Հրաժարական չի տա, մրցույթի հարցում էլ դեռ չի կողմնորոշվել

Հրաժարական չի տա, մրցույթի հարցում էլ դեռ չի կողմնորոշվել
Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի զբաղեցրած պաշտոնի շուրջ  հետաքրքրությունը ժամանակ առ ժամանակ ուժգնանում է:  Մի քանի օր է՝ շրջանառվում է, որ Արմեն Ամիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ Ամիրյանը Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրեց ապրիլ ամսից, երբ Արմեն Արզումանյանը տեղափոխվեց նախագահական՝ մամուլի խոսնակ աշխատելու, իսկ Սամվել Ֆարմանյանի համար նոր հաստիք ստեղծվեց՝  Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն, կարճ ասած՝ լրատվական դաշտի վերահսկիչ: Սակայն  Ամիրյանի ղեկավարելուց կարճ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որի պատճառը Հանրայինի բյուջեում հայտնաբերված մոտ 5 միլիոն դոլարի պակասորդն է: Սակայն  այս լուրերից հետո Ամիրյանն ու ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը նոր եթերաշրջանի պատրվակով ասուլիս հրավիրեցին ու  հերքեցին ինչպես հրաժարականի, այնպես էլ պակասորդի մասին լուրերը, նույնիսկ Ալիկ Հարությունյանը մեզ հետ  զրույցում ասաց, որ ինքը քաջ գիտի, թե որ կենտրոններում են այդ տեղեկատվությունը պատրաստում ու դնում շրջանառության մեջ:



Իսկ Ամիրյանի  կարճատեւ բացակայությունը բացատրեցին առողջական խնդիրներով: Արմեն Ամիրյանը, սակայն, շարունակեց  ժամանակավորապես ղեկավարել, այդ ընթացքում իրենց գործունեությունը չդադարեցրին նաեւ Ալիկ Հարությունյանի իմացած "կենտրոնները", որոնք դարձյալ "պատրաստեցին ու շրջանառության մեջ դրեցին" Հ1-ին վերաբերող հերթական լուրը՝ Ամիրյանի նոր հրաժարականի մասին: Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը, փորձեցինք ճշտել Ա. Ամիրյանից: "Հ1-ում ես ժամանակավոր պաշտոնակատար եմ, դեռ մրցույթ պիտի լինի, հրաժարվել-չհրաժարվելով չի, ես դեռ չեմ նշանակվել, որ հրաժարական ներկայացնեմ: Ներկայի Հ1-ի իմ գործառույթները ոչ մի հրաժարականի դիմումի հետ կապ չունեն, ես ընդամենը ժամանակավոր եմ",-ասաց Ամիրյանը:



Իսկ թե երբ է հայտարարվելու երկար սպասված մրցույթը, դժվարացավ ժամկետներ նշել, միայն փոխանցեց, որ Հանրային ռադիոխորհուրդը պետք է այն նշանակի: Մեր այն հարցին, թե ինչու են ժամանակ առ ժամանակ շրջանառվում Հ1-ից կոնկրետ հենց Ամիրյանի հրաժարականի լուրերը, այդ խոսակցությունները նա պայմանավորեց իրադարձությունների պակասով: Թեեւ մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է Հայաստանի առաջին հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն դեռ չի կողմնորոշվել իր թեկնածությունն առաջադրելու հարցում. "Կմտածեմ, դեռ չեմ որոշել, մրցույթը որ լինի, կմտածենք այն ժամանակ: Առայժմ տնօրենի գործառույթները ես իրականացնում եմ": Հարցրինք՝ հաճույքո՞վ է իրականացնում, դո՞ւր է գալիս այդ պաշտոնը, պատասխանեց, թե  գործն է շատ:



Երբ հետաքրքրվեցինք, թե այժմ առողջական խնդիրները չե՞ն խանգարում  արդյոք ծանր գործը ղեկավարելուն, ասաց. "Դեռ շարունակվում են առողջական խնդիրները": Ի դեպ, հրաժարականին զուգահեռ, շրջանառվում են նաեւ Ամիրյանի տեղի այլ թեկնածուների անուններ, որոնք են  Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գեւորգ Գեւորգյանն  ու Սամվել Ֆարմանյանը, ինչի մասին Ամիրյանն "առաջին անգամ" մեզնից լսեց: "Երեւի ենթադրություններ են",-ենթադրեց նա: