ԱՄՆ ՊՆ նախարարը վայր է դնում լիազորությունները․ ի՞նչ է եղել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանակավորապես վայր կդնի լիազորությունները։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ամերիկյան պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ինչպես պարզաբանել են Պենտագոնում, նախարարը բժշկական հետազոտություն կանցնի, որի ընթացքում լիազորությունները կփոխանցի տեղակալ Քեյթլին Հիքսին։ Մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պենտագոնի ղեկավարի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
Նախարարը շտապ վիրահատության է ենթարկվել, որից հետո առաջացած բարդությունների պատճառով կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատշաճ կերպով տեղեկացված չի եղել, ինչը վրդովմունք է առաջացրել ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների մոտ։
Օսթինը հրապարակավ ներողություն է խնդրել իր ախտորոշումը և վիրահատությունը թաքցնելու փորձի համար՝ խոստովանելով, որ «սխալ» է վարվել՝ չտեղեկացնելով ԱՄՆ ղեկավարությանը իր առողջական վիճակի մասին: Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ չի ընդունի պաշտպանության նախարարի հրաժարականը, եթե անգամ նա նման դիմում ներկայացնի։
Կարծիքներ