխան աշխատողները դրանք գրանցում են մատյաններում, որովհետեւ լրիվ նոր հավաքածու է դառնում։ Հիմա այդ պրոցեսն է սկսվել, որը տարի-տարիուկես կտեւի»։ Տիգրան Զարգարյանն աշխատողների կողմից դժգոհություններ չի նկատել, ասում է՝ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել, եթե ինչ-որ աշխատանքային հարցեր էլ եղել են՝ լուծվել են։



Գրապալատի աշխատողները, սակայն, մինչ օրս չեն հաշտվում դրա լուծարման փաստի հետ, ավելին՝ կարծում են, որ նախարարությունը խաբեց իրենց։ Գրապալատի արխիվի բաժնի վարիչ Հռիփսիմե Միքայելյանն այն աշխատողներից է, ով, թոշակային տարիքով պայմանավորված, չի տեղափոխվել Ազգային գրադարան։ Նա հիշում է, թե ինչպես մի աշխատանքային օր նախարարը, լրագրողները, դերասանները նվագախմբով մտան իրենց գրապալատ ու ասացին, որ իրենց տարածքը տրվում է Մնջախաղի թատրոնին։



«Դա մեզ համար ոնց որ իսկական թաղում լիներ, աշխատողների կեսը սենյակներում լացում էին, նոր տնօրենը չէր թողնում, որ դուրս գան՝ կռիվ չլինելու համար, բայց մենք մոտեցանք ու խոսեցինք Ամիրյանի հետ, ով մեզ ասաց, որ դուք մնալու եք նույն գրապալատը, բոլորդ կգնաք, ոչ մի փոփոխություն չի լինելու, բայց գնացինք ու տեսանք, որ լավ էլ փոփոխություն կա․ արխիվը տարել էին մի կիսանկուղային տարածք, տեսա՝ լացս եկավ, հիմա նոր-նոր կարծես վերանորոգել են։ Նա մեզ խոստացավ, որ ոչ մի բան չի փոխվելու՝ ում ուզում եք հարցրեք։ Իր ասելով այնպես դուրս եկավ, որ մենք մեր կոլեկտիվով, տնօրենով գրադարանում մի փոքրիկ մաս պետք է կազմենք, եւ գրապալատը մնալու է, բայց գնալուց հետո պարզվեց, որ գրապալատ այլեւս գոյություն չունի, եւ ի՞նչ են արել աշխատողներին՝ ցրել են ամեն մի բաժնի վրա»,- ասում է Հռիփսիմե Միքայելյանն ու հավելում, որ մինչ օրս մեծ ցավ է ապրում, որ 95 տարվա պատմություն ունեցող գրապալատի հետ նման կերպ վարվեցին: «Դա փոքր մատենադարան էր, եւ մենք ի՜նչ ձեւով դա պահեցինք, ու հիմա այն լուծարեցին եւ նվիրեցին Ազգային գրադարանին»,- ասում է նա ու նկատում, որ անգամ Ադրբեջանում գրապալատ կա, բայց մեզ մոտ այն փակեցին։



Գրապալատը լուծարելու խոսակցությունները, ինչպես Հռիփսիմե Միքայելյանն է նշում, դեռ 10 տարի առաջ էլ եղել են, Հանրային գրադարանի տնօրենները միշտ ցանկացել են դա անել, քանի որ այնպիսի ֆոնդ ունեին, որ Ազգայինում չկար. «Բայց մեր տնօրենների պատճառով նրանք չկարողացան, որովհետեւ այդ մարդիկ գիտակից էին, հասկանում էին գործից, եւ նրանց շնորհիվ այդ հիմնարկը պահպանվեց, մինչեւ որ այդ մարդուն՝ Գեւորգ Հարությունյանին, չբերեցին, ով գրքից բացարձակապես տեղյակ չէր եւ Հասմիկ Պողոսյանի օգնականի ամուսինն էր միայն»։



Հռիփսիմե Միքայելյանը բացարձակապես համաձայն չէ այն մտքի հետ, որ 2 կառույցներն էլ կրկնում էին գործողությունները։ «Գործառույթները նույնը չէին, այդ իրենք մեզնից որոշ գործառույթներ վերցրին, գիտե՞ք ինչքան գիտնականներ էին օգտվում մեր հրատարակած գրքերից։ Մեր գրապալատի 100-ամյակն էինք ուզում նշել, այդ ո՞նց եղավ, որ մենք նույն գործառույթներն ենք անում, Ազգային գրադարանն է մեր գործառույթները վերցրել, բայց դե՝ հիմա չի լինի ոչինչ ապացուցել։ Մեզ խաբեցին ու այն էլ ինչ ձեւով խաբեցին։ Մեր միակ վատ բանը շենքի հարցն էր, քանի որ տեղն արդեն փոքր էր, հնարավորություն չկար պահելու, առաստաղից կաթում էին ջրերը, մենք ցելոֆանով փակում էինք»,- պատմում է նա ու նշում, որ իրենք պատրաստ կլինեին, եթե անգամ քաղաքի մի ծայրամասում իրենց տարածք հատկացնեին, այդպես կկարողանային եւ իրենց ֆոնդերը պահպանել, եւ գրապալատը։



«Երբ մեր արխիվը տանում էին, ասացին՝ եկեք տեսեք, թե ոնց են անում։ Դրանից հետո եկել եմ հիմնարկ ու լաց եմ եղել․ 2-րդ հարկից մեծ, հսկայական խողովակով դեպի նկուղային հարկ, որտեղ հատկացրին արխիվի համար, մեր կապած տուփերը գցում էին, որոնք ղռռալով իջնում էին առաջին հարկ ու շրխկ՝ սեղանին։ Այդպես քանի տուփ մեր աչքի առաջ բացվեց, 100-ից ավելի գիրք վնասվեց, ու այլեւս վերականգնել հնարավոր չէ»,-ասում է տիկին Հռիփսիմեն ու նկատում, որ տնօրենն իբրեւ թե պայմանավորվել էր, որ արխիվի բանալիներն իրենց տան, բայց չտվեցին։ Ինչ վերաբերում է իրենց ֆոնդին, ապա դա ոչ թե 140 հազար է, ինչպես նշել է Զարգարյանը, այլ շուրջ մեկուկես մլն., որն այժմ ամբողջությամբ Ազգային գրադարանին է պատկանում։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ