Հայաստանը մեծ է, բայց Երեւանից այն կողմ հող չկա

Հայաստանը մեծ է, բայց Երեւանից այն կողմ հող չկա
ՀՀԿ-ն, եթե նկատել եք, չի շտապում հայտարարել, որ Երեւանի ավագանու ընտրություններում հաղթել-պրծել է: Սա արդեն իսկ լուրջ ձեռքբերում է, որ, անտարակույս, վերջին նախագահական ընտրություններով է պայմանավորված: Նման դեպքերում ժողովուրդն ասում է՝ քիթները մին տրորվեց: Մենք ավելին ասենք՝ ՀՀԿ-ն վախենում է Երեւանում պարտվելուց:



 



Վախը, առհասարակ, երկու տեսակ է լինում՝ պատճառաբանված եւ անհիմն: ՀՀԿ-ի այս վախը թերեւս ամենահիմնավորներից է: Նրանք շատ ճիշտ կողմնորոշվեցին՝ չընդունելով ընտրովի պաշտոններից ՀՀԿ-ականների  հրաժարականները (Արմավիրի, Էջմիածնի, Վանաձորի քաղաքապետներ): Այդ քաղաքներում նոր ընտրությունները պարզապես գլխացավանք էին լինելու ՀՀԿ-ի համար, եւ չկար որեւէ երաշխիք, որ կկարողանային դարձյալ ՀՀԿ-ականի անցկացնել: «Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերը լինի» հանրահայտ սկզբունքն է գործել այս դեպքում:



 



Եթե ՀՀԿ-ն նույն դուխն ունենար, ինչ որ փետրվարի 18-ից առաջ, կարող եք չկասկածել, Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, վերջապես Արմեն Աշոտյանը՝ մեդիատարածքը հիմա թունավորած կլինեին ՀՀԿ-ի մոտալուտ հաղթանակի իրենց ավետիսներով: Էլ չենք խոսում այն մասին, որ ԵԺԿ նախագահ Մարթենսը կգար Սերժ Սարգսյանին շնորհավորելու եւ կհայտարարեր, որ Երեւանի ընտրություններում ինքն ակնկալում է ՀՀԿ-ի նոր ու ավելի համոզիչ հաղթանակը: Այսպիսի բաներ այսօր չկան, եւ դրա համար հայ ժողովուրդը պարտական է ինքն իրեն: Ի՞նչ կարող է տեղի ունենալ Երեւանի ավագանու ընտրություններում: Գաղտնիք չէ, որ Տարոն Մարգարյանը հաղթելու որոշակի ռեսուրս ունի, որը պայմանավորված է բացառապես իր անձով: Բայց որոշակի ռեսուրսը դեռ հաղթանակի գրավական չէ, մանավանդ, որ նրա թիմը, որ կոչված է լրացնելու մնացածը, Երեւանում գոնե հաղթելու ռեալ շանսեր չունի: Ուստի Տարոն Մարգարյանը խնդիր ունի նույնիսկ սեփական ռեսուրսը պահպանելու, որպեսզի ՀՀԿ-ական թիմի համբավն այս անգամ ճակատագրական չլինի:



 



Գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն ոչ ստանդարտ իրավիճակներում դժվար է կողմնորոշվում: Դա մենք տեսել ենք թե անցած հինգ տարիներին եւ թե այս նախագահական ընտրություններին նախորդած ու հաջորդած օրերին: Բավական էր, որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից չունենար, եւ, խնդրեմ, ՀՀԿ-ն թուլացավ ու փորձեց հաճույք ստանալ: Թե ինչ տեղի ունեցավ այդ պատճառով՝ լրացուցիչ անգամ չպատմենք: Բայց սա չի նշանակում, թե ՀՀԿ-ն անկազմակերպ հանրույթ է: Այն, որ ՀՀԿ-ականներին հրահանգվել է այլեւս մեծ-մեծ չխոսել, ապացույց է այն բանի, որ դասեր քաղել գիտեն: Բայց երբ հերթը գալիս է կոնկրետ քայլերին, տեսնում ենք, որ ՀՀԿ-ի մարտավարական զինանոցն այնքան էլ հարուստ չէ: Հիմա էլ խոսում են, թե Տարոն Մարգարյանի շտաբը կարող է գլխավորել Էդուարդ Շարմազանովը: Կոպիտ ասած՝ մեր ԱԺ ղեկավարները, կարծես, միեւնույն երկրորդ մասնագիտությունն ունեն՝ լինել ՀՀԿ-ական որեւէ շտաբի պետ: Մնում է Շարմազանովի տեղակալներից մեկն էլ Տարոնի աներձագը լինի, եւ կարելի կլինի ասել, որ այդ շտաբը Սերժ Սարգսյանի շտաբի «լայթոտ» տարբերակն է: Է, «Ծերուկներն» ի՞նչ արեցին, որ «Դեղնակտուցներն» ինչ անեն: Բայց սա է եղածը: ՀՀԿ-ն նոր արահետներ որոնելու ոչ հավես, ոչ էլ հնար ունի:



 



Երեւանի ավագանու ընտրություններում, պետք է ենթադրել, ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը նաեւ որոշակի կաշկանդվածություններ ունեն: Ինչքանո՞վ սիրուն կլինի, որ Երեւանում Սերժ Սարգսյանը ոչ այն է հաղթել է, ոչ այն է՝ պարտվել, իսկ Տարոնը խայտառակ հաղթանակ արձանագրի: Ինչպես տեսնում եք՝ նույնիսկ բարոյահոգեբանական լուրջ խոչընդոտներ կան, որոնք էլ իրենց հերթին են զսպում ՀՀԿ-ական խոսնակներին՝ շեփորելու, թե Երեւանի ընտրություններում մի ուրիշ ձեւ են հաղթելու:



 



Բնականաբար, Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվում է նաեւ ընդդիմությունը: Ավելի ուշ իմացանք, որ պատրաստություն է տեսնում նաեւ ԲՀԿ-ն: Հայտնի է նաեւ, որ առանձին ցուցակով պայքարի մեջ կմտնի ՕԵԿ-ը, որի համար ավարտվել է Սերժ Սարգսյանին սատարելու ժամկետը, եւ չգիտես, թե «շղթայազերծ» ՕԵԿ-ն ինչ անակնկալ կմատուցի Տարոն Մարգարյանի թիմին: Բանն այն է, որ այս կուսակցությունը կոալիցիայում «յա կա, յա չկա» կարգավիճակում է եւ կփորձի առնվազն ինքնակարեւորվել: Իսկ եթե հաջողվի գործի դնել նաեւ տոպրակներով օգնություն բաժանելու ռեժիմը, կարող է նույնիսկ բարձր տեղերի հավակնել:



 



Այս իրավիճակում առավել քան կարեւոր է այն հարցը, թե որտեղ կլինի ժողովուրդը: Եթե ընդդիմությանը հաջողվի ժողովրդին բարձր նոտայի վրա տանել Երեւանի ավագանու ընտրություններին, մյուսներին կմնա ընդամենը երկրորդ տեղի համար պայքարել, ինչը 100 տոկոս համամասնական ընտրությունների դեպքում այնքան էլ վատ ցուցանիշ չէ: Այս ընտրություններն իրավամբ կարող են դառնալ մեր պատմության մեջ ամենալավ ընտրությունները, որոնց արդյունքում ոչ մի ուժի չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ ընտրովի մարմնում, տվյալ դեպքում՝ Երեւանի խորհրդարանում: Իսկ դրա համար ընտրությունը չպետք է փոշիացնի իր ձայները: Հակառակ դեպքում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այնպիսի ավագանի կկազմեն, որ ոչ ուտես, ոչ խմես՝ միայն հիանաս…



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ