Քարոզարշավը սեպտեմբերին լիներ՝ խաղողհավաք կանեինք

Քարոզարշավը սեպտեմբերին լիներ՝ խաղողհավաք կանեինք
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության այս օրերին ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ ԲՀԿ-ի  քարոզիչները՝ դավթարները ձեռքներին, տուն առ տուն շրջելով, քարոզչություն են իրականացնում՝ ընտրողներին առաջարկելով բժշկական, նյութական եւ այլ ծառայություններ: ԲՀԿ-ական քարոզիչները հանգստյան օրերին նույն առաքելությամբ թակել են նաեւ մեր թերթի լրագրողների դռները:



 



Նախ հետաքրքրվել են, թե ինչ կարծիքի են ԲՀԿ-ի մասին, ապա՝ թե ինչ խնդիրներ ունեն հոսանքի, գազի, ջրի, կոմունալ վարձավճարների մասով եւ առաջարկել՝ եթե խնդիրներ ունեն, կարող են դիմել իրենց: Սակայն «քյաշ» փող չեն առաջարկել՝ ասելով, թե երեկոյան ժամին կուսակցության տարածքային գրասենյակում ժողով է, կարող են գալ ու ներկայացնել իրենց խնդիրները: Խոստացել են, որ որոշակի աջակցություն կլինի: Ընդ որում, ԲՀԿ-ական քարոզիչներին սովորեցրել են, որ, օրինակ, «ընտրակաշառք» բառը լսելիս սուր ռեակցիա տան եւ փորձեն բացատրել, որ իրենց առաջարկածը պարզապես աջակցություն է՝ բարեգործություն, որը ողջ տարվա ընթացքում է արվում: Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում առաջարկվող «հումանիտար օգնություններն» ակնհայտ ընտրակաշառք են, ինչը քրեորեն պատժելի արարք է եւ առաջարկողի, եւ վերցնողի դեպքում: Թե ինչու է ԲՀԿ-ի հումանիզմն այս օրերին այսպես ակնհայտ դարձել, փորձեցինք պարզել ԲՀԿ ցուցակի 2-րդ պատվավոր հորիզոնականն զբաղեցրած մեծահարուստ Գուրգեն Արսենյանից:



 



- Պարոն Արսենյան, այս օրերին ԲՀԿ-ականները շրջում են շենքերով եւ ընտրողներին առաջարկում  սոցիալական ծառայություններ՝ գազի, հոսանքի, կումունալ այլ ծախսեր հոգալու, ինչպես նաեւ բժշկական անվճար ծառայություններ: Նախընտրական շրջանում ինչո՞ւ եք նման ծառայություններ մատուցում:



 



- Ձեր կողմից նշված մարդիկ որեւէ փաստաթուղթ ցույց տվե՞լ են, որ ԲՀԿ անդամ են:



 



- Ներկայացան որպես ԲՀԿ-ականներ, ցուցակ ունեին,  ճշտում էին հասցեատերերին, ինչից հետո միայն վերոնշյալ առաջարկով էին հանդես գալիս:



 



- Նախընտրական փուլում տարբեր տեսակի դեզինֆորմացիաներ կան: Նմանատիպ լիազորություններով մեր ընտրական թիմի անդամները չեն գործում: ԲՀԿ-ական քարոզչական այն խմբերն են  այցելում տները, որոնք որ պետք է զբաղված լինեն  քարոզչություն անելով: Մնացածը որեւէ մեկի լիազորությունից դուրս է:



 



- Բնակիչն ինչպե՞ս պետք է տարբերի՝  ծառայություն առաջարկողները ԲՀԿ-ական քարոզչական խմբի անդամնե՞ր են, թե՞ «այլ մարդիկ», ովքեր փորձում են վնասել կուսակցության հեղինակությունը:



 



- Եթե էդ մարդը գալիս է, բերում է ծրագիրը ու բացատրում, պատմում դրանից, հասկանալի է, որ էդ մարդիկ քարոզչական թիմի անդամներ են:



 



- Իսկ եթե Ձեր ասած ձեւով ներկայացնում են, ապա  առաջարկում օգնությո՞ւն:



 



- Քարոզչությունից բացի, որ առաջարկում են օգնություն, խոսքն այդ մարդկանց մասին չէ, այլ այն մարդկանց, որոնք մենակ օգնություն են առաջարկում, ովքեր օրենք են խախտում:



 



- Այսինքն, եթե նախընտրական շրջանում կուսակցության անունից որեւէ աջակցություն է առաջարկվում, դա օրենքի խախտո՞ւմ է:



 



- Այո, դա օրենքի խախտում է:



 



- Պարոն Արսենյան, ԲՀԿ ծրագրում, ինչպես մյուս  կուսակցությունների ծրագրերում, առաջնայինը մայրաքաղաքի կանաչապատումն է: Ինչո՞ւ արդյունաբերական որեւէ ձեռնարկության վերագործարկման կամ ծայրահեղ անապահովներին կացարանով ապահովելու կետ չկա:



 



-   Բազմաթիվ ծրագրերի նպատակներ ունենք, մեր նպատակները կարեւոր են նրանով, որ մենք հասկանում ենք, որ մարդը եթե չի աշխատում, ապա դա որեւէ լավ բանի չի կարող բերել: Սակայն այդ հարցն ուզում եմ ուղղեք հանրապետության կառավարությանը, քանի որ դա իրենց սուրբ պարտականությունն է: Մի մոռացեք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են:



 



- Այսինքն, ՏԻՄ գործառույթների մեջ չե՞ն մտնում  մարդկանց կացարանի, աշխատանքի խնդիրները:



 



- Դա իր գործառույթների մեջ մտնում է, բայց դա քարոզարշավի քարոզչական նյութ չէ, որ հիմա հռչակես, դա ամենօրյա գործունեություն է:



 



- Ծառատունկը, կանաչապատումն ամենօրյա չե՞ն, դա  քաղաքապետի ամենօրյա պարտականությունը չէ՞:



 



- Այո, կանաչապատումն առաջին հերթին ուղղված է քաղաքացիների առողջության պահպանմանը, դա քաղաքային իշխանությունների առաջնային խնդիրներից մեկն է, բայց արդյունաբերական  ձեռնարկության ստեղծումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից չէ, դա կառավարության գործունեության ոլորտն է, որը գործադիր իշխանությունն է:



 



-  ԲՀԿ-ն 2009 թվականից քաղաքային իշխանության մաս է կազմում, ի՞նչ դեր է ունեցել Ձեր մատնանշած խնդիրների լուծման հարցում:  



 



- Քաղաքային իշխանության մեծամասնությունը եղել է Հանրապետական կուսակցությունը, այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, իրենց որոշումների արդյունքն է, եւ մի փորձեք ուրիշների չարածը ասել էն մարդկանց, որոնց իրավասությունները քիչ են, չի կարելի: Պատասխանատուի չարածը չի կարելի բարդել այն մարդկանց վրա, ովքեր չունեն այդ իրավասությունները: Պատասխանատուների աշխատանքը կատարելու համար նրանք նաեւ իրենց իրավասություններն ունեն եւ դրանք ունենալով՝ իրենց պարտականությունները չեն կատարել: ԲՀԿ-ն ինչքան որ հնարավորություն է ունեցել, խնդիրները լուծել է:



 



- Ամեն դեպքում, ավագանու ԲՀԿ-ական անդամները  ՀՀԿ-ի հետ համատեղ աշխատանքից դժգոհ չեն: 



 



- Խնդիրն այն է, որ դուք լուսաբանում եք այն որոշումները, որոնք որ եղել են ավագանու նիստերին, բայց չէ՞ որ բազմաթիվ որոշումների նախագծեր են եղել, որոնք չեն մտել ավագանու օրակարգ, որովհետեւ ԲՀԿ անդամները տեղյակ են եղել, որ եթե մտավ, սկանդալ կլինի: Խնդիրը մեծամասնությունն ու փոքրամասնությունը չէ, խնդիրն այն է, որ չպետք է լինի միահեծան կառավարում: Երբ որ քաղաքական ուժերի դասավորությունը կլինի այնպես, որ ամեն մի քաղաքական ուժ կհասկանա, որ իր ավագանու ձայնով է որոշվում քվեարկությունը, էդ ժամանակ շատ լուրջ ու արդյունավետ քննարկումների ականատես կլինեք: Հռոմեական կայսրության ժամանակներից եկած սկզբունք է՝  իշխանությունն այլասերում է, բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակորեն: Հանրապետականը բացարձակ իշխանություն է:



 



 - Պարոն Արսենյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ քաղաքապետ  է Տարոն Մարգարյանը:



 



- Տարոն Մարգարյանը Տարոն Մարգարյանի պես քաղաքապետ է:



 



- Ինչո՞ւ եք ծառատունկն ընտրել որպես նախընտրական քարոզարշավի բաղկացուցիչ մաս: Դա ի՞նչ է խորհրդանշում:



 



- Շատ պարզ պատճառով, որովհետեւ գարնանն է ընթանում քարոզարշավը, եթե սեպտեմբերի վերջին լիներ, խաղողհավաքը կլիներ քարոզարշավի բաղկացուցիչ մաս: