Կաստրացիա ընդդեմ սեռական մոլագարության

Կաստրացիա ընդդեմ սեռական մոլագարության
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ կառավարությանն առաջարկեց ավելի խիստ քրեական պատիժներ սահմանել մանկապղծության համար, քանի որ, ըստ վիճակագրության, 2000-2010 թթ. արձանագրվել է այդպիսի 100 դեպք: «Սա միայն այսբերգի գագաթն է»,-հայտարարեց Դալլաքյանը, նկատի ունենալով, որ մանապղծության զոհ դարձած երեխաների ծնողներն ավելի հաճախ գերադասում են չդիմել իրավապահ մարմիններ, խուսափելով ավելի մեծ աղմուկից: Իսկ գործող օրենսդրությունն այնքան մեղմ է, որ նույնիսկ եթե դիմում են իրավապահ մարմիններ, ապա սեռական մոլագարները կարող են ազատվել ընդամենը 100 հազար դրամ տուգանք վճարելով:



Դալլաքյանն առաջարկում է մանկապղծության դեմ պայքարի արմատական միջոցառում կիրառել. մանկապիղծներին կաստրացիայի ենթարկել (ամորձատել): Արդեն շրջանառության մեջ է գտնվում «Քիմիական եղանակով ստերիլիզացիայի (կաստրացիայի) մասին» օրենքի նախագիծը: Դալլաքյանն իր ահասարսուռ առաջարկը հիմնավորում է այլ երկրների դրական փորձով: Նման օրենսդրություն գործում է Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում: Իսկ Լեհաստանում 2010թ. նմանատիպ օրենքի նախագիծ խորհրդարան է ներկայացրել երկրի կառավարությունը: Ըստ Դալլաքյանի՝ Ֆրանսիայում նման օրենսդրության ընդունումից հետո մանկապղծության դեպքերը պակասել են 84 տոկոսով:



Մինչդեռ ՀՀ կառավարությունը, մասնավորապես արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը համաձայն չէ նման մոտեցմանը եւ կարծում է, որ օրենսդրության խստացման պարագայում հանցագործությունները կարող են ավելի դաժան դառնալ, բռնաբարություններն ուղեկցվել սպանություններով: Թովմասյանը բացատրում է, որ սեռական հանցագործությունների տարածման համար պատասխանատու են հեռուստաընկերությունները, որոնք լեցուն են ցածրաճաշակ արտադրանքով, ինչի արդյունքը բնազդային հասարակության ձեւավորումն է:



Հնարավոր է, որ Հայաստանի օրենսդրությունը սեռական մոլագարների համար մեղմ պատիժներ է սահմանում, եւ մոլագարը, մտածելով, որ իր կատարած հանցագործության համար ինքը 100 հազար է տուգանվելու, իրեն ավելի ազատ է զգում, իսկ եթե գիտակցի, որ բացահայտվելու դեպքում ինքը կարող է ստերիլիզացիայի ենթարկվել, կկարողանա զսպել իր հակումները: Բայց միայն օրենսդրության փոփոխությամբ դժվար թե հնարավոր լինի դրական արդյունքի հասնել: Օրինակ՝ հնարավոր չէ պատկերացնել, որ Ֆրանսիայում կամ Վիկտոր Դալլաքյանի հիշատակած որեւէ երկրում մանկապղծության զոհերի ծնողները հայտարարեն, որ իրենք շնորհակալ եւ երախտապարտ են իրենց երեխաներին սեռական շահագործման ենթարկած անձին, քանի որ նա մշտապես օգնել է իրենց: Ինչ օրենսդրություն ուզում ես փոխի, եթե մարդիկ հայտնվել են այնպիսի վիճակում, որ պատրաստ են համապատասխան վճարի դիմաց մեծարել իրենց եւ իրենց երեխաներին անարգողներին, վիճակը հաստատ չի փոխվի:



Մեր երկրի անկախ ու անկաշառ դատարանը ցանկացած օրենսդրության պարագայում մի հնարամիտ ելք կգտնի մոլագարին ու մանկապիղծին արդարացնելու համար, մանավանդ որ հասարակությունը նրան ճանաչում է որպես բարերար ու բարեգործ: Էլ չենք խոսում, որ ստերիլիզացիայի մասին դրույթը կարող է օգտագործվել այլ առիթներով եւ ամենեւին էլ ոչ սեռական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Քանի դեռ Հայաստանում չկա անկախ եւ հասարակական վստահություն վայելող դատարան, նման նախաձեռնությունները կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ:



Ավետիս Բաբաջանյան