Խելամիտ ու արդյունավետ

Խելամիտ ու արդյունավետ
Խելամիտ է այն ընտանիքի ղեկավարը կամ տնտեսվարողը, ով առավելագույն արդյունավետությամբ է ծախսում իր տրամադրության տակ եղած ֆինանսական միջոցները: Ես, որպես փոքրիկ հիմնարկի ղեկավար, ամեն օր այդ խնդիրն եմ լուծում՝ ինչի վրա ծախսել այն սահմանափակ միջոցները, որոնք ունեմ ձեռքիս տակ, որ այս հիմնարկը ոչ միայն գոյատեւի, այլեւ զարգանա, եւ այդ ընթացքում չխախտվեն արդարության, հավասարության եւ մրցակցության սկզբունքները:



 



Ասենք՝ երբ պետք է ընտրություն կատարել փտած ու փչող պատուհանները փոխելու եւ նոր համակարգիչ ձեռք բերելու միջեւ, ես ընտրում եմ վերջինը, քանի որ համակարգիչը կբարձրացնի մեր աշխատանքի արդյունավետությունը եւ հնարավորություն կտա հետագայում՝ թեկուզ հաջորդ տարի, փոխել պատուհանները: Կամ՝ երբ կա ինչ-որ լրացուցիչ գումար, ոչ թե նոր աշխատող եմ ընդունում, այլ փոքր-ինչ բարձրացնում եմ աշխատողների աշխատավարձը, որ եկամուտների՝ թող որ սիմվոլիկ, բայց ինդեքսացիա արվի, եւ գնաճի պայմաններում մարդիկ կարողանան իրենց նվազագույն կարիքները հոգալ: Այս օրերին խորհրդարանը քննարկում է 2013-ի պետբյուջեն, որը, եթե ընդհանրացնենք, մեր «մեծ ընտանիքի» ֆինանսներն են, եւ դրանք եւս հարկավոր է ծախսել խիստ խնայողաբար եւ ամենաանհրաժեշտի վրա:



 



Այնպես, որ պահպանվեն հավասարության, արդարության եւ մրցակցության սկզբունքները: Նաեւ որպեսզի այն լինի ոչ միայն գոյատեւման, այլեւ երկրի զարգացման գրավական: Արդյո՞ք մեր «մեծ ընտանիքի» ղեկավարությունը ճիշտ է տնօրինում իր ձեռքի տակ եղած ֆինանսները: Արդյո՞ք պահպանում է վերը նշված կանոնները: Բոլորովին: Անարդյունավետ, ոչ խելամիտ ծախսման հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Եվ հեռանկարային ձեռնարկների խիստ պակաս: Ինչը վկայում է, որ ֆինանսները հայտնվել են սխալ մարդկանց ձեռքում: