Նախարարի ուշացած այցը Լոռի

Նախարարի ուշացած այցը Լոռի
Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ խոսվեց Լոռու մարզում, մասնավորապես Վահագնիում եւ Եղեգնուտում կատարվող ապօրինի անտառահատումների մասին: Վերջապես սեպտեմբերի 29-ին, խնդրին ծանոթանալու նպատակով, Լոռու մարզ ժամանեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի աշխատասենյակում տեղի էր ունենում փակ խորհրդակցություն, որին ներկա էին նաեւ մարզի դատախազը, ոստիկանապետը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:



Ավելի ուշ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրվեց եւս մեկ խորհրդակցություն՝ այս անգամ ավելի ընդլայնված կազմով: Ներկա էին Անտառների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը, անտառտնտեսությունների տնօրեններ, ներկայացուցիչներ բնապահպանության տեսչությունից: Գյուղնախարարի պնդմամբ՝ այս խնդիրն առկա է գրեթե բոլոր մարզերում, լուրջ աշխատանքներ են տարել ապօրինի հատումների դեմ, սակայն եթե չլինեին լրագրողների բացահայտումներն ու բարձրացրած աղմուկը, հնարավոր է, որ ծառահատումները մինչ օրս էլ շարունակվեին:



Իսկ Գուգարքի անտառտնտեսության 2 անտառպետություններում հայտնաբերված ապօրինի հատումների նյութերն ուղարկվել են դատախազություն, որը պետք է պարզի, թե տեխնիկան ում օգնությամբ է բարձրացել անտառ եւ ովքեր են պատվիրատուները: Նախարարի պնդմամբ՝ հիմնական խնդիրը սոցիալականն է, գազի սակագների բարձրացումը, ինչի արդյունքում նույնիսկ գազիֆիկացված համայնքները վառելափայտ են օգտագործում: Նաեւ՝ «անտառապահին տալիս ենք հազար հեկտար անտառ ու ասում ենք՝ պահպանի 40 հազար դրամով»: Իսկ անտառապահը ոչ զենք ունի, ոչ հագուստ, ոչ էլ մի «քոսոտ ձի»:



Անտառապետերը, որ իրենք էլ են այդ գյուղի բնակիչ, հաճախ իրենց համագյուղացիների վրա ակտեր չեն գրում: «Ինչ է նշանակում՝ 20 օր տրակտորն աշխատում ա անօրինաբար անտառում, ու ոչ մեկս չգիտենք, էսա քննությունը կպարզի, որ դա էլ է ինչ-որ մեկի հանձնարարականը եղել»,- նախարարի վերջին միտքը կարծես թե դուր չեկավ մարզպետին, որն էլ հարցրեց ներկաներին, թե կարո՞ղ է ինչ-որ մեկն իրենց պատվեր է տալիս կամ ճնշում է, կամ կա մի խանգարող հանգամանք, որը չի թողնում աշխատել օրինական դաշտում: Ներկաներն իհարկե ժխտեցին:



Մարզպետ Արամ Քոչարյանը խորհուրդ տվեց չմոռանալ, որ «միայն գյուղացին չի, որ փայտը տանում է, ով չգիտի, որ էդ մեքենաները, որ բարձած տանում են, մենակ գյուղացունը չի»: Բայց նախարարը զարմացավ՝ չի կարող պատահել, որ մարզային իշխանություններն անտեղյակ լինեն, թե ով է փայտի բիզնեսով զբաղվում. «Ի՞նչ ա նշանակում՝ մեքենան բարձած գնում ա, բայց հստակ չգիտենք՝ գողացված է, թե ոչ»:



Վերջում անտառապետերը համարձակություն գտան ու մի քանի առաջարկություն արեցին նախարարին: «Երբ գյուղացին գալիս ու խնդրում է, որ իրեն թույլ տանք մտնի անտառ ու փտած փայտը հավաքի, համ մեզ է օգուտ, համ էլ իրեն»,-ասաց Դսեղի անտառապետն ու ավելացրեց. «Շատ վիրավորական ու ամոթ է, որ էդ փտած ջախ-ջուխի վրա գումար է դրված»: Այդ թափուկ կոչվածն (փտած, չորացած ծառի կտորներ) արժե 1200 դրամ: Իսկ այն անգամ հրդեհի վտանգ է պարունակում եւ տարբեր հիվանդությունների տարածման օջախ կարող է հանդիսանալ:



Գուգարքի անտառտնտեսության պետը գտնում է, որ սա նաեւ պետության հեղինակության վրա է ազդում, քանի որ դուրս է գալիս՝ «փետը թող փտի, բայց գյուղացուն ձրի չտաք»: Պարզվեց, որ այս հարցը՝ որպես պետական կարեւորության, 2 անգամ քննարկվել է կառավարությունում, հիմա էլ գտնվում է ֆինանսների նախարարությունում: Մտածում են, թե կարո՞ղ է բյուջեն մեծ վնասներ կրի, եթե թափուկը ձրի տան գյուղացուն:



Էդուարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ