Կարմիր քարտ իշխանություններին

Կարմիր քարտ իշխանություններին
Երեկ Մատենադարանի հարթակում կրկին Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն էր: «Մեծ հանրահավաքը» սպասված էր այն առումով, որ նախորդ երկու հանրահավաքների ժամանակ Կարապետյանը, մեղմ ասած, լավ գովազդել էր այս մեկը:



Այս հանրահավաքը նշանավորվում էր նաեւ նրանով, որ եթե իշխանությունները չկատարեին փետրվարի 19-ին նախագահական նստավայր ուղարկված «հռչակագրի» պահանջները, ապա երեկ՝ փետրվարի 28-ին, Տիգրան Կարապետյանն իշխանություններին պետք է «կարմիր քարտ» ցույց տար եւ «ժողովրդին կոչ աներ անվստահություն հայտնել գործող իշխանություններին ու գնալ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների»: Չնայած հանրահավաքի մասնակիցները սպասումով եւ ինչ-որ փոփոխության ակնկալիքով էին եկել, սակայն այդպես էլ ոչ մի էական բան տեղի չունեցավ: Ճիշտ է, Կարապետիչը «կարմիր քարտ» ցույց տվեց իշխանություններին, սակայն իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների մասին խոսք չեղավ: «Եկեք այսօր կարմիր քարտ ցույց տանք իրենց»,- հորդորեց Կարապետյանը, ինչին ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցները բարձրացրեցին նախօրոք իրենց բաժանված կարմիր քարտերը, որոնց դարձերեսին տերունական աղոթքն էր՝ «Հայր մերը»:



«Մենք կարմիր քարտ ենք ցույց տալիս այս իշխանություններին եւ իրենց վարած քաղաքականությանը»,-ասաց Կարապետյանը եւ հավելեց, որ հաջորդ հանրահավաքին՝ մարտի 21-ին, իրենք արդեն կպահանջեն ոչ թե արտահերթ ընտրություններ, այլ իշխանությունների հեռանալը: Նա այս անգամ հանրահավաքը վարելու մենաշնորհը զիջեց իր մամուլի քարտուղարին, ով բավական բոցաշունչ ելույթներ ունեցավ եւ որակումներ տվեց իշխանությանն ու «իրենց դեմ ծառացողներին»: Այս հանրահավաքին Կարապետյանը մի նպատակ էր դրել՝ ինչքան հնարավոր է, շատ մարդ հավաքել եւ սպասել «կրիտիկական պահին»: Իսկ թե ինչ կլինի այդ պահին, այդպես էլ պարզ չդարձավ: Որեւէ կոնկրետ ծրագիր եւ գաղափար չառաջարկվեց: Նույնիսկ ներկաները կողմնորոշված չէին: Մեկը, չգիտես ինչու, գոռում էր «միացում», մյուսը՝ «հաղթանակ», մեկ ուրիշը՝ «ամոթ»: Նույնքան անհասկանալի էին հանրահավաքի պաստառները:



Մեկն իր ձեռքով պատրաստած փայտե խաչն էր բռնել, մյուսը՝ անհասկանալի մակագրությամբ պաստառ, մի տատիկ էլ կարմիր սրտիկ-փուչիկ էր թափահարում: Կարապետյանը, ողջունելով իր համակիրներին եւ հավանաբար չգոհանալով ներկաների թվից, «ամոթ» ասաց իշխանություններին՝ ճանապարհները փակելու համար, նշեց, որ փակ են Երեւան եկող բոլոր մարզային ճանապարհները: «Ամոթ այն ժողովրդավարությանը, որը մեզ հրամցնում են, բայց որը գոյություն չունի, կա միայն բիրտ ուժ»,- հայտարարեց նա: Այս հանրահավաքի միակ «անակնկալը», թերեւս, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի ու Տիգրան Խզմալյանի մասնակցությունն էր: Սեֆիլյանը մեզ ասաց, որ իրենք եկել են ժողովրդի համար, եւ կուսակցության առաջնորդներն իրենց քիչ են հուզում, քանի որ համոզված են, որ ժողովրդին այս վիճակից հանողը կուսակցությունները չեն, այլ համախմբված ժողովրդի պայքարը: Տիգրան Խզմալյանն իր ելույթում կոչ արեց հավաքվածներին թույլ չտալ Հուդայի նման 30 արծաթով վաճառել իրենց երեխաների ապագան:



Ըստ Խզմալյանի, այսօր ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել հնարավոր չէ, քանի որ «ընտրությունները մեր երկրում վաղուց արդեն դարձել են մի խաղասրահ՝ կազինո, եւ հայտնի է, որ կազինոյում հաղթել հնարավոր չէ»,-ասաց Խզմալյանը եւ հավելեց, որ հայ ժողովուրդը ներկայումս երեք «ա»-ով սկսվող խնդիր ունի՝ ազատություն, արժանապատվություն եւ արդարություն, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդի միասնականությունը: Հանրահավաքին ներկա «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն էլ առաջարկեց քննարկել եւ որոշել մեկ օր, որը կլինի «քաղաքացիների ժողովի օր», որտեղ կքննարկվեն երկրի համար կարեւորագույն որոշումներ: «1 օրում հնարավոր է իշխանությունը հանձնել ժողովրդին: Այդ օրը կորոշեն այն ազնիվ մարդիկ, որոնք մտահոգ են ժողովրդի ճակատագրով: Ու այդ օրը կլինի հայ ժողովրդի քաղաքացիների ժողովի օրը: Այս երկրի տերը կամ ժողովուրդն է, կամ շունը»,-եզրափակեց Մանուչարյանը: Թեեւ Կարապետյանը հանրահավաքի յուղոտ պատառը՝ իր ելույթը թողել էր վերջում, եւ ծերակույտը սրտատրոփ սպասում էր «առաջնորդի» խոսքին, սակայն նա որեւէ արժանահիշատակ բան չասաց:



Միայն թվարկեց հետագա միջոցառումների օրակարգը եւ հորդորեց, որ եթե հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրն իր հետ 10 հոգի բերի, իրենք կանեն այն, ինչ ուզում են: Տիգրան Կարապետյանը բոլորին այսօր, ժամը 16:30-ին մոմերով եւ խաչերով հրավիրեց Մյասնիկյանի արձանի մոտ՝ «չարը խափանելու», այսինքն մոմավառության: