ՀՀԿ-ն պատասխանում է Օսկանյանին

ՀՀԿ-ն պատասխանում է Օսկանյանին
ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանել է նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական պատգամվոր Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որոնք նա արել է «Ռեգնում» գործակալության հետ հարցազրույցում:



Սահակյանի այտարարության մեջ ասում է. «Տհաճորեն զարմացա, երբ կարդացի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը Ռեգնում գործակալությանը:

Պարոն Օսկանյանը խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին և մեղմ ասած խոսում է ոչ անաչառ: Այսպես օրինակ, ըստ նրա, վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները անկում են ապրում, փոխայցելություններում սառնություն է նկատվում և ընդհանուր առմամբ, զրկված են բովանդակությունից: Չեմ վախենա հայտարարել, որ պարոն Օսկանյանը մեծապես սխալվում է և կպնդեմ, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխգործակցությունը ամուր է քան երբևէ և մեր համագործակցության պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին է հասել:



Ինչպես հայտնի է, որևէ երկու երկների հարաբերություններում բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունների ամենաբարձր աստիճանը համարվում է պետական այցը: Պարոն Օսկանյանին հիշեցնեմ, որ ոչ նրա պաշտոնավարաման տարիներին, ոչ էլ նրանից առաջ Ռուսաստանի նախագահի պետական այց Հայաստան չի եղել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը պետական այցով Հայաստան է այցելել 2010թ-ին: Ոչ պարոն Օսկանյանի պաշտոնավարաման տարիներին, ոչ էլ նրանից առաջ Հայաստանի նախագահի պետական այց չի եղել Ռուսաստան: Հայաստանի նախագահ Սարգսյանը պետական այցով Ռուսաստան է այցելել 2011թ-ին: Ես ընդամենը փոխայցելությունների հարցում անդրադարձա հայ-ռուսական հարաբերություններին, սակայն չկա մեր երկու երկրների համագործակցության ոլորտ, որտեղ վերջին տարիների ընթացքում առաջընթաց չգրանցվի:



Պարոն Օսկանյանը դժգոհ է Հայաստանի արտաքին քաղաքականությունից: Երկու խոսքով նրա մոտեցումը կարելի է այսպես բնութագրել. իմ ժամանակ ամեն ինչ շատ լավ էր, ինձնից հետո ամեն ինչ փչացավ: Կրկին պիտի չհամաձայնեմ նրա հետ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսօր շատ ավելի բազմաշերտ և շատ ավելի ընկալելի՝ միջազգային հարաբերությունների կարևոր խաղացողների համար, քան երբևէ: Դիտարկենք օրինակ հայ-ամերիկյան հարաբերությունները: Մինչ 2010թ-ը, վերջին անգամ ԱՄՆ պետաքարտուղարը Հայաստան էր այցելել հեռավոր 1992թ-ին: Հետաքրքիր է, ինչու օսկանյական տաս տարիներին որևեիցե ԱՄՆ պետքարտուղար չգնահատեց կոպլեմենտարիզմը և չեկավ Հայաստան։ Նախորդ պետքարտուղարը երկու անգամ ՝ 2010թ-ին և 2012-ին Երևան այցելեց:



Կամ վերցնենք Եվրամիության հետ հարաբերությունները: Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին այնքան առաջ է գնացել, որ համարվում է այսօր Արևելյան գործընկերության «գերազանցիկներից» մեկը՝ Վրաստանի և Մոլդովայի հետ միասին:

Այսօր Հայաստանը հանդիսանում է վստահելի և կայուն գործընկեր ամբողջ միջազգային հանրության համար: Մեր արտաքին քաղաքականությունը ընկալելի է թե Արևմուտքի թե Արևելքի, թե Հյուսիսի թե Հարավի համար: Այն հասել է մի մակարդակի, որ ինչպես նշել էր Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին, լավ օրինակ է ծառայում մյուս երկների համար:

Իհարկե, Վարդան Օսկանյանը Հայաստանի դիվանագիտության մեջ ավանդը չպետք է ուրանալ, բայց նա, հավանաբար կարծում է, որ եթե նա չէ մեր դիվանագիտության ղեկին, ապա մեր երկրի արտաքին հարաբերությունները պիտի անկում ապրեն: Բարեբախտաբար, փաստերը և զարգացումները տրամագծորեն հակառակն են ցույց տալիս»: