Սեդրակյանին վերցրեցին

Սեդրակյանին վերցրեցին
Եվ այսպես, էպոսագետին կալանավորեցին երկու ամսով: Դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունն այս մասին: Սեդրակյանին մեղադրում են Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը պատվիրելու մեջ (ՀՀ քրօր. 34-305-րդ հոդված), իսկ նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոքարկելու է կալանքի որոշումը՝ այն համարելով անհիմն:



 



Սիրունյանը վստահեցնում է, որ Սեդրակյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Երկու հոգի կրակել են մեկի վրա, մենք ուզում ենք հասկանալ` դրա հետ ի՞նչ կապ ունենք: Ես իրավաբանության կանոններից ելնելով ասում եմ. ինձ բացատրեք՝ ի՞նչն է իմ մեղադրանքի հիմքում, որ ես կարողանամ պաշտպանվել»,- ասում  է փաստաբանը: Սեդրակյանը չէր սիրում, երբ լրագրողներն իրեն հարցնում էին մահափորձի մասին, եւ իրարամերժ պատասխաններ էր տալիս: «Հրապարակին» տված իր վերջին հարցազրույցում ասել էր, որ իրեն չեն կանչել  Հայրիկյանի դեմ մահափորձի գործով հարցաքննության եւ չեն էլ կանչի:



 



Մինչդեռ ակնհայտ էր, որ ԱԱԾ-ն կանչելու է նրան այն պարզ պատճառով, որ ինքը կապ էր ունեցել գործով կալանավորված եւ ինքնախոստովանական ցուցմունքներ գրած Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի հետ: Այս կապն էպոսագետը մինչեւ վերջ չէր ժխտում: Մեկն իրենց հարեւանն է, մյուսն էլ իրենց տանը գործ անող բանվորներին է տարել-բերել իր տաքսիով: «Խաչիկի մասով չեմ կարող ասել, քանի որ ընդամենը մի տարի եմ ճանաչում, բայց Սամվելին փոքր երեխա ժամանակից գիտեմ: Ինքը նույնիսկ բանակ չի գնացել, երեւի զենքը հեռուստացույցով է տեսել: Շատ լավ արհեստավոր է, բայց որ գնա մարդ սպանի, չգիտեմ: Նույնիսկ չգիտեմ, Սամվելը 8-րդ դասարանն ավարտեց, թե չէ: Մեկը 8-ի Բ-ն է ավարտել, մյուսը՝ 7-ի Գ-ն: Մեկը լավ նստած է դեղերի վրա, որ կես ժամ ուշանա, կգրի, էն մեկին էլ էնքան կծեծեն, որ ինչ ուզես, կգրի: Իրեն այստեղ կծեծեն, ախպորն էլ` էն մյուս տեղում»: Այսքանն է պատմել մեր թերթին Վարդան Սեդրակյանը մահափորձի գործով անցնող մյուս մեղադրյալների մասին:



 



Սպասվում էր, որ էպոսագետին կկանչեն ընտրություններից անմիջապես հետո: Իրավապահ մարմիններից որոշ աղբյուրներ նույնիսկ Սեդրակյանին բռնելու օրն էին նշում՝ փետրվարի 25-ը: Բայց ԱԱԾ-ն Սեդրակյանի օբյեկտներ մտավ մարտի 5-ին միայն: Մասնավորապես, «Միտք» վերլուծական կենտրոն, որտեղ նրա աշխատասենյակն է: Տեղեկություններ տարածվեցին, որ խուզարկվել է էպոսագետի ավտոմեքենան: ԱԱԾ մամուլի կենտրոնի պատասխանատու Արծվին Բաղրամյանը երեկ հաստատեց խուզարկությունների փաստը: Ասաց, որ սրանք ընդունված քննչական գործողություններ են, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի, բացի այն, որ նախաքննություն է ընթանում: Մեր տվյալներով, Վարդան Սեդրակյանի եւ մահափորձի գործով մյուս կալանավորվածների միջեւ զրույցների գաղտնալսումներ են եղել, որոնք էլ էպոսագետի մեղքի որոշակի ապացույցներ են պարունակել եւ օգտագործվել են քննչական խմբի կողմից: Բաղրամյանը ժխտեց սա՝ նշելով, որ մահափորձը բացահայտվել է բացառապես այն իրականացնելուց հետո, իրավապահների բարդ եւ բարձր մակարդակով իրականացրած գործողությունների շնորհիվ:



 



Ինչեւէ, Սեդրակյանի մեղքն անհավանական է թվում, քանի որ տեսանելի չէ դրդապատճառը, հասկանալի չէ, թե ինչով էր խանգարում 0-1 տոկոսի հավակնորդ մի թեկնածուն 0-1-ի սահմանից չբարձրացող մյուս թեկնածուին: Պարույր Հայրիկյանը, որը նախագահական ընտրություններից առաջ չի ճանաչել այդ մարդուն, այս ամենի մասին յուրահատուկ կարծիք ունի, թեեւ հրաժարվեց խոսել իր հետ կատարված քննչական գործողությունների մասին:  



 



- Չե՞ք ուզում հայտարարություն անել: Ի վերջո, նախագահի թեկնածու է կալանավորվել:



 



- Էս առիթով դեպքը հայտնի է: Ո՞ւմ համար պետք է հայտարարություն անեմ: Ահաբեկչության կազմակերպիչների՞:  Նախագահի թեկնածու Դուք էլ կարող էիք լինել: Եթե ստանայիք 1 մլն դոլար՝ Հայրիկյանին խփելը կազմակերպելու համար, 20 հազարը կտայիք՝ կլինեիք նախագահի թեկնածու:



 



- Եթե իրոք այդպիսի լուրջ պատվեր էր, ինչո՞ւ դիլետանտական մակարդակով արվեց: 



 



- Դուք տենց բարձր պրոֆեսիոնալ եք, դիլետանտական մակարդա՞կ եք համարում կրծքից մարդուն խփելը: Ձեզ ո՞վ է սովորեցրել: Գիտե՞ք, վիճակագրություն կա, որ  մոտ տարածությունից մարդկանց կրծքին կրակոցների 90 տոկոսը մահվան ելքով է: Հեռվից խփվածների 50 տոկոսն են մահանում: Դա ամենապրոֆեսիոնալ կրակոցն է եղել: Ինչեւէ, սա ավելորդ է, ուղղակի խոսեցինք: Ես ասել եմ՝ շերտերով պատվիրատուներ կարող են լինել. մեկ պատվիրատու, երկու պատվիրատու, հիմա քննության գործն է՝ գտնել կամ չգտնել: Իմ գործն էլ պայքարելն էր իմ համար, ձեր համար:



 



- Դուք հավանակա՞ն եք գտնում, որ Վարդան Սեդրակյանն է պատվիրել մահափորձը:



 



- Ես հավանական եմ գտնում, որ նաեւ Դուք լինեք:



Ամեն մարդ էլ կարող է՝ կախված իր հոգուց, աշխարհընկալումից, կաշառվելու, արագ ճանապարհով փող աշխատելու տրամադրվածությունից կամ դրա բացակայությունից:



 



Նախագահի մյուս թեկնածուներն այս օրերին եւս արտահայտվեցին իրենց երբեմնի մրցակցի հետ կատարվածի շուրջ: Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ էպոսագետը կապ չունի մահափորձի հետ, «քանի որ մոտիվացիա չունի», իսկ Անդրիաս Ղուկասյանն այն կարծիքի է, թե գուցե էպոսագետը ռեսուրսներ եւ քաղաքական առաքելություն ուներ, որոնք մտահոգում են իշխանություններին, ինչը եւ նրա հետապնդման բուն պատճառը դարձավ: