Րաֆֆին՝ ՀՀԿ խոսնակ

Րաֆֆին՝ ՀՀԿ խոսնակ
Րաֆֆի Հովհաննիսյանի անլրջությունը նույնիսկ Գեղամյանին կամ Բաբուխանյանին բնորոշ չի եղել վերջիններիս խայտառակության «աստեղային ժամերին»: Ինչ-ինչ, բայց սրանք Հայաստանը երբեք կղզիներով չեն ընդունել: Մեկը չկա, էդ մարդուն կողքից հարցնի՝ վերջը, տղա ջան, վերջը:



 



Հասել է Դիլիջան, տեսել է, որ մարդիկ քիչ են, եւ ասել է ամենասերժսարգսյանական նախադասությունը՝ մարդիկ աշխատանքի են: Ուրեմն ա) ինչո՞ւ ես գնում Դիլիջան, բ) ինչո՞ւ աշխատանքի ժամին, գ) ո՞ւր է քո աշխատանքը, երբ բոլորը գլուխները կախ աշխատում են՝ քո այցելություններից անկախ: Ոչ մեկին չի քննադատում գրեթե անմարդ հանրահավաքում, իսկ վերջում ասում է՝ բարեւի մեջ արեւ կա ու Դիլիջան: Ես, անկեղծ ասած, այնքան էլ լավ չեմ հասկանում, մենք համազգային հոգեթերապեւտիկ սեանսի հե՞տ գործ ունենք: Ի՞նչ կապ ունի արեւը քվեի հետ: Որեւէ մեկը Րաֆֆիին չի՞ ասել, որ չարիքի դեմ տարվող պայքարը գոնե բերանացի մի քիչ նրա նման է լինում: Գանդի ու Մարտին Լյութեր Քինգ չվկայակոչեք: Հայաստանը Մեծ Բրիտանիայից չի պատրաստվում անկախանալ, իսկ Րաֆֆին հոգեւորական չէ ու կաթողիկոսի աթոռին չի հավակնում:



 



Մեծ Բրիտանիան հնդիկների քվեն չի կեղծել անկախությունից առաջ, եւ Հայաստանում ռասայական խտրականություն չկա: Հայաստանցին ի գիտություն է ընդունել էդ մարդու նախագահի թեկնածու առաջադրվելը եւ ասել է՝ սա քեզ իմ քվեն: Իր քվեն տվել է «Տե՞ր ես, քաղաքացի» կարգախոսի հեղինակին: Համաձայն եմ, լավ օրից չի տվել, Բագրատյանն ավելի լավն էր, բայց հիմա էդ մարդուն է տվել: Իսկ ինքը քվեների կեղծումից 16 օր հետո գնում է Դիլիջան, որտեղ, պաշտոնական արդյունքներով, 45 տոկոս ձայն է հավաքել, այսինքն՝ մոտ 3 հազար 500 ձայն, մի կերպ իրար գլխի է հավաքում երկու տասնյակ մարդու ու ասում է. «Գրել էին՝ «մոյ պոեզդ ուշյոլ», որ գնացքս գնացել է, բայց սա միայն պաշտոնական տեսակետ է, որը չեմ ընդունում»: Այ մարդ, քեզ հարցրե՞լ են՝ դու ընդունո՞ւմ ես, թե՞ չես ընդունում: Հայաստանը քեզ ձայն է տվել, որ մարդկանց իրար գլխի՞ հավաքես, թե՞ որ կղզիներով զբոսնես: Քո շուրջը գլխի բժիշկ չկա՞, որ քեզ ասի՝ կղզիացած հանրահավաքներով ձախողվել է նույնիսկ ՀԱԿ-ը ԱԺ ընտրություններից առաջ, երբ ի պաշտոնե պիտի կղզիացած հանրահավաքներ աներ, որովհետեւ քարոզարշավի մեջ էր: Եղբայր, դու այլեւս նախագահի թեկնածու չես, դուրս արի այդ դերից, մարդիկ նախագահ են ընտրել, մի հիասթափեցրու նրանց:



 



Երբ մարզեր ես այցելում երեւանյան բոլոր հանրահավաքներն առաջինից մինչեւ վերջ տապալած, քո համար եմ ասում, էդ այցելությունները հաղթարշավ մի անվանի, մի հրապարակայնացրու քո ամերիկյան երազների ծանր աշխարհը, Հայաստանը քո երազում չէ, մարդ, շոշափելի է: Ես հասկանում եմ, որ քո «բարեւ»-ի հիմնական իմաստը մարդկանց շոշափելիությունը տեղը բերելն է, բայց հաղթարշավն էլ, եթե այն նախապես եղել է քո գլխում, մարդիկ, գոնե Գյումրիում, դրեցին քո դեմ: Ինչպե՞ս վարվեցիր դրա հետ: Եվ վերջին «բոմբը»: Րաֆֆին Ազատության հրապարակում ասում է. «Չարաճճի հանրապետականներ... ձեր օրերը հաշված են»: Դու քարը քարին չմնացած քո հաղթանակից քանի՞ օր հետո ես դա ասում: Դիլիջանն ու Իջեւանը, նաեւ մարտի 5-ի սակավամարդ Ազատության հրապարակը քեզ չե՞ն ասում, որ ավելի շուտ ամբողջ հայ ժողովրդի օրերն են հաշված, բայց ոչ քո եւ հանրապետականների, որոնց լավագույն խոսափողը եղար բոլոր այս օրերին Էդիկ Շարմազանովից բեթար:



 



Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ