Սկզբում էր բանը. մշակույթային անդամալուծության մասին

Սկզբում էր բանը. մշակույթային անդամալուծության մասին
Հարցնում են՝ ի՞նչ ես անում։ Պատասխանում եմ՝ գիրք եմ ծախում։ Ու հաճախ լսում եմ՝ ի՞նչ գիրք, բառարա՞ն։



-Չէ,- ասում եմ,- մենակ բառարան չէ։



-Բա՞, համ էլ դասագիրք-մասագիրք։



Մտածում-մտածում եմ։ Չէ, հաստատ մասագրքեր չեմ վաճառում։



-Գիրք, ընկեր, սովորական, տարբեր գրքեր եմ վաճառում,- ասում եմ։



-Այսի՞նքն։



-Գիրք, եղբայր, վեպեր օրինակ, պատմվածքներ, բանաստեղծություններ։



-Հահաաաա, բա առնու՞մ են։



Նայում եմ դեմքին։ Սենցներն ախր շատ են։ Մեկ-մեկ մտածում եմ, որ չափից շատ են։



-Հա,-ասում եմ,- առնում են։



- Փաստորեն առնում են, տանում կարդու՞մ են։ Վեպ-մե՞պ։



Քցում-բռնում եմ։ Մեպ կարծես թե ոչ մեկ չի կարդում։



-Հա,-պատասխանում եմ ու տեսնում, որ չի հավատում։ Չի տեղավորվում էդ հերն անիծած միտքը, որ կարելի է ինչ-որ բան կարդալ, հետն էլ դրա համար փող տալ։ Վերջերս մեկը եկել, ասում է՝ լավ գիրք տու´ր։ Տալիս եմ կարգին բան՝ ֆանտաստիկայից։ Արհամարհում է։ Փորձում եմ Շեքսպիր։ Մռայլվում է՝ ախպեր, բառարան-մառարան չունե՞ս։



Ունեմ։



Մանավանդ՝ մառարան։



 



Լավ։ Գրքերն անցնենք։ Դրանք շատ են էկզոտիկ հիմա։ Բայց երբ այսպիսի «մշակույթային անդամալուծությունը» տարածվում է այլ ոլորտների վրա…!!!??? Սա հենց անդամալուծություն է։ Պատկերացրեք, որ չկա ոտքերից մեկը, կամ ձեռքը։ Նույն կերպ էլ մարդու միտքն է կարող կորցնել, որոշ կարևոր անդամներ։ Օրինակ՝ գրականություն, երաժշտություն… Նույնիսկ երաժշտություն։ Հանդիպել են դեպքեր։



-Սաղ օրը Թուփաք-մուփաք, Շոպեն-մոպեն ես լսում։



-Բա դու ի՞նչ ես լսում,- հարցնում եմ։



-Ես մենակ լուրեր եմ լսում, ես զահլա չունեմ։



Ու ես կորցնում եմ էնտուզիազմը՝ սրան բացատրելու, որ իրականում չկան մուփաք ու մոպեն…



Նույնիսկ ֆիլմեր։ Կան մարդիկ, ովքեր չեն նայում ֆիլմեր…Կան Մարդիկ, Ովքեր Չեն Նայում Ֆիլմեր…ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ՆԱՅՈՒՄ ՖԻԼՄԵՐ!!!



WTF?



Ու ինչու՞ չկա հատուկ հաշմանդամության կարգավիճակ այսպիսի անդամալույծների համար։ Ոչ բան է կարդում, ոչ բան է լսում, ոչ բան է նայում…



Իսկ սկզբում էր բանը…



Ինչու չկան հատուկ դիսպանսերներ, որպեսզի այս կաստրատներին հատուկ խնամքի ենթարկեն ու հեռու պահեն հասարակության առողջ անդամներից, որպեսզի վերջիններս զերծ մնան ավելորդ էկզիստենցիալ շոկերից։ Ինչու՞, հարցնում եմ, հասարակական վայրերում չկան առանձին սրահներ՝ հատուկ տարբերանշաններով, որտեղ չէր լինի երաժշտություն, որտեղ կլինեին սպիտակ պատեր ու չէին լինի էկրաններ։ Միգուցե սա ռասիզմ է՞ կաստրատների նկատմամբ։



Ես հոգնեցի այս մասին մտածելուց։ Ավելի լավ է մի բան լսեմ...կամ կարդամ ավելի լավ մի բան։ Թե՞ նայեմ ֆիլմ։ Գուցե՞ փորձեմ գտնել որևէ միլմ։



 



Վահե Ղուկասյան