«Ժառանգության» թավշյա վարագույրը կփակվի ԲՀԿ-ի ձեռքով

«Ժառանգության» թավշյա վարագույրը կփակվի ԲՀԿ-ի ձեռքով
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես վերերկրային ամպոտ տարածքից ցած իջավ ու կանգնեց հողի վրա: Համոզվեց, որ առանց քաղաքական կոնսոլիդացիայի հնարավոր չէ առաջ գնալ: Եվ նա ձեռքն առավ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը:



 



Վերկուսակցական հուզիչ ելույթներն ու ժողովրդին ուռռայով առաջ տանելը ետեւում մնացին, եւ «Ժառանգության» առաջնորդի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումը երեքժամյա տեւողության առումով բարեւային չէր, այդքանով հանդերձ, մանրամասներն էական չեն՝ բարձրացված խնդրիս առնչությամբ:



 



ԲՀԿ առաջնորդի հետ նախաձեռնած հանդիպումը քաղաքական հարթության վրա դիտարկվում է որպես դրական, ողջունելի քայլ: Ընդունվում է ոգեւորությամբ: Անտեսվում է այն հանգամանքը, որ նույն քայլը, բազմաթիվ վերլուծություններից, թեր ու դեմ արգումենտների դիտարկումից հետո, երբ ձեռնարկեց ՀՀ առաջին նախագահը, սվիններով ընդունվեց: Այդ սվինավորներից էր նաեւ Րաֆֆին: ՀԱԿ-ի ներսի խլրտոցն ու փախուստավազքը եւս դրանով պատճառաբանվեցին: Ինչպե՞ս է Տեր-Պետրոսյանը համարձակվում օլիգարխիկ հենասյուներից մեկի հետ համագործակցության եզրեր գտնել… Ընդհանուր պեղումնաբանություն սկսվեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պոչը գտնելու համար… Առայսօր այդ պեղումները շարունակվում են… Աշխատեց հզոր քարոզչամեքենա՝ նսեմացնելու շարժման առաջնորդին…



 



Հիմա Րաֆֆին գնում է նույն ճանապարհով: Չփորձելով դատել՝ ճիշտ է անում, թե սխալ, չի կարելի չնկատել, որ Րաֆֆին քաղաքական գրագողություն է կատարել: Այն տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանը կշեռքի նժարի հավասարակշռությունը պահպանելու առումով շատ երկար էր աշխատել… Բայց դա չխանգարեց, որ ՀԱԿ-ը կազմաքանդվի եւ մի խումբ հակակապիտալիստներ համախմբվեն Րաֆֆիի շուրջ…ՀԱԿ-ից պոկված բեկորները, ովքեր այսօր Րաֆֆիի հետ են, հիմա ի՞նչ են ասելու: Ի՞նչ են ասելու Րաֆֆիի բանակ տարած այն զանգվածին, որոնց մոտ դժգոհություն էին առաջացրել, թե ՀԱԿ առաջնորդի թիկունքում Քոչարյանի ականջներն են երեւում… Ժխտելո՞ւ են, որ ԲՀԿ-ն օլիգարխիկ գլխավոր սյուներից է, թե՞ համոզելու են, որ «Բարգավաճը» սնանկ է ճանաչվել… Այստեղ հարցը ԲՀԿ-ի հետ համագործակցության եզրույթը չէ, այլ նույն երեւույթին քաղաքական տարբեր գնահատականներ տալը… Նույն հարցին՝ Րաֆֆիի երկու տարբեր մոտեցումը:



 



ԲՀԿ-ն նորից ակտիվացվում է. ժամը եկել է: «Ժառանգությունը» կարծեք թե իր միսիան ավարտել է, վարագույրը, «Ժառանգության» թավշյա վարագույրը կփակվի ԲՀԿ-ի ձեռքով… ԲՀԿ-ն, փորձը ցույց է տվել, որ իր ունեցածը վտանգի տակ չի դնի ու թեեւ չի մասնակցել նախագահական ընտրություններին, բայց քաղաքական կշռի առումով երկրորդ տեղը պիտի որ դրա գինը լինի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ