Խնայիր ու պահպանիր

Խնայիր ու պահպանիր
Ինչո՞ւ են մարդիկ այդքան դաժան ու անխնա իրենց շրջապատի, այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում են: Ինչո՞ւ են թքում գետնին, կոտրում նստարանները, փչացնում հասարակական գույքը, աղբը թափում հենց փողոցի մեջտեղում: Մանկավարժները կասեին՝ դաստիարակության պակասից է: Հոգեբանները կասեին՝ ագրեսիայի կուտակումն է պատճառը, սիրո պակասը: Հասարակական գործիչները կնշեին աղքատությունն ու սոցիալական կարիքը, որը մարդկանց անողոք է դարձնում հասարակական բարիքների նկատմամբ, անտարբեր իր երկրի ու քաղաքի հանդեպ: Հայատյացները կշեշտեին, որ ազգիս բացասական որակներն են պատճառը՝ «ազգ չենք, էլի»:



 



Հայասերները կասեին՝ բոլոր ազգերի մեջ էլ դա կա, պետք չէ մեզ ստորադասել մյուս ազգերից: Բայց մի բան պարզ է, որ սեփական շրջապատը խնամելու, հասարակական արժեքների նկատմամբ խնայողական ու զգույշ վերաբերմունքը մարդու մեջ պետք է դաստիարակել մանկուց: Երեխային չի կարելի ասել՝ խնայիր ու պահպանիր քեզ ու քո ընտանիքին պատկանող գույքը, բայց թքած ունեցիր պետական ու հասարակական ունեցվածքի վրա: Փչացրու, գռփիր, կեղտոտիր քո քաղաքն ու երկիրը: Նա փոքրուց պետք է իմանա, որ մարդու ստեղծած ցանկացած արժեք պետք է պահպանվի:



 



Չի կարելի տարբերություն դնել քո կողմից ստեղծված արժեքների եւ հասարակության կողմից ստեղծվածի միջեւ: Եվ հասարակական գույքը ոչնչացնելը ոչ միայն վատ բան է՝ վատ դաստիարակության եւ ցածր կուլտուրայի նշան, այլեւ կարող է վատ հետեւանքներ ունենալ քեզ համար: Դու կարող ես պատժվել՝ այնպես, ինչպես պատժվում են մարդու կյանքի եւ սեփականության նկատմամբ ոտնձգություն կատարողները: Քեզ կարող են չհարգել՝ այնպես, ինչպես չեն հարգում պորտաբույծներին, կյանքում ոչնչի չհասած մարդկանց: Նաեւ քեզ կարող են պարտադրել, որ վերացնես քո արածի հետեւանքները: