2018-ին ոչ միայն ՀՀ բնակիչները, ամբողջ սփյուռքն էր կիսում մեր գաղափարախոսությունը

2018-ին ոչ միայն ՀՀ բնակիչները, ամբողջ սփյուռքն էր կիսում մեր գաղափարախոսությունը

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ։

- Գյումրու քաղաքապետարանում արշալույսները խաղաղ չեն։ ՔՊ-ն թեպետ ամիսներ առաջ միակողմանի խզել է «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը, բայց հետո նորից համաձայնության են եկել եւ համայնքի կյանքը «տակից» կառավարում են։ Տեղեկություն կա, որ հիմա էլ «Բալասանյան դաշինքի» «սեփականատերերը» որոշել են գործող համայնքապետին փոխել` փոխարինելով փոխքաղաքապետերից մեկով։ Ի՞նչ տեղեկություն ունեք։

- Հուշագրի խզումից հետո «Բալասանյան դաշինքի» ներքին գործընթացների հետ որեւէ առնչություն չունենք։ Մեզ չի էլ հետաքրքրում, թե ոնց են ներկուսակցական խնդիրները լուծում։ Իմ ունեցած տեղեկության համաձայն՝ քաղաքապետը վատառողջ է եղել, բյուլետեն ունի, աշխատանքի չի գնում։ Մենք համատեղ կառավարում ունեինք ու ինչ-որ մի փուլից որոշեցինք չշարունակել քաղաքի համատեղ կառավարումը, եւ ՔՊ-ն իր ավագանու կազմով դարձավ ընդդիմություն։

- ՔՊ-ն, փաստորեն, զենքերը վայր է դրել` չի պայքարելու քաղաքապետի աթոռի համար։ 

- 2026-ի ընտրություններին, ամենայն հավանականությամբ, մասնակցելու ենք: 

- Ինձ տված վերջին հարցազրույցում վստահեցնում էիք, թե ողջ երկրում վայելում եք ժողովրդի վստահությունը, հակառակ պարագայում ժողովուրդը դուրս կգար փողոց։ Հիմա ժողովուրդը դուրս է եկել: Մայիսի 9-ի հանրահավաքի պատկերը ձեր թիմին չի՞ մտահոգում։

- Մենք Գյումրուց, փաստորեն, եկանք Երեւան։ Հետեւել եմ գործընթացներին, նորմալ է, երբ ժողովրդավար երկրում քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց ձայնը բարձրացնելու, որեւէ մեկը չի խոչընդոտում դրան։

- Ինչպես 2018-ին, որը հանգեցրեց իշխանափոխության։

- Այո, ինչպես 2018-ին, բայց չէի ուզի համեմատել 2024-ին տեղի ունեցող գործողությունների հետ։

- Ինչո՞ւ, նույն ժողովուրդը չէ՞։

- Ժողովուրդը նույնն է, ուղղակի խնդիրը հետեւյալում է՝ արդյո՞ք այսօրվա եւ 2018թ․ տարվող գաղափարախոսությունը նույն լեգիտիմությունն ունեն, արդյո՞ք ողջ հայությունը կիսում է այսօր հարթակից ասվող խոսույթը։ 2018թ․ ոչ միայն ՀՀ բնակիչներն էին այստեղ գտնվում, այլեւ ամբողջ սփյուռքն էր կիսում մեր գաղափարախոսությունը։

- Իսկ ձեր թիմը հավատարիմ մնա՞ց 2018-ին հայտարարած գաղափարներին ու սկզբունքներին։ Մայիսի 9-ին Բագրատ սրբազանի գլխավորած հանրահավաքի մասնակիցների թիվը չէր զիջում 18-ի թվին: Դա ՔՊ-ի համար ցուցիչ չէ՞, որ դուք խաբել եք ժողովրդին։ Ի դեպ, Փաշինյանն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, Տավուշից հող չեմ տա։ Տավուշում հողեր են հանձնվել թշնամուն, բայց Փաշինյանը ձեռքը չի կտրել։ 

- Մենք պատասխանատվություն կրում ենք մեր բոլոր ասածների համար։ Նիկոլ Փաշինյանը խոսել է Տավուշից հողեր տալու մասին, եւ այս պահի դրությամբ եւ երբեւիցե Տավուշից ոչ մի միլիմետր հող, ՀՀ-ի ամբողջ տարածքից հող չի զիջվելու այլ երկրներին։ Այս պարագայում մեջբերել վարչապետի խոսքը եւ համեմատել այսօրվա իրողությունների հետ, այդքան էլ ճիշտ չէ։ 

- Իսկ եթե հող չեք տալիս Տավուշից, Կիրանցի բնակիչների տները չեն հանձնվում Ադրբեջանին, սահմանը չի անցնելու գյուղացիների տների միջով, ինչո՞ւ եք փոխհատուցում տալիս։ 

- Որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքից որեւէ միլիմետր չի զիջվում, այնպես չէ, որ Կիրանցը մեջտեղից կիսվում է, շատ լավ հասկանում ենք, որ մեկ, երկու, երեք տնակի մասին է խոսքը։ 

- Ձեզ համար տնակ է, այդ մարդկանց համար՝ մի ամբողջ կյանք, պապական տուն, հուշեր ունեն, կյանք են դրել այդ տների մեջ։

- Միանշանակ կիսում եմ նրանց հույզերը, էմոցիաները, որքան էլ որ իմ տան մասին չէ խոսքը։ 

- Ի վերջո, ինչո՞ւ եք փոխհատուցում տալիս այդ մարդկանց։

- Որովհետեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներից հետո նրանց տները հայտնվել են ոչ Հայաստանի տարածքում։

- Ստացվեց, որ հող եք հանձնում Ադրբեջանին։

- Չէ, ՀՀ-ի տարածքից որեւէ միլիմետր չի հանձնվում։

- Բայց այդ տները Հայաստանի Հանրապետության տարածքում են, կիրանցեցիների՝ կադաստրով գրանցած գույքը տալիս եք Ադրբեջանին։

- Էլի եմ ասում՝ ՀՀ-ի 29 743 կիլոմետր տարածքից չենք տալիս։

- Փաշինյանը հայտարարեց, որ կողմերը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ տարածքն իր 29 800 քառակուսի կիլոմետրով։ Ինչո՞ւ մեր տարածքից նվազեց եւս 57 քառակուսի կիլոմետր, ո՞նց է լինում, որ Փաշինյանն ամեն անգամ կրճատում է Հայաստանի տարածքը։

- Տարբեր երկրների քարտեզների, ատլասների մեջ Հայաստանի տարածքը նշվում է 29 743, եւ մենք այսօր զարմանում ենք այդ թվի վրա։ 

- Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ սահմանազատումը շարունակելիս Հայաստանի տարածքը կրկին չի նվազելու, հատկապես, երբ այդ 4 գյուղերի հանձնումը, ըստ ադրբեջանական կողմի, կապ չունի սահմանազատման հետ։

- Հարցի իմաստը չեմ հասկանում։ Ես չեմ խորացել, որ հասկանամ՝ 29 800-ի եւ 29 743-ի տարբերությունը ոնց է գոյացել, բայց, միանշանակ, այդտեղ որեւէ դավադրություն չկա։