Րաֆֆին ընտրված նախագահ է եւ չի գլխավորի ավագանու ցուցակը

Րաֆֆին ընտրված նախագահ է եւ չի գլխավորի ավագանու ցուցակը
Հետընտրական հեղափոխական խժդժություններին, ընդդիմության պահանջների եւ դրանց լուծումների հետ կապված խորհրդակցություններին զուգահեռ, քաղաքական օրակարգ մտավ Երեւանի ավագանու ընտրությունների հարցը: Մի կողմից քաղաքական դաշտի կենտրոնում գտնվող «Ժառանգություն» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չի անտեսում,  մյուս կողմից դեռեւս զբաղված է նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում  բողոքարկելու գործով: 



 



Սրան  զուգահեռ,  Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ընթանում են ՀՅԴ,-«Ժառանգություն» երեք կետանոց պահանջի շուրջ  քննարկումները, որն առայժմ  կարծես անհեռանկարային է: Թերեւս  այս քննարկումների արդյունքներից էլ կախված կլինի ընդդիմության վերջնական դիրքորոշումը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում: 



 



Ընդդիմությունը դեռեւս լուրջ քննարկումներ չի սկսել մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ, սակայն կուլիսներում  մասնակցության հնարավոր սցենարներ են մշակվում: Օրինակ,  ընդդիմության համատեղ՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» ցուցակով մասնակցելու տարբերակը, որտեղ, խորհրդարանական  կուսակցություններից բացի, տեղ կգտնեն նաեւ այլ քաղաքական միավորներ ու  անհատ քաղաքական գործիչներ:  Արդյո՞ք այս սցենարը կդառնա օրակարգային, եւ այդ պարագայում  ի՞նչ արդյունքներ կարելի է  սպասել առաջիկա ընտրություններին մասնակցելուց, փորձեցինք պարզել քաղաքական ուժերից:  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, մեկ անգամ եւս արձանագրելով, որ իրենք դեռեւս չեն անցել քննարկումների, այս սցենարը կյանքի կոչելու  հավանականությանն արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսով՝ «հնարավոր Է»: Սակայն նա չի կարծում, որ  առանձին գնալու դեպքում իրենց հաղթանակն անհավանական է՝ վկայակոչելով  նախագահական ընտրությունների արդյունքները:



 



Բայց այս արդյունքները շատ վերլուծաբաներ միայն Րաֆֆուն չեն վերագրում, կարծիքներ կան, որ դա բոլոր ընդդիմադիր ուժերի ձայների հանրագումարն էր: «Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է այն ձայները, որոնք քաղաքացիները վստահելով՝ տվել են իրեն ու կարծել  են,  որ Հովհաննիսյանն այն թեկնածուն է, որը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից: Այս քաղաքացիները մեծամասնություն են եղել, եթե չցանկանային ընտրել նրան, այլ թեկնածուներ եւս կային, կարող էին ընտրել իրենց»,- հակադարձեց Արմեն Մարտիրոսյանը, ով  դժվարացավ  նշել  «Ժառանգության» ցուցակը գլխավորող թեկնածուներին: Րաֆֆի Հովհաննիսյանի անունը չի լինի ցուցակում՝  պատճառաբանում են, որ նա ընտրված նախագահ է:



 



«Բարգավաճ Հայաստանի»՝ միասնական ցուցակ մտնելու եւ ընդհանրապես ավագանու ընտրությունների թեմայով Վարդան Օսկանյանը հրաժարվեց խոսել՝ խոստանալով թեմային անդրադառնալ առաջիկայում, իսկ ԲՀԿ-ում քննարկումները կսկսվեն այսօրվանից: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը   մեկ ցուցակով մասնակցության վերաբերյալ դեռ ոչինչ չգիտեր, սակայն, որպես իշխանության նկատմամբ հաղթանակ տանելու միակ գրավական, ասաց. «Չեմ կարծում, որ դա միակ գրավականն է, բայց նաեւ  գրավականներից մեկն է,  բնականաբար, երբ որ շատերն են լինում մեկ ցուցակով, ավելի մեծացնում է հաղթանակի հավանականությունը եւ այլն, բայց միակը չէ»: Եթե այս սցենարի շուրջ համաձայնության չգան կուսակցությունները, արդյո՞ք անարդյունավետ չի լինի  առանձին-առանձին  իշխանության հետ պայքարի մեջ մտնելը: «Ես չեմ կարծում, որ արդյունավետ է,  մանավանդ «Բարգավաճի» առումով, որն ավելի մեծ  պոտենցիալ ունեցող քաղաքական ուժ է,  եւ ես կարծում եմ, որ եթե նույնիսկ առանձին մասնակցի,  հաղթելու մեծ շանս ունի»,-եզրակացրեց  ԲՀԿ-ական պատգամավորը:



 



Ոչ խորհրդարանական ուժի՝  «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը, որը  մասնակցում է «Ժառանգության» հանրահավաքներին, նպատակահարմար չի գտնում մասնակցել էական կարեւորություն չունեցող մի ընտրությունների, երբ դեռ չի լուծվել համապետական նշանակության՝ նախագահի ընտրության արդյունքները բողոքարկելու հարցը:



 



Ըստ  նրա՝ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ քանի դեռ իր հետընտրական  ընդվզումն ու պայքարը վերջնարդյունքի չի հասել, իմաստ չունի  մասնակցել ավագանու ընտրություններին: «Պետք է շարունակել, շարունակել պայքարը նախագահական ընտրությունների արդյունքները՝ Րաֆֆու հաղթանակը ճանաչել տալու ուղղությամբ:  Թե չէ ավագանու  ընտրության արդյունքով ինչ-որ բանի հասնելը պրակտիկորեն անհնար է:  Վարչախումբն իր  ֆինանսաքրեաօլիգարխիկ համակարգով  կարողանում է միշտ վերջնարդյունքում հաղթել»,- ասում է Սմբատ Այվազյանը: Թեեւ  այս տարբերակով ընտրության գնալու կուլիսային քննարկումներում ընդգրկված չէ Հայ ազգային կոնգրեսը, սակայն այստեղ էլ գտնում են, որ ճիշտը բոյկոտելն է՝ որպես պատիժ իշխանությանը:  Մասնավորապես այս կարծիքին է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Ոչ մի սցենար չեմ բացառում եւ չեմ կարծում, որ այն կաշխատի,  քանի դեռ ընտրական մեխանիզմները մնում են նույնը, քանի որ իշխանության ղեկին են նույն մարդիկ: Կարծում եմ, որ  պետք է բոյկոտել այդ ընտրությունները: Ինչպես նախագահականի, այնպես էլ այս դեպքում կանխատեսելի է իշխանության հաղթանակը»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը: Այսպիսով, ՀԱԿ-ն էլ չի մասնակցի ավագանու ընտրություններին: