Ես ձեզ չեմ լքելու

Ես ձեզ չեմ լքելու
Ժամը 11-ից Ազատության հրապարակում իրեն սպասող մարդկանց առաջ վերջապես ժամը 12:20-ին հայտնվելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր երկարաշունչ ելույթը:



 



«Ես ձեզ երբեք, որքան ինձ Աստված կյանք տա, ձեզ չեմ լքելու, միասին կկանգնենք մինչեւ հաղթանակ, մինչեւ իմ վերջին շունչը ես ձեզ կմնամ հավատարիմ եւ հաշվետու: Ես ձեզ համար եւ ձեզ հետ միասին կկռվեմ, պայքարս կտամ, արյունս կտամ, միայն թե կերտենք միասին ազատ, անկախ միացյալ տունը հայկական: Դուք ինձ վստահության քվե տվեցիք ոչ միայն իմ նախագահական 5 տարվա ծառայության համար, այլ մի ամբողջ կյանքի ծառայության համար: Այդ վստահության քվեն, հավատացեք, ես կրելու եմ իմ սրտով, իմ կյանքով եւ ձեզ հուսախաբ չեմ անելու»,- ասաց նա, որից հետո հավաքվածների հետ միասին երդվեց իր կողմից կազմված տեքստի վրա:



 



Թե ինչ էր լինելու հաջորդ քայլը, պարզ չէր: Մարդիկ հենց այդ ամենավճռականին էին սպասում եւ բացականչում էին՝  հի-մա, հի-մա: Հովհաննիսյանի մեկ ժամից ավելի տեւած ելույթի ժամանակ հավաքվածները պարբերաբար բացականչում էին՝  հի-մա, հի-մա: Այդ «հիմա»-ների ազդեցությունն էր, որ ստիպեց նրան ուղղվել դեպի Բաղրամյան պողոտա: