Ամեն ինչ կամ ոչինչ

Ամեն ինչ կամ ոչինչ
Ավելի ու ավելի են հաստատվում այն կանխատեսումները, որ մեզ սպասվում են անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատխուր նախագահական ընտրությունները: Եթե թեկնածուների ցանկը սահմանափակվի Սերժ Սարգսյանով ու մի քանի «էպոսագետներով», կարելի է վստահաբար եզրակացնել, որ նախ՝ մեզանում ոչ միայն իսպառ ոչնչացվել է ընտրական համակարգը, այլեւ հասարակությունն էլ առանց պայքարի «հանձնվել է»:



 



Նման պայմաններում ընտրված նախագահը, անգամ եթե ժողովրդի 99 տոկոսի քվեներն ստանա, հպարտանալու ոչինչ չի ունենալու. այդ վիճակը նրա կողմից հետեւողականորեն հյուսված այն սարդոստայնն է, որի մեջ ի վերջո խճճվելու են նաեւ ինքն ու իր մերձավոր շրջապատը: Բայց առավել մտահոգիչ է այն, որ ոչ քաղաքական ուժերը, ոչ հասարակությունը պայքարելու, մրցակցելու, իրենց միջից նոր թեկնածուներ, նոր պոտենցիալ ծնելու ձգտում չեն դրսեւորում: Ի՞նչ է հարկավոր այս ամուլ, թեւաթափ, հուսահատ ու հեռացող հասարակությանը ցնցելու համար: Ի վերջո, մեր ժողովուրդը, որպես կանոն, մեծ ակտիվություն է ցուցաբերել նախագահական ընտրությունների շեմին եւ չի հաշտվել ընտրակեղծիքների հետ:



 



Ի՞նչ է պատահել հիմա: Թերեւս մեղքը ոչ թե հասարակությանն է, այլ նրա էլիտայինն ու քաղաքական ուժերինը, որոնք դադարել են քաղաքական լինելուց եւ փակվել են իրենց գրասենյակներում: Սրանք պատրաստ են քաղաքական պայքարի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ 100 տոկոսանոց համոզվածություն ունեն հաղթանակի հարցում: Սրանք իրենց ծախսած ամեն լուման, վատնած էներգիայի ամեն միավորն ափսոսում են: Ալարում են այցելել մարզեր: Հոգնում են հանրահավաքներից ու հանդիպումներից: Զահլա չունեն հեռուստատեսությամբ ու թերթերով հանդես գալու: Սրանք ամեն ինչ են ուզում, միանգամից եւ կապույտ երիզով սկուտեղի վրա: