Իշխանությունը փորձում է շեղել ընտրությունների ընթացքը

Իշխանությունը փորձում է շեղել ընտրությունների ընթացքը
Հանրային գործիչներն ու պաշտոնյաները երեկ իրենց հանդիպումները սկսում էին Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի վերաբերյալ արտահայտվելով: Րաֆֆին եւս բացառություն չէր: Հայրիկյանի դեմ կատարվածը նա համարեց իր դեմ կատարված մահափորձ: «Գործող իշխանությունը վախենում է ժողովրդի իրական քվեից եւ ուզում է շեղել ընտրությունների ընթացքը»,- ասաց Րաֆֆին «Ֆեյսբուքի» ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, որոնք երեկ հարցեր տալու առաջնահերթություն ունեին լրագրողների հանդեպ:



 



«Դեբատ» ակումբը, որտեղ կայացավ հանդիպումը, մասնագիտանում է քաղաքական բանավեճում: Բայց քարոզարշավի շրջանում ամենապահանջված այս ժանրը իսպառ բացակայում է հարթակներից: «Դեբատի» ակումբավարն ակնարկեց, որ երեկ թեկնածուների դեմառդեմ հանդիպումը հերթական անգամ չստացվեց, եւ նախագահի երկրորդ թեկնածուի փոխարեն, անհայտ պատճառներով, FB հանրությունն էր ներկայացել, որը, պետք է ընդունել, որ առանձնապես սուր հարցեր թեկնածուի համար չէր պատրաստել: Սա հնարավորություն տվեց նրան իր «վադալազկայով» նկարի լուսանցքում գրած ծրագրային 8 կետերը հատ-հատ բացատրել ցանցաբնակներին: Օրինակ, որ իրավունքի Հայաստանը դա այն է, որը կախված չէ նախագահից, իրավունքի, ոչ թե ողորմության երկիր է, որ 180 հազար աշխատատեղ նշանակում է, որ պայքարելով կոռուպցիայի դեմ՝ 5 տարի անց կունենանք այդքան աշխատատեղ, որ «ոչ» արտագաղթին, նշանակում է «այո» ներգաղթին, եւ այլ լավ բաներ: Րաֆֆու խոսքը «պետք է»-ների եւ «թող»-երի քնեցնող շարք էր, հիմնականում ըղձական եղանակով արտահայտված բայերով հագեցված: «Պետք է հարգել բնությունը», «Պետք է վերադառնան վերջին 5 տարիների ընթացքում գնացածները»: «Սահմանի վրա ծառայող զինվորը պիտի պաշտպանված լինի օրենքով»:



 



FB օգտատերերը վիրտուալ տարածքից դուրս, իրենց համար օտար real-ում հայտնվելով, կարծես թե իրենց զգում էին, ինչպես ձուկն ավազի վրա: Նրանք սառել էին, լայնաժպիտ Րաֆֆու նախադասություններով հմայված. «Վերջին տարիներին գնացած հայրենակիցներին հետ բերելու խնդիր ունենք»: «Թող ամեն մեկը հաշվի, թե քանի մարած լույսեր կան տներում»: «Այն մարդուն, որը մտնում է այլ երկրի միջավայր, դժվար է հետ բերել»: «Պիտի վերադարձող մարդը հասկանա, որ ինքը հնարավորություն ունի ապրելու, հայր լինելու, մայր լինելու»: Լսելով հասկացանք, թե ինչու Հայաստանի մարզերում շրջագայելիս հաճախ գյուղացիներից կարծիք ենք լսում, թե Րաֆֆին լավ է խոսում, բայց երբ հարց ենք տալիս, թե կոնկրետ ինչ է ասում, ոչ ոք չի կարողանում հստակ պատասխանել: Մի քանի հարց հնչեցրինք՝ որպես լրագրող եւ որպես FB-բնակիչ:



 



- Դուք ժամանակին ղեկավարել եք «Հայաստան» համահայկական հիմնադրամը, եւ այդ ընթացքում շատ դժվար էր մտնել Ձեր աշխատասենյակ: Նույնիսկ հարեւան աշխատասենյակների աշխատակիցներից Դուք պահանջել էիք, որ իրար հետ էլեկտրոնային նամակների միջոցով շփվեն: Մյուս կողմից, դուրս եք գալիս փողոց եւ մարդկանց բարեւում եք ձեռքով: Չէ՞ որ PR-ը պետք է հիմնված լինի մարդու իրական հատկանիշների վրա, ինչպե՞ս եք բացատրում այս հակասությունը:



 



- Ես պատմաբանի որդի եմ եւ, որպես պատմաբանի որդի, ես գնահատում եմ ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր խոսքը: Ուզում, որ ամեն ինչ արձանագրության վրա լինի: Ես ունեմ մարդկային, անմիջական, կենդանի շփումների հակում, նաեւ ես պահանջում եմ գործի մեջ, որ ովքեր պատասխանատու են այս կամ այն գործի համար, նաեւ գրավոր պատասխանատվություն կրեն, եւ դրա համար այդ Ձեր ասած շփումը նաեւ հաշվետվության պահանջ էր իմ գործակիցների կողմից: Ես համարում եմ, որ շփման բոլոր ձեւերը՝ գրավոր ֆորմալ, գրավոր ոչ ֆորմալ եւ բանավոր, անհրաժեշտ են: Ընդհանուր առմամբ, հետխորհրդային Հայաստանում կա բանավոր հաղորդակցության ուժեղ մշակույթ, բայց մենք շատ թույլ ենք գրավոր, պաշտոնական հաղորդակցության մեջ: Ես հիմնադրամի պատասխանատու լինեմ, թե վարչության, թե նախարարության, պահանջում եմ ոչ միայն բանավոր, «ախպերական» եւ ընկերական, այլ պաշտոնական պատասխանատվության արտացոլանք, որը ենթադրում է գրավոր արձանագրություն եւ report (ի դեպ, «ну» արտահայտության համար Րաֆֆին ներողություն խնդրեց, իսկ անգլիական «report»-ի համար՝ ոչ - Ս. Ս.)



 



- Արդեն վարկած կա, որ մահափորձը արտասահմանյան հատուկ ծառայությունների կազմակերպած գործողություն է, որի նպատակը ՀՀ կողմնորոշումը Արեւելքից շրջել դեպի Արեւմուտք, եւ այժմ ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ կգնան:



 



- 25 տարի ապրելով Հայաստանում, ես ինքս հակված չեմ դավադրային տեսությունների՝ ոչ հոկտեմբերի 27-ով, ոչ մարտի 1-ով, ոչ էլ այս հարցով: Եթե փաստեր, ապացույցներ կան՝ խնդրեմ, բայց ես հիմք չունեմ ենթադրելու, որ սա կապ ունի ոչ Արեւմուտքի, ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ էլ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ:



 



- Գյուղերում շատ են ուզում տեսնել Ձեզ եւ փոխանցում են Ձեզ իրենց ցանկությունը:



 



- Շնորհակալ եմ: Վերջին 4-5 օրերին եղել եմ բազմաթիվ գյուղերում, նորից կլինեմ: Մենք գրականություն եւ բրոշյուրներ կբաժանենք համագյուղացիներին: Կարծում եմ, որ քարոզարշավի 28 օրը բավարար չէ: Պետք է սահմանադրորեն լինի երկու-երեք ամիսների առավելագույն ընտրապայքար, որ բոլոր թեկնածուները հասցնեն լինել գյուղերում եւ քաղաքներում, որովհետեւ 28 օրվա ընթացքում 900 գյուղ կամ 1900 ընտրատեղամաս չեմ կարող անձնապես հասցնել գնալ: Պետք է երկու կամ երեք ամիս լինի՝ բոլոր բնակավայրերում լինելու համար: