Բարեփոխումները` սոսկ գեղեցիկ խոսքեր

Բարեփոխումները` սոսկ գեղեցիկ խոսքեր
ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը երեկ կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի գովազդն էին անում: ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, որ նախկինում ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ է եղել, նրանց ընդդիմախոսում էր: «Նպատակն է, որ այսօր քաղաքացիների եկամուտներից գանձենք 5 տոկոս գումար, պետությունն իր աջակցությունը ցույց տա, եւ մենք կարողանանք այդ գումարները կառավարման ճանապարհով, սկսած 40 տարեկանից, ապահովել պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչ:



Պետական կենսաթոշակի այն մասը, որը մենք այսօր ստանալու ենք, դա մնալու է իր ամբողջ ժամանակահատվածում: Սա կլինի համար առաջին կենսաթոշակը, երկրորդը կլինի պարտադիրը, երրորդը կլինի կամավոր կուտակայինը»,-բարեփոխումների էությունը բացատրեց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ դրանց նպատակը քաղաքացուն արժանապատիվ կենսաթոշակով ապահովելն է: Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ նախատեսվող բարեփոխումներով կենսաթոշակները կապահովեն նվազագույն սպառողական զամբյուղը, բայց դա, իհարկե, միանգամից չի լինի:



Գործող համակարգից կուտակային համակարգի անցումը Բագրատ Ասատրյանն օրախնդիր է համարում, ավելին՝ կարծում է, որ դա նույնիսկ ուշացած քայլ է, եւ որքան իշխանությունն այն ձգձգի, այնքան ավելի է դժվարանալու համակարգի ներդրումը: Բագրատ Ասատրյանը համոզված է, որ գործող ռեժիմի պայմաններում համակարգը կյանքի չի կոչվելու: «Ես չեմ հավատում, որ այսօրվա իշխանությունները կարող են ինչ-որ բան անել: Նրանք չունեն վճռականություն բարեփոխումները մինչեւ վերջ տանելու համար: Ներկայացվածը գեղեցիկ խոսքեր են, որի տակ թաքնված է իշխանությունների ցանկությունների եւ կարողությունների բացակայությունը»,-ասաց ԿԲ նախկին նախագահը՝ վկայակոչելով այն փաստը, որ շուրջ տասը տարի է՝ խոսվում է այդ մասին, բայց հստակ ոչինչ չի արվում:



Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, այնուհետ կասեցվեց, իսկ 2011-ին միայն կամավոր կուտակային համակարգի ներդրում է նախատեսվում: Պարտադիրը հետաձգվում է մինչեւ 2014 թվականը: Բագրատ Ասատրյանը նաեւ հավելեց, որ ժողովրդագրական առումով Հայաստանը մոտենում է մի սահմանի, երբ կտրուկ նվազում է աշխատունակների եւ աճում  կենսաթոշակառուների թիվը: Այս պայմաններում բարեփոխումներն օր անգամ հետաձգելը, նրա խոսքով, կարող է ճակատագրական լինել:



Բարեփոխումները հետաձգելու Բագրատ Ասատրյանի դիտարկմանը Հակոբ Հակոբյանը պատասխանեց, թե դա արվել է ռիսկերը գնահատելու եւ «այդ անշրջելի ճանապարհի խորդուբորդությունները» հարթելու համար, իսկ Արտեմ Ասատրյանն ասվածին հավելեց, որ հզոր ենթակառուցվածքների ապահովման խնդիր էլ է լուծվում: Հակոբ Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ հերթական քառօրյային՝ մինչեւ տարեվերջ ընդունելու ակնկալիքով: