Թե ինչպես երկու ժամում խայտառակվեց ադրբեջանական քարոզչամեքենան (ֆոտոշարք, վիդեո)

Թե ինչպես երկու ժամում խայտառակվեց ադրբեջանական քարոզչամեքենան (ֆոտոշարք, վիդեո)

2010 թվականի աշնանը տեղեկատվական միջավայրում հայտնվեց մի նոր կայք՝ Armenianreport հնչեղ անվանմամբ, որն «ընդդիմադիր եւ վերլուծական» թերթ կոչվելու հավակնություններ ուներ։ Հայկական ազգանուններով, բայց տեղեկատվական վերլուծության եւ լրագրության ասպարեզներում իրենց երբեք չդրսեւորած անհայտ թղթակիցների «մերկացնող» նյութերի առատությունն ակնածալից հիացմունք առաջացրեց։



Հաշվի առնելով այն, որ կայքն հանդես է գալիս որպես «Եվրասիայի քաղաքական  եւ տնտեսական գործընթացների ուսումնասիրման կենտրոն» (Վիենա, Ավստրիա) © 2010, ապա ենթադրվում է որոշակի շփում Սփյուռքի կազմակերպությունների  եւ Հայաստանի հետ, ինչը չի եղել եւ չկա մինչեւ օրս։ Նշված «Կենտրոնի» աշխատակիցները հայտնվել են ոչ մի տեղից  եւ հենց այդ «ոչ մի տեղում» ցուցաբերում են ոչ սովորական կեղծ իրազեկություն հայկական գործերին։



Ծայրահեղ դեպքում սփյուռքի ակտիվիստները, որոնք Հայաստանի հետ սերտ համագործակցության մեջ են, ծանոթ են Հայաստանի արդի իրականությանը եւ ընդունակ են գրել եւ վերլուծություններ կատարել այդ թեմաներով, երբեւէ ականջի ծայրով անգամ չեն լսել Հրաչ Ալեքսանյանի, Արամ Բաղդասարովի, Մհեր Հարությունյանի եւ այլոց մասին, որոնք գրում են չափից դուրս ծանոթ ձեռագրով, չափից դուրս ծանոթ թեմաներով, օգտագործում են պարզապես սարսափելի ծանոթ տերմիններ եւ շարադասություններ։



Հատկանշական է նաեւ, որ բոլոր «վերլուծական» բնույթի նյութերը մատուցվում են հղումներով ինչ-որ անանուն աղբյուրների եւ այս կամ այլ միջազգային կառույցների գոյություն չունեցող զեկույցների:



Եւ ահա մի խումբ հայեր, որոնց ջանքերով իր գոյությունն է պահպանում ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներն ու ապատեղեկատվությունը բացահայտելու մեջ մասնագիտացած http://misinformative.info կայքը, մի օր որոշեց ընդամենը մի փոքրիկ տեխնիկական ուսումնասիրություն իրականացնել` պարզելու համար այս «հայկական» ռեսուրսի ծագումնաբանությունը: Եւ ահա թե ինչ ստացվեց: Ներքոբերյալ տերմինները կամ պատկերները կարող են ոմանց համար անհասկանալի լինել, սակայն դրանց ներկայացումն անհրաժեշտություն է` տեղեկությունների իսկությունն ապացուցելու համար:



Եւ այսպես.



Սա Armeniareport.com կայքն է:





Ստանանք նրա մասին սկզբնական տեղեկություն` օգտվելով Whois Search համակարգից:







Սրանից կարելի է հանգել հետեւյալին



ա/ Սեփականատիրոջ անունը թաքցված է

բ/ Կայքը 10 անգամ փոխել է սերվերը

գ/ 11 անգամ փոխել է IP-ն

դ/ Երեք անգամ փոխել է սեփականատիրոջը (դոմենի անունը գրանցվել է երեք տարբեր գրանցողների կողմից, հետեւաբար` նույնքան անգամ փոխել է սեփականատերերին)

ե/ Կայքը գտնվում է հատկացված սերվերի վրա:



Հիմա ստուգենք հատկացված սերվերի մասին տեղեկությունը:







Ստուգում ենք ստացված IP հասցեն եւ ընկնում ենք նույն կայքի վրա, այսինքն հաստատվում է հատկացված սերվերի մասին տեղեկությունը:







Հիմա ստուգում ենք reverse dns-ը (սա պրովայդերի կողմից IP հասցեին տրվող dns-ն է):







Reverse dns-ի հղումն է http://li193-202.members.linode.com/auth եւ այն մեզ բերում է ուղիղ armenianreport.com կայքի ադմինիստրատիվ մուտքի մոտ:







Այ հիմա սկսվում է ամենահետաքրքիրը: Հայտնի է, որ եթե կայքի համապատասխան գործառույթներն անջատված չեն, ապա կայքը թողնում ե cookies ֆայլեր: Ով տեղյակ չէ, տեղեկացնենք, որ cookies ֆայլերը տվյալների փոքրի կտորներ են` ստեղծված վեբ-սերվերների կողմից, եւ պահպանվում են համակարգչի վրա ֆայլերի տեսքով` պահպանելով նաեւ կայքի մասին որոշակի տեղեկատվություն: Cookies-ի ֆորմատը եւ անունը որոշում է կայքի ծրագրավորողը: Եւ ի՞նչ եք կարծում, ինչ անուն ունի armenianreport.com «հայկական» կայքի cookies-ը: Ոչ ավել, ոչ պակաս` ­_newsaz_session.







Մնում է միայն ենթադրել, թե «հայկական» կայքի «հայ» ծրագրավորողի ինչին էր պետք cookies-ն անվանել ­_newsaz_session, մանավանդ, ինչպես պարզվում է, լրիվ իդենտիկ անունով cookies է օգտագործում նաեւ www.news.az ամենեւին ոչ հայկական կայքը: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ armenianreport.com եւ news.az կայքերը ստեղծվել են միեւնույն մարդու, միեւնույն ծրագրավորողի կողմից:







Գուցե մարդիկ գտնվեն, որոնք ասեն, թե` իսկ գուցե ընդհակառա՞կն է: Իսկ գուցե հայերը հատուկ են այդ ամենը կազմակերպել, այդպիսի անուն դրել cookies-ին, երկու կայքերն էլ իրենք են պատրաստել, ու հիմա վարկաբեկում են ադրբեջանական քարոզչամեքենան: Այս փոքրիկ կասկածը վերացնելու համար էլ` ապացույց այն մասին, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նույնպես օգտագործում է նույնանուն cookies:







Դե եթե նույնիսկ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն է հայերի վերահսկողության տակ, ուրեմն ողբամ զքեզ, ադրբեջանական քարոզչամեքենա: Չնայած նման խայտառակ բացահայտումից հետո այսպես թե այնպես` ողբամ…



«Այսպիսով, բավական էր 2 ժամ ծախսել՝ կես տարվա աշխատանքը, մի քանի հազար դոլլար գումարն ու սեփական հնարամտության ու «հայկականության» մեջ ոչ մի բանով չհիմնավորված վստահությունը ի չիք դարձնելու համար,- misinformative.info կայքում գրում են այս ուսումնասիրության հեղինակները,- Տարօրինակ պահվածք է, չէ՞, հայերին կեղծիքների մեջ մեղադրողների  եւ արդարություն ու պատիվ պահանջողների համար։ Թեկուզ ադրբեջանական քարոզչամեքենան ավելի մեծ կեղծիքների հեղինակ է, որոնց բացահայտումը, սակայն, ոչ միայն չի սթափեցրել  եւ խելքի բերել վերջիններիս, այլ եւ, ընդհակառակը, ոգեշնչել է առավել անմիտ կեղծարարությունների։ Այսպիսով, հաջողություն մաղթենք ադրբեջանական քարոզչամեքենային նմանակման, կեղծարարության  եւ անտաղանդ կադրային քաղաքականության ասպարեզներում»։