Երեւանն առանց երեւանցիների

Երեւանն առանց երեւանցիների
«Մեր փորձառու եւ սրտացավ թիմի շնորհիվ կկարողանանք ավելի լավ Երեւան, ավելի լավ բակ, ավելի լավ վարչական շրջան ունենալ»: Սա հատված է Տարոն Մարգարյանի ելույթից Շենգավիթ համայնքում: «Լավ Երեւան», «Նոր Երեւան» այս բառերը դուրս են թռչում իշխանական բարձրախոսներից՝ Ավանից Չարբախ, Բանգլադեշից՝ Սովետաշեն:



 



ՀՀԿ-ական առաքյալները եւ նրանց ուղեկցողները հագուկապով, չնաշխարհիկ մեքենաներով շահեկանորեն առանձնանում են ծայրամասերի քրջոտ պեյզաժի եւ հատկապես թոշակառու զանգվածի ֆոնին: Բնակիչներն էլ՝ բերանները բաց նայում են այլմոլորակայիններին, որոնք իշխանության տիեզերական բարձունքից եկել-ընկել են իրենց «հայաթ»: ՀՀԿ առաջին համար Տարոն Մարգարյանն իրեն շատ վստահ է զգում հանդիպումների ժամանակ: Ամեն թաղում գտնվել էր մի խանութպան, մի «բուդկըչի», ընտրությունների բովով անցած մի փորձառու փող բաժանող, ով նրա նկարն է խփել իր օբյեկտի պատին, տակն էլ գրել. «Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ»: ՀՀԿ քարոզարշավի պատասխանատուները շեֆերի սիրուց մոռացել են, որ Հայաստանում այլ ընտրակարգ է ընդունված, եւ որ երեւանցին, մայիսի 5-ին մտնելով ընտրատեղամաս եւ քվեաթերթիկը վերցնելով, փորձելու է ընտրաթերթիկում գտնել Տարոնի անունն ու չի գտնելու եւ այնտեղ ընդամենը կուսակցությունների անուններ է տեսնելու: Որ կուսակցությունն ինչ է անելու երեւանցու համար, բակային ելույթներից պատկերացնել անհնար է:



 



«Կարեւորագույն խնդիրը դա մաքրությունն է: Մենք փորձել ենք այն իրականացնել, բայց նոր ծրագրով հանդես ենք գալիս նոր նախաձեռնությամբ՝  միջազգային չափանիշներին համապատասխան ձյան մաքրման մեքենաներ ենք բերելու, աղբահանման մեքենաներ, աղբի վերամշակման մեքենա»,- ասում է Տարոն Մարգարյանը, բայց կեղտի մեջ թաղված բակերի բնակիչները չեն ընկալում, որովհետեւ միջազգային չափանիշներին անհամապատասխան ձյան մաքրման մեքենաներ էլ չեն տեսել, էլ ուր մնաց համապատասխան, գոնե հասարակ բահ կամ աղ, որ բերեն-լցնեն սառցակալած բակերը: Ֆանտաստիկ այս տեխնիկայի մասին է գրված ՀՀԿ նախընտրական ծրագրում, որը փորձեցինք ընթերցել հասարակ երեւանցու աչքով:



 



Այսպես, «Քաղաքաշինություն» բաժնում, որպես ծրագրային դրույթներ, ներկայացված են քաղաքապետարանի առօրյա աշխատանքները: Օրինակ, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար նոր բազմաբնակարան շենքերի կառուցում՝ հարց, որն օրենսդրությամբ է կարգավորվում, Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի հիմնում, ինչը 2004-ից արծարծվող խնդիր է, կա հողահատկացման վերաբերյալ կառավարության որոշում, եւ քաղաքապետն ուզենա, թե ոչ, պետք է լուծի: «Կրկեսի շենքի կառուցումը», որը «Տաշիր» ընկերությունն է անում, պարտավորություն է, ոչ թե ծրագրային դրույթ, եւ վատ չէր լինի, եթե քաղաքապետարանն ավելի ստեղծագործաբար վերաբերվեր այս հարցին եւ իր նախաձեռնությամբ երկրորդ կրկեսը կառուցեր, վերացնելով կրկեսային արվեստի զարգացումն արգելակող մենաշնորհը: «Ժամանակակից հյուրանոցային ցանցի ընդլայնում»,- գրված է ՀՀԿ ծրագրում: Հասկանալի չէ, թե երեւանցիների ինչին են պետք նոր հյուրանոցներ եւ տուրիզմի զարգացման նոր օբյեկտներ, որոնք դատապարտված են, մեղմ ասած, ինտիմ հանդիպումների վայրեր դառնալուն:



 



Ասֆալտին եւ ասֆալտապատմանը միանգամից մի քանի կետ է նվիրվում «Բարեկարգ Երեւան» բաժնում. քաղաքային նշանակության մայրուղիների հիմնանորոգում, հողային ծածկույթով ճանապարհների վերակառուցում եւ ասֆալտապատում, փողոցների եւ մայթերի շուրջ 4 մլն քմ ասֆալտ-բետոնե ծածկի վերանորոգում եւ այլն: Այս բոլորը երեւանցիները չեն կարող ոգեւորությամբ ընդունել, որովհետեւ Երեւանում ասֆալտն ու փողերի լվացումը հոմանիշներ են: Լավ կլիներ, ծրագրում գոնե մեկ տող գրվեր ասֆալտապատման աշխատանքների որակի վերահսկողության մասին: «Լուսավոր եւ հարմարավետ Երեւան» գայթակղիչ վերնագրի տակ կարդում ենք. կանաչ լուսավորություն, նոր քաղաքային կահավորանք, բակերի ժամանակակից էներգախնայող լուսավորում, շենքերի արտաքին ձեւավորում եւ այլն: Եթե այս ամենն ստացվի, վատ չէ, բայց տպավորություն է, որ ոտաբոբիկ եւ անտուն ծերուկին կրկին փորձում են փայլփլուն բաճկոն հագցնել, փոխանակ մի զույգ կոշիկ նվիրեն: Երեւանցիներին պետք են պետության կողմից կառուցված տներ, նորոգված մուտքեր ու վերելակներ, նոր տանիքներ, մաքուր բակեր, վերականգնված այգիներ, բակային ջրավազաններ, անփոս եւ անփորձանք ճանապարհներ, կոյուղու նոր համակարգեր:



 



Մինչդեռ ՀՀԿ ծրագրում չափից դուրս ուշադրություն է դարձվում արտաքին էֆեկտին, որոնք երջանկության պատրանք են տալիս, բայց ավելի են մարդուն օտարում օր օրի անհոգի դարձող քաղաքից: Գուցե սա է պատճառը, որ տոնական օրերին քաղաքը փայլում է, բայց մտահոգ են մարդկանց դեմքերը: «Մաքուր, կանաչ Երեւան» ենթավերնագրի ներքո ցնցող տեղեկություն ենք հայտնաբերում: Պարզվում է՝ 2009-2013 թվերին Երեւանում, մարդկանցից աննկատ 18 զբոսայգիներ եւ պուրակներ են վերականգնվել՝ 13,3 հա ընդհանուր տարածքով, 20 հեկտար կանաչ տարածք, 61 հեկտար սիզամարգային խոտածածկ է ավելացել: Տեսնես բացօթյա սրճարանների ներսի խո՞տն են հաշվել, թե՞ Սարյանի արձանի կողքի նորատունկ կակաչները: Աղբը մի առանձին պատմություն է: Այն, ինչի մասին խոսվում է վերջին 15 տարիներին, ինչը պետք է վաղուց ունենայինք, ինչի վերաբերյալ պետք է կոշտ հարցադրումներ արվեին այդ նույն ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ական քաղաքապետերին՝ միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, մաքրող եւ լվացող, ձնահավաք մեքենաների ձեռքբերում, աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության հիմնում, այժմ ներկայացվում է որպես «լավություն»: Մինչդեռ սա պետք է արվեր լուռ, ինչպես տան երեխան է հյուրերից աննկատ իջնում խանութ ու սուրճ բերում, որպեսզի ոչ ոք չնկատի, որ տանը սուրճ չկար: