Մեդվեդեւի ազդեցությա՞մբ

Մեդվեդեւի ազդեցությա՞մբ
«Ընդհանուր առմամբ՝ խոսելով այս հանդիպման մասին, պետք է նշել, որ այն որոշ չափով տարբերվում էր 1.5 տարի բանակցությունների ընթացքում Հայաստանի ընդունած դիրքորոշումից»,- Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման արդյունքներն է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:



Նա նշել է, որ Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշումը», թեեւ փոքր չափով, այնուամենայնիվ, ակնհայտորեն փոխվել է: «Դա կարելի է դրական գնահատել»,- ադրբեջանական «Trend» գործակալությանն ասել է Մամեդովը եւ ավելացրել. «Կարծում եմ՝ այս ընթացքում Հայաստանի իշխանությունները տեսան, որ եթե այսպես շարունակվի՝ նրանց որդեգրած դիրքորոշումը հաջողությամբ չի պսակվի եւ կշրջի իրենց ծրագրերը, քանի որ ադրբեջանական կողմը ցուցադրում է ծայրահեղ արդարացի, կառուցողական դիրքորոշում եւ փորձում կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով»:  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարը չի բացառել, որ այդ փոփոխության վրա հնարավոր է ազդեցություն ունեցած լինի Ռուսաստանի նախագահի ակտիվությունը: «Ենթադրում եմ, որ 1.5 տարիների ընթացքում ՌԴ նախագահի անձնական մասնակցությամբ կազմակերպված մի քանի հանդիպումներն ինքնըստինքյան կարեւոր գործոն են համարվում: Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող նման մեծ պետության նախագահը սերտ կապեր է պահպանում եւ այդքան հանդիպումներ է անցկացնում երկու պետությունների նախագահների հետ ու արդյունքի չի հասնում, դա կարող է ինչ-որ բան նշանակել: Կարծում եմ՝ դա էլ է նշանակություն ունեցել, այդ պատճառով էլ ես որոշակիորեն առանձնացնում եմ այս հանդիպումը»,- ասել է Նովրուզ Մամեդովը՝ ակնարկելով, թե Մեդվեդեւը կարող է դժգոհ լինել, որ իր հովանու ներքո անցկացրած հանդիպումներն անարդյունք են անցնում, եւ որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ զիջումների գնալու հարցում, որպեսզի բարձր պահի իր հեղինակությունը:



Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների մեկնաբանություններին՝ Նովրուզ Մամեդովն ասել է, թե հայտարարության մեջ չկա եւ չի կարող լինել խաղաղության երաշխիքի վերաբերյալ պարտավորություն Ադրբեջանի նկատմամբ: «Խաղաղության երաշխիքը հնարավոր է միայն մեր հողերի լիարժեք ազատագրումից հետո: Կարծում եմ, որ այսպիսի կատեգորիկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը»,- նշել է նախագահի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի ղեկավարը: Մամեդովն ընդգծել է, որ հետագա կառուցողական բանակցությունների անցկացումը կրկին Հայաստանի դիրքորոշումից է կախված: