Քիչ էր մնում ինձ շփոթեին Նաիրի Հունանյանի հետ

Քիչ էր մնում ինձ շփոթեին Նաիրի Հունանյանի հետ

Հոկտեմբերի 27-ի մասին շատ է գրվում, հատկապես վերջին շրջանում: Յուրաքանչյուր դեպքի թարմացում, բնական է, հուշում է, որ ծաղիկների ջուրը փոխող, թարմացնող կա, որ նորովի այն հնչի: Այդ օրերի հետ կապված ես էլ մի հիշողություն ունեմ, երբ ինձ քիչ էր մնում շփոթեին Նաիրի Հունանյանի հետ: Այդ օրվանից հասկացա, որ Ազգային ժողովում ցանկացած անսպասելի բան կարող է լինել:
Հոկտեմբերի 27-ից մի 20 օր անցել էր: Գորիսի քաղաքապետ Համլետ Մկրտչյանի նշանակած կադրերի դեմ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քաղաքական հալածանք էր սկսել: Ես էլ էի մտնում այդ կադրերի մեջ, դպրոցի ընտրված գործադիր տնօրեն էի: Բնական է, հարցը մենք չէինք, այլ նորընտիր քաղաքապետ Համլետ Մկրտչյանը, ով լիսկայական մի շարք պաշտոնյաների ազատել էր աշխատանքից: Հարցը հասել էր մինչև նախագահ, վարչապետ, Ազգային ժողով: Ազգային ժողովի ինչ որ հանձնաժողովում ազատված ու նոր նշանակված պաշտոնյաների հարցն էր քննարկվում: Երկու կողմն էլ բողոքում էին: Նոր նշանակվածների շահերը ներկայացնելու համար քաղաքապետը հանձնարարել էր, որ ես ներկայանայի: Մերժումս չէր անցել: Հաջորդ օրը նշանակված էր հանդիպումը, կեսօրվա ժամը 12-ին: Ինքս ինձ որոշել էի՝ էշն էլ, իշատերն էլ, չեմ գնալու, թող գնան իրար ուտեն: Ու գիշերը հանգիստ քնեցի, մտածելով, որ ով ուզում է գնա, ես գնացող չեմ: Տան հեռախոսն էլ անջատեցի, որ առավոտ շուտ ինձ չանհանգստացնեն: Ասեմ, որ Գորիսից Երևան մի հինգ ժամվա ճանապարհ է, առնվազն առավոտյան ժամը 7-ին պիտի դուրս գայինք: Քաղաքապետարանից պիտի զանգեին ու գային իմ ետևից: Իրավաբանն էլ պիտի գար: Առավոտ 7-ից զանգում, զանգում են, կենդանի շունչ չկա: Մինչև 8-ը զանգելու վրա են լինում, երբ տեսնում են, որ էլ ճար չկա, տաքսին քշում և ուղիղ մեր տուն են գալիս: Մի 10 րոպե էլ տան զանգից են կախվում, հետո հայտնվում են ուղիղ իմ ննջասենյակում: Քնից ինձ հանում ու բառիս բուն իմաստով քաշքշում են՝ շուտ, շուտ, էլ վայրկյան չկա, «սամալյոտի նման պիտի թռնենք, քաղաքապետը որ իմանա, աշկըրնիս հնիլուա»: Երևան չգնալու մտորումներով այնպես էի խաղաղվել, որ տնային ջինս էլ հագիս էի քնել, մեկ էլ «նաչնոյ մի սփարթնած մայկա էի հագել»: Իրավաբանը չթողեց, որ շորի ման գամ ու փոխեմ, ասաց՝ «Լյավա, լյավա, յուրուվալու չի, պլաշդ կհագնես, մինչև վենդիտ տակն ա, ոչ շալվարդ ա յուրուվալու, վեչ էլ մայկադ»: «Թազա մի էրգան կոժըվի պլաշ էի առալ, մինչև վենդիս տակը, վեր հագնում էի, հունց վեր Շտիրլիցը լինեի, սև ու խորհրդավոր», հագա ու համարյա համընդհանուր ուժերով ինձ գրկած գցեցին տաքսու մեջ: Էդ պահին էլ պլաշիս ծերը մնաց դռան տակ ու երբ հանեցի, տեսա, որ ջնջխվել է /անտերն էլ էնքան թանկ էի առել, մի տարվա խնայողություն/: Ես չեմ, դուք եք, ո՞նց կլինեք: Արյունը տվեց գլխիս ու գոռացի՝ չեմ գալիս, կանգնեք, իջնում եմ: Երկու կողմից ձեռքերս բռնեցին ու ինձ բլոկադայի ենթարկեցին: Վարորդն էլ բարկացած մեր քաշքշուկից ետ շրջվեց ու չէր հասցրել մեզ «քյանդիրբազ ասել», երբ մեքենան հավասարակշռությունը կորցրեց ու սկսեց պարային շարժումներ անել: Այդ վիճակում հասանք Երևան, Ազգային ժողով: Երբ արդեն պիտի իջնեինք ու խմբովի մտնեինք, հիշեցի, որ անձնագիրս չէի վերցրել: Գլխիս խելք թողե՞լ էին: ԱԺ-ի ընդունարանում «բազառ սկսեցինք»՝ իրենք ինձ, ես իրենց էի մեղադրում: Ընդունարանից տեղեկացրին վերևներին, որ Գորիսի պատվիրակը «պասպորտ չի բերել» ու մտնել չի կարող: Նաիրի Հունանյանի դեպքը նոր էր եղել, հսկողությունն ուժեղ էր, թույլ չտվին, ասելով՝ էս գորիսեցուց յանը լրիվ տարե՞լ ա: Դա էլ պատճառ հանդիսացավ, որ ես էլ մի քիչ ակտիվանայի ու համոզեի, որ մեր յանը լավ էլ տեղն է: Ներքին հեռախոսահամարով կապվեցի Վազգեն Մանուկյանի հետ / Այն ժամանակ Գորիսի ԱԺՄ կուսակցության նախագահն էի, Վազգենն էլ ինձ նենց ոչինչ, գիտեր: ԱԺՄ-ն մեծ հեղինակություն ուներ, դեռ Արշակ, Ֆիլարետ, Շավարշ, Սեյրանների չէին վերածվել/: Վազգենն անձամբ ստուգեց, որ ես եմ ու երաշխավորեց՝ վերև բարձրանալու: Մնացածն արդեն բարձրացել էին ու չէին էլ սպասում, որ ես կարող էի հայտնվել իրենց մոտ: Առաջին անգամն էր, որ պիտի Ազգային ժողով մտնեի ու ոչ մի բանից խաբար չէի: Վերև- նեքև ստուգեցին, դոշիս ինչ որ բան կպցրին ու բաց թողեցին: Ինձ թվում էր, որ անցումից հետո անմիջապես շենքում կհայտնվեի: Երբ ինչ որ լայնարձակ փողոց ընկա, մտածեցի, որ հարմար չեն գտել ու ինձ փողոց են դուրս շպրտել: Նորից մտա այնտեղ, որտեղից ինձ դուրս էին գցել: Մեկ էլ տեսնեմ մեկին էլ են դուրս գցում, պոչից կպա ու հասկացա, որ մի ուրիշ շենք պիտի մտնեմ: Վերջը մտանք, մի 10 րոպե ճեմում էի, որ տեղը գտնեի: Երբ արդեն գտել էի և ուղղություն վերցրել, մեկ էլ տեսնեմ ուսերիցս երկու հոգի բռնեցին: Ասեմ, որ «Շտիրլիցի կոժս՝ մինչև ոտքերիս տակը քարշ տալով, պոչերը գետինը լիզելով» ճեմախառն գնում էի: Դու մի ասի Նաիրի Հունանյանի հագին էլ է նման պլաշ եղել ու հավանաբար տեսնելով, մտածել են, թե բանտից փախել է... Երբ դեմքս շրջեցի ու տեսան, որ «պլաշի միջինը աղջիկ ա», էլի չհանգստացան: Դոշիս կպցրած թուղթը պոկեցին ու ասացին՝ քեզ այսինչ ժամին են բաց թողել, կես ժամ որտե՞ղ ես ֆռֆռում: Ասացի, որ տեղն էի ման գալիս, կասկածելի թվաց, չհավատացին: Պլաշս հանեցին, հա էլի երկու հոգով «ակուրատնի հանեցին»: Դիմադրություն ցույց չտվի, ասացի՝ տեսնեմ հետո ինչ են անում: Մի յոթ գրպան կար պլաշի ներսից, սկսեցին խուզարկել: Երբ պրծան, մի հայացք էլ ինձ վրա նետեցին՝ ոնց որ «մեյմուն լինեի»՝ «սփրթնած նաչնոյ մայկով ու գունաթափված ջինսով», հետն էլ որ սկսեցի խնդրել. «Լավ էլի, պլաշս ինձ տվեք, տնային շորերով եմ, այսպես ո՞նց մտնեմ», ուղղակի փլվեցին՝ եկել ես ճաշ եփելու՞,- խնդացին: - Չէ, եկել եմ, որ իմ ճաշը եփեն: Պլաշս տարան կախիչից կախեցին ու ինձ դուռը ցույց տալով, ասացին՝ գնա, գնա խոհանոց: Խոհանոցում մեր հարցը արդեն մի ժամ էր, ինչ քննարկվում էր: Էլ ճար չկար, մտա: Կլոր սեղանի շուրջ նստած էին, բոլորը մի մարդու նման կաթվածահար շրջվեցին ու ինձ նայեցին: Ձեռքիս, որ մի խաղալիք ատրճանակ լիներ, բոլորը սեղանի տակ կմտնեին: Քաղաքապետարանի իրավաբանը, ով ասում էր՝ «լոխ լյավա», գունատվեց, որ ինձ անպլաշ-անթրաշ տեսավ: Մտածեցի, որ ջհաննամ, սրանց սիրտը կճաքի ու հարցը կհետաձգվի, բայց այդպիսի բան չեղավ: Մեկը, որ սպիտակերես տղամարդ էր, ասում էին նաև բանաստեղծ է /վայ թե Դավիթ Հովհաննես էր կոչվում, լավ չեմ հիշում, եթե նա չի եղել, ներող կլինի/, ասաց. «Կարո՞ղ ես ներկայացնել»: Զարմացա՝ բա էսքան ժամանակ ի՞նչ գործի էին սրանք, որ ես պիտի ներկայացնեմ: Քրքջաց, լավ էլ ծիծաղում էր՝ անկեղծ աղջիկ է,- ասաց իմ մասին: Ուզում էի ասել , որ դու էլ նենց վատիկը չես, երբ նախագահողը մեր մտորումները կարագի նման կտրեց՝ լսում ենք ձեզ... Թե ես ինչ ձեզ էի:
Երբ հասա Գորիս, քաղաքապետը հարցրեց ինձ՝ հը՞, ինչ արիր: Ոնց ճիշտն էր, այդպես էլ ասացի՝ գնացի, վախեցրի, եկա: Երբ այդ մասին պատմեցի մտերիմ ընկերուհուս՝ Վալենտինային, ասաց՝ «դրանց էդ նաչնոյ մայկան էլ ա շատ, պիտի սև կամբինացիա հագնեիր »:




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ