Խոսել են ամեն ինչից եւ ոչնչից

Խոսել են ամեն ինչից եւ ոչնչից
Երեկ «կանյաչնիում» տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը տեւել  է մոտ մեկ ժամ: Նիստում որեւէ լուրջ հարց չի քննարկվել, որոշում չի կայացվել, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին առնչվող: «Չորս-հինգ ամիս է՝ չէինք հավաքվում, հավաքվեցինք, պարոն Ծառուկյանն ասաց` նորմալ է, լավ է ամեն ինչ, մեր թիմը կա, շարունակելու ենք մեր գործը»:



 



Չնայած այն պնդումներին, որ Ծառուկյանին տարբեր պլատֆորմներ են ներկայացվել, թե որ ուղղությամբ պետք է գնա կուսակցությունը, եւ, ի վերջո, որտեղ է այսօրվա քաղաքական դաշտում ԲՀԿ-ն, որեւէ քննարկում այդ ուղղությամբ տեղի չի ունեցել, չնայած ելույթ ունեցողները շատ են եղել: Այն բոլոր ելույթները, որոնք կարող էին նման խնդիրներ արծարծել, Ծառուկյանը «նրբագեղորեն» ընդհատել, թեման փոխել է: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ ֆրակցիայի աշխատանքները, ներկայացրած եւ ներկայացնելիք օրենքները,  Վահե Էնֆիաջյանը` երիտթեւին առչվող խնդիրներն ու հեռանկարները: Օսկանյանը խոսել է առավել ընդհանրական հարցերի շուրջ, ասել, որ կուսակցությունը պետք է ունենա երկարաժամկետ, միջնաժամկետ, կարճաժամկետ ծրագրեր, պետք է համախմբված լինի, այնպես չլինի, որ մեկը մի բան ասի, «մույսը»` մեկ այլ: Ծառուկյանն  ասել է, որ այսուհետ կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատվությունը  դրվում է իր` Վարդան Օսկանյանի վրա. «Հաջողությունն էլ է քո անվան հետ կապվելու, անհաջողությունն էլ»:



 



Գուրգեն Արսենյանի ելույթն առավել միտված է եղել կուսակցության սուվերենության խնդրին, նա ասել է, որ մենք պետք է ցույց տանք, որ ինքնուրույն ենք, բոլորս պետք է կուսակցության որոշումներից տեղյակ լինենք, եւ ոչ թե խորհրդարանում եւ կամ մեկ այլ ամբիոնից մեկն ասի՝ նոր իմանանք: Ծառուկյանն ընդհատել է Արսենյանին եւ ասել, որ ֆրակցիայում ամեն բան շատ լավ է, պարզապես պատգամավորները պետք  է շուտ գան պառլամենտ՝ մի կես ժամ (այս բառերի վրա քար լռություն է տիրել, որպեսզի ոչ մեկը չհիշի, որ ֆրակցիայի ղեկավարը երբեք պառլամենտ չի գալիս): «Եկեք շուտ, իմացեք, թե ինչ որոշումներ կան»,- հորդորել է Գագիկ Կոլյայիչը: Նա ընդհատել է նաեւ Վահե Հովհաննիսյանին. վերջինս առաջարկել է ստեղծել ԲՀԿ գործադիր մարմին: Փաստորեն, «ա լյա ՀՀԿ», որովհետեւ հնարավոր չէ ամեն անգամ քաղխորհրդի երկու հարյուր հոգով  հավաքվել, հարցեր քննարկել: Ծառուկյանը հանձնարարել է Վահե Հովհաննիսյանին գործադիր մարմնի եւ ընդհանրապես ԲՀԿ կառուցվածքային նախագիծ ներկայացնել` թղթի վրա: Բոլորը շունչները պահած սպասել են, թե Ծառուկյանն ինչ է ասելու  Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին, սակայն Ծառուկյանն ասել է. այդ մասին՝ հաջորդ դասին. «Հաջորդ հանդիպմանը` Մարտի ութի տոներից հետո ես ձեզ տեղյակ կպահեմ, թե մեկ էլ երբ ենք հավաքվելու, այդ ժամանակ կքննարկենք քաղաքապետական ընտրությունների հարցը»: ԲՀԿ հաջորդ «դասը»` հանդիպումը, տեղի է ունենալու մայիսի 11-12-ին: Փաստորեն, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը զուգահեռ: Կամ` դրանից հետո: