ՌԴ-ից նախանձ կամ չկամություն չի՞ նկատվում

ՌԴ-ից նախանձ կամ չկամություն չի՞ նկատվում

Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող, նույնիսկ աճող լարվածության մասին։ Խոսվում է, որ ռուսական իշխանություններն այնքան էլ տպավորված չեն Նիկոլ Փաշինյան վարչապետով, նրա կատարած հեղափոխությամբ, բռնած դիրքով, անգամ ներքին որոշում ունեն՝ որոշակի սանկցիաներ կիրառել Հայաստանի հանդեպ՝ «պատժելով» Փաշինյանին։ Թեպետ, մյուս կողմից էլ, Պուտինն ու Մեդվեդեւը շնորհավորում են Հայաստանի վարչապետին ծննդյան օրվա առթիվ՝ դրանով թուլացնելով լարվածության վերաբերյալ տպավորությունները։ 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովը, որը, ի դեպ, շատ ավելի գրագետ ու վարժ է խոսում հայերեն, քան շատ հայ պատգամավորներ, հայ-ռուսական հարաբերությունները գնահատում է պատմականորեն եղբայրական։

«Ինչպես ընտանիքի անդամների միջեւ կարող են լինել ե՛ւ երջանիկ պահեր, ե՛ւ լարված պահեր, բայց ամենակարեւորը, որ բոլոր հարցերը լուծվում են կոնստրուկտիվ ճանապարհով։ Կոնկրետ Ձեր այն հարցապնդմանը, որ այս պահին նկատվում է լարվածություն, անկեղծ ասած, չգիտեմ։ Եթե ինչ-որ արգումենտներ գիտեք, կիսվեք, միասին քննարկենք»,- մեզ հետ զրույցում ասաց Սանդիկովը։

- Մինչ արգումենտներին հասնելը, Դուք, օրինակ, երբ շփվում եք Ռուսաստանի Ձեր գործընկերների հետ, ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։

- Ինչ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, արդեն 3-4 անգամ առիթ ունեցել եմ ՌԴ իմ գործընկերների հետ հանդիպումներ ունենալու թե՛ այստեղ, թե՛ ՌԴ տարածքում։ Իհարկե, կա նախնական, այսպես ասած, իրար հետ ծանոթանալու, միասին աշխատանքային մոդել ընտրելու խնդիր, բայց ամենակարեւորն այն է, որ հարաբերությունների վեկտորը միանշանակ պարզ է, որ դա միտված է է՛լ ավելի խորացմանը, է՛լ ավելի զարգացմանն ու է՛լ ավելի կոնստրուկտիվ դարձնելուն։

- Նման արարողակարգային ձեւակերպումներ միշտ էլ հնչել են, որ պետք է ավելի խորացնել, ավելի ընդլայնել եւ այլն։

- Չէի ասի։ Կոնկրետ ես կարող եմ մի քանի գործնական քայլեր ցույց տալ, որ այս պահին արվում է։ Նախեւառաջ, գիտեք, Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ ավագ երկիր, եթե կարելի է այսպես ասել, ինչ վերաբերմունք ունի հատկապես Հայրենական մեծ պատերազմի մեր վետերանների հանդեպ։ Եվ գիտեք, որ հաջորդ տարի նշվելու է Մեծ հայրենականում հաղթանակի 75-ամյակը, եւ ես այս տարվա ընթացքում արդեն նախագծել եմ մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված են լինելու այդ հաղթանակի 75-ամյակին, եւ այնտեղ մենք Հայաստանը դիրքավորելու ենք որպես բարձրտեխնոլոգիական երկիր։ Ես չեմ ուզում այս պահին բացել փակագծերը, թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, այս պահին նախատեսվում է ստորագրել «Սանկտ Պետերբուրգի երիտասարդական տուն» կազմակերպության հետ պայմանագիր, որտեղ ներգրավվելու է ե՛ւ ռուս, ե՛ւ հայ երիտասարդությունը, ե՛ւ այստեղի IT հասարակությունը, եւ միասին թվային պրոդուկտներ են ստեղծելու՝ նվիրված 75-ամյակին։

- Դրանք ավելի շատ մշակութային համագործակցության շրջանակներում են։ Իսկ քաղաքական առումով պատկերը մի փոքր այլ է, օրինակ, ասում են, որ ՌԴ իշխանությունների կողմից արգելք է դրվել, որ այնտեղի հայ գործարարները գումար չփոխանցեն Հայաստան, ներդրում չանեն այստեղ, ինչը նաեւ նկատելի է։

- Ես նման տեղեկության չեմ տիրապետում եւ չեմ կարծում, որ էդպիսի բան կարող է լինել։ Հակառակը, ես՝ ինքս, նկատում եմ, որ այստեղ ռուսական ընկերությունները, եւ դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դումայում, որ այստեղ աշխատող ռուսական ընկերությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն թե՛ ռուսական համայնքին, թե՛ ընդհանրապես Ռուսաստանի իմիջի, հայ-ռուսական հարաբերությունների իմիջի պահպանմանը եւ բարձրացմանը։ Եվ այդ ուղղությամբ կոնկրետ հենց հիմա բանակցություններ են վարում ե՛ւ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, ե՛ւ «Ռուսալ» ընկերության հետ, եւ իրենք պատրաստակամություն են հայտնել թե՛ մշակութային միջոցառումներ հովանավորելով, թե՛ տարբեր կրթական զարգացման ծրագրեր իրականացնելով՝ նպաստել այդ հարաբերությունների զարգացմանը։

- Ի դեպ, «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ այդ քրեական հետապնդումն արդյոք չի՞ խոչընդոտի հայ-ռուսական հարաբերությունների սահուն ընթացքին, որովհետեւ ռուսական կողմից կարծես այնքան էլ դրական աչքով չեն նայում այդ հարցին։

- Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ աչքով է նայում, եթե խոսքն օրենքի խախտումների մասին է, այստեղ սկզբունքը բոլորի մոտ միանշանակ է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե հարաբերությունները եղբայրական են, թե եղբայրական չեն։ Օրենքը գերակա է ցանկացած հարաբերություններից։ Եթե կա օրենքի խախտում, անկախ նրանից՝ ռուս է, հայ է, պարսիկ է, վրացի է, օրենքը խախտողը պետք է պատժվի։ 

- Ռուսաստանում հայ տաքսու վարորդները դժգոհում են, որ հայկական վարորդական իրավունքով իրենց թույլ չեն տալիս տաքսի վարել եւ որպես պատճառ բերում են այն, թե Ռուսաստանը պայման է դրել Հայաստանի առջեւ՝ մինչեւ ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու չընդունվի, թույլ չեն տա հայերին ՌԴ-ում տաքսի վարել։ Դուք այս խնդրին որքանո՞վ եք տեղյակ եւ արդյոք փորձո՞ւմ եք որեւէ բան անել այս ուղղությամբ։

- Այդ խնդրին, իհարկե, ավելի քաջատեղյակ են «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերները, որոնք բարձրացրել են այդ հարցը եւ հետեւողականորեն բոլոր հարթակներից հնչեցնում են։ Իսկ որքանով ես եմ տեղյակ, խոսքը ոչ թե ռուսերենը երկրորդ պետական լեզու ընդունելու մասին է, այլ այն տարբերության մասին, որ, օրինակ, Ղազախստանի վարորդական իրավունքներն ընդունվում են, որովհետեւ ապրիորի ընդունվում է, որ այդ վարորդական իրավունք ստացողն այն երկրից է, որտեղ ռուսերենը նաեւ պետական լեզու է, եւ իրենք ապրիորի տիրապետում են նաեւ ռուսերենին։ Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանում աշխատող մեր շատ հայրենակիցներ ոչ միշտ է, որ տիրապետում են ռուսերենին։ Եվ այստեղ միանգամայն պարզ հանգամանք է․ եթե դու գնում ես որեւէ երկիր աշխատելու, ապա առնվազն պիտի տիրապետես այդ լեզվի մինիմալ մակարդակին։ 

- Ի դեպ, ասում են՝ Ռուսաստանը, նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները, մի տեսակ խանդով են վերաբերվում ՀՀ նոր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին, որ նրան հաջողվեց հեղափոխություն անել, ուստի մի տեսակ անձնական վերաբերմունք կա Փաշինյանի հանդեպ, որ նրա արած հեղափոխությունը կարող է վարակիչ լինել նաեւ իրենց ժողովուրդների համար, ինչը բնավ այդ երկրների ղեկավարների սրտով չէ։

- Ես, օրինակ, խոսել եմ իմ գործընկերների հետ, շատ հաճախ իրենք կատակում են, ասում են՝ կեցցեք դուք, շատ անսպասելի կամ շատ համարձակ քայլ կատարեցիք, եւ մենք՝ ինքներս, բարի նախանձով նայում ենք եւ հետեւում ձեր զարգացումներին։ Նմանատիպ արտահայտություններ, այո, ես լսել եմ եւ ավելի շատ դա ընդունում եմ որպես դրական գնահատական մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, քան ինչ-որ նախանձ կամ չկամություն։