Ժողովրդին ուժեղ առաջնորդ է պետք եւ ոչ թե կնոջ սիրած կոշիկը կորցրած խենթ սիրահար…

Ժողովրդին ուժեղ առաջնորդ է պետք եւ ոչ թե կնոջ սիրած կոշիկը կորցրած խենթ սիրահար…
Երեկ քայլերս ինձ տարան Ազատության հրապարակ: Հիմար մի սովորություն ունեմ. կարող եմ քննադատել քաղաքական առաջնորդի բացթողումները,  ինչքանով ի վիճակի եմ լինում նկատել, հումորով կսմթել նրան, մինչեւ ուշադրությունը սեւեռի տվյալ հարցի վրա, բայց երբ նա պարտվում է, երբ վայր է դնում զենքերը, ես էլ իմ գրիչն եմ  վայր դնում, շատ հաճախ օգնության նպատակով կանգնում այդ մարդու կողքին …



 



Ճանաչողներս ինձ ասում են,  պարտվողների ընկերն եմ:  Դա է պատճառը, որ երբեք հաղթողների հետ խրախճանքի չեմ մասնակցել, անգամ եթե այդ հաղթողը մի քիչ իմ սրտով է եղել… Ինչեւէ, կարծում եմ հասկանալի է, թե ինչու քայլերս ինձ տարան Ազատության հրապարակ: Րաֆֆուն համարում էի արդեն պարտված քաղաքական գործիչ եւ հետաքրքիր էր, թե ինչպիսի արժանապատվությամբ է նա ընդունում սեփական պարտությունը եւ ամենակարեւորը՝ ինչպե՞ս է տրամադրված նրա շուրջ հավաքված հանրությունը: Հավաքվածները, որոնք քիչ էին, մի տեսակ «թրջվածի» նման էին, թեւները կախ:  Փորձում էին կողքիններից ինչ որ բան իմանալ՝ Րաֆֆին գալու՞ է, ինքնաթիռի բան է, մեկ էլ տեսար «զադերժկա եղավ», հանդիպե՞լ է Պուտինին, Մեդվեդեւին, լավ լուր ունի՞…Արդեն մոտենում էր նշանակված ժամը՝ 6-ը, ակտիվիստներն անհանգիստ էին՝ անընդհատ հայացքով ընդգրկում էին հրապարակն  ու հավանաբար հարաբերական դատարկությունից մթնում… Այդ պահին անձրեւի երկունքի ցավերը բռնեցին:



 



Մի ցավ, մի ճղղոց, մի լաց, մի սելավ, բոլորը փախան ինչ որ վրանապատ ու դեռ ամառային շահագործման չհանձնված սրճարանատիպ տարածք… Մի լավ հարսանքավորների թիվ էինք, զուռնան էր պակաս, էն էլ երկնքից էր տրվում: Զրուցակիցներս երկու պատկառելի տղամարդիկ էին: Մի քիչ զգույշ էի՝ թունդ րաֆֆիական չլինեն ու ինձ գզզեն… Անձրեւն էլ է Հանրապետականի կողմից,- խոսք բացելու միտումով ասաց նրանցից մեկը: Մյուսն արձագանքեց՝ մեռավ, պրծավ Րաֆֆին… Աչքերով շոշափեց շուրջը՝ հասկացնելով, թե ինչը նկատի ունի: Ձեն չէի հանում: Զգալով քար լռությունս, անցավ հարձակման կամ կտրուկ գործողությունների՝ քուր ջան, ապրիլի 9-ին այստեղ էի՞ր… Ստանալով իմ բացասական պատասխանը, արձագանքեց. «Ափսոս, ոնց որ Լեւոնի հանրահավաքը լիներ, այնքան մարդաշատ էր, ժողովուրդն այնպես ոգեւորված էր, սարեր շուռ կտայինք»: Երբ ասացի, որ սարեր շուռ տալու համար ընդհարում պետք չէր, գազազեց՝ առանց արյան ո՞վ է մեզ իշխանություն տալու… Էլի հասկացա, մարդիկ այս իշխանությանն արդեն նայում են որպես թշնամի կողմ ու «պատերազմ են ուզում»:



 



Զրուցակիցս չէր հանդարտվում. «Րաֆֆին ժողովրդին երկու մասի բաժանեց, մի մասին առավ ու ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդ թռավ, որպեսզի Բաղրամյանում քիչ մարդ մնար ու այդ քչով պահանջ չկարողանային թելադրել… Լեւոնի ժամանակ ժողովրդին երկու մասի բաժանելու գործողությունը վերեւներից կատարվեց, այս անգամ այդ «պատվաբեր» գործը Րաֆֆին արեց… Ոստիկանապետն ի՞նչ մեղք ունի, եթե առաջնորդը կամավոր կապիտուլացիայի է ենթարկվում»: Իսկ ի՞նչ էիք ուզում՝ արյու՞ն,- հարցրի… «Ինչու՞ արյուն,- բորբոքվեց,- ողջ ժողովուրդը պատրաստ էր Բաղրամյանի դեմը նստել՝ մինչեւ նախագահը հրաժարական տար կամ ինչ որ ընդառաջ քայլ աներ: Րաֆֆին փախավ, գիտակցելով, որ մնացածների հետ կարող են վարվել ամենայն դաժանությամբ… Այդպես էլ եղավ : Թող էլ կանցերտ չտա»: Այդ դեպքում ինչու՞ եք եկել, նման մարդուց ի՞նչ սպասելիք ունեք,- հակադրվեցի: Շուրջս նույնակարծիք մարդիկ էին հավաքվել ու բաց բերաններով խոսողի խոսքերն էին կլանում: «Ինչու եմ եկե՞լ,- կրկնում էր,- եկել եմ տեսնեմ՝ ո՞նց է արդարանում: Սա իմ վերջին գալն է, թող գնա ավագանու ընտրությունների համար իր համար շաշեր գտնի»:



 



Հանկարծ պատսպարված ժողովուրդը լսեց, որ Րաֆֆին միկրոֆոնով խոսում է: «Ժողովուրդ, Րաֆֆին եկել ու խոսում է,- ձայն տվին,- մոտեցեք»: Րաֆֆին Մոսկվայից եկել է, լուր բերած կլինի,- խոսում էին,- գնանք, տեսնենք՝ ի՞նչ է ասում: Մոտեցանք: Բնության կողմից անձրեւից թրջված լինելը տանելի է, բայց երբ մարդ թրջվում է հիասթափության անձրեւից, սոսկալի է: Այդպիսին տեսա ես Ազատության հրապարակը… Մոտեցանք: Րաֆֆին բարկացած էր խոսում: Վիրավորում էր եւ՛ իշխանությանը, եւ մյուս քաղաքական ուժերին: Փաստորեն կրկին ջուր է ծեծում… Շատերի դեմքներին  նկարված էր ակնհայտ քմծիծաղն ու հեգնանքը: Ոչ, Րաֆֆին չի կարողանում հասկանալ ու ընդունել սեփական պարտությունը, դրանով իսկ ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն… Րաֆֆին չի հաշտվում կորցրածի հետ… Ոչ մի խոսք չի ասում Մոսկվայից հաղթանակը բերելու մասին… Էլի զգայական դաշտում է աշխատում, ինչ որ ծաղկեփնջեր նվիրում նրանց, ովքեր մարտնչել են ապրիլի 9-ին: Տեսնելով, որ հրապարակը չի տաքանում, էմոցիոնալ դաշտ է մտցնում կնոջը: Արմինեն ասում է. «Ինձ սեղմել էին վահանների մեջ ու ես կորցրել էի իմ գիտակցությունը. լսում էի Կարինի ցավը»: Րաֆֆին ասես նոր է իմանում այդ մասին ու բորբոքվում է՝ պահանջելով այդ ոստիկանների հրաժարականը: Հետո Արմինեն մեղմում է՝ ոչ, Րաֆֆի, ոչ. «այդ ոստիկանների աչքերն ավելի վախեցած էին, որովհետեւ ստիպված էին անել մի բան, ինչը չէին ուզում անել»:



 



Հետո Արմինեն պատմում է, թե ինչպես է այդ հրմշտոցում կորցրել սիրած կոշիկները. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանալ Ծիծեռնակաբերդ»… Մնացել էի շիվար ու կարկամած, իսկ երբ Արմինեն պատմում էր երիտասարդ ոստիկանի արցունքների մասին, սպասում էի, որ կասի՝ թաշկինակս հանեցի ու մաքրեցի… Գլուխս բռնեցի ու.. փախա… Մի՞թե կարելի է նման բաներ ասել Ազատության հրապարակում, լալկան երեխայի պես լացել, անգամ Արմինեի ամուսինն ասաց, որ ոստիկաններն իրեն չորքոտանի էին դարձրել… Այդքանից հետո՝ ոստիկանապետի հետ բոբիկ ոտքերով գնալ Ծիծեռնակաբերդ ու մեծարել ոստիկանին ու ոստիկանությանը, ուղղակի կրոնական հողի վրա խելագարություն է, ուրիշ ոչինչ… Կանգ առ, Րաֆֆի: Արժանապատվորեն ընդունիր պարտությունդ: Շիտակ եղիր:  Այդքան ծիծաղելի մի դառ… Սա թատրոն չէ  եւ ժողովրդին ուժեղ, հավասարակշռված,սթափ առաջնորդ է պետք եւ ոչ թե իրեն չորքոտանի անվանող ու կնոջ սիրած կնոջ կոշիկները կորցրած խենթ սիրահար: Սա խայտառակություն է, քիչ էր մնում գոռայի՝ Արմինե, սիրած կոշիկդ կորցնելու համար մարդուդ մեղադրիր, ժողովուրդն ի՞նչ անի… Պահանջիր զորավար Վովայից, որ կոշիկիդ փոխհատուցումը տա: Կոշի՞կդ էր ամենամեծ բանը, որ կորցրիր: Դու դա չպետք է բարձրաձայնեիր, որովհետեւ բաներ կան, արժեքներ, որոնք չպետք է էժանացնել… հանրայնացնել… Ամենամեծ բանը, որ կորցրիք, դա հանրության վստահությունն ու աջակցությունն էր, որը չկարողացաք գնահատել… Իսկ կոշիկը, փառք Աստծո, կարող եք փող պարտք առնել ու գնել… Մնում է տարակուսել՝ հանրությունը ոչ մի բան չկորցրե՞ց…



 



Միայն Արմինեն ու Րաֆֆի՞ն կորցրին…  Հուսանք, որ Րաֆֆին արժանապատվորեն կընդունի իր քաղաքական պարտությունը, որպեսզի մամուլն ու քաղաքական դաշտը  հանգստանան, որպեսզի ժողովրդական շարժումը իր միջից ծնվող նոր ուժերով բոցկլտա… Ազատության հրապարակը խորհրդանշում է պայքարի ոգի…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ