Անուղերձ

Անուղերձ

Իրական Հայաստանի ռազմավարության մասին Փաշինյանի ուղերձը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կատակերգություն ողբերգության մասին: Ընդ որում՝ ոչինչ չասող կատակերգություն՝ համազգային մեծ ողբերգության մասին: Ո՞վ էր խնդրել նրան հատուկ ժամադրություն նշանակել և մեկ այլ ձևաչափով կրկնել այն նույն խեղկատակ բառակույտերը, որ նա բազմիցս հնչեցրել է ամենատարբեր ամբիոններից՝ վերոնշյալ «Իրական Հայաստանի» այսպես կոչված ռազմավարության մասին, որի համար որպես դիդակտիկ նյութ էր ընտրել իր խոսքով՝ «ոսկեգույն», բայց իրականում «դեղին» սլյուդայի կտորը:
Չկա, ասում են, կատակերգություն, որի մեջ ողբերգության տարրեր չլինեն:

Իրական Հայաստանի ռազմավարության մասին Փաշինյանի այս կատակերգության ողբերգականությունը սկսվում է թվաբանական մանիպուլյացիայով: Հայաստանի սուվերեն տարածք նոր թիվ է հռչակվում՝ 29.743 քառակուսի կիլոմետր: 57 քառակուսի կիլոմետրն արդեն չկա, ասել է, թե՝ իրական Հայաստանն աչքներիս առաջ ավելի է «բյուեղանում»: Փաշինյանը, սակայն, մոռանում է, որ էս անտեր թվաբանությունը լուրջ գիտություն է: Մի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները միասին կազմում էին 116.400 քառակուսի կիլոմետր: Եթե սրանից հանենք 29.743-ը, տակը կմնա ոչ թե 86.600, այլ 86.657 քառակուսի կիլոմետր: Փաշինյանը ժամանակին ասում էր, որ Ադրբեջանի տարածքը հենց 86,600 է (Արցախի հետ միասին): Ի՞նչ է ստացվում: Պարզ մանիպուլյացիա, երբ դու չես ուզում խոսել քո երկրի հաշվին թշնամական պետության տարածքի ընդլայնման մասին և չես ուզում խոստովանել, որ քո իրական Հայաստանի ռազմավարության արդյունքում «ողորմածությանդ» հանձնված երկրի տարածքը շարունակել է «մտնել»:

Մի ուշագրավ բան էլ կար այս լոլոյի մեջ: Փաշինյանը, պարզվում է, պատմական Հայաստանի կողմնակից է եղել մինչև 44 օրյա պատերազմը և միայն 44-օրյա պատերազմից հետո է դարձել «իրականհայաստանիստ»: Փաստորեն նա 2018-2020 թվականներին ուրիշ Փաշինյան է եղել, իսկ հիմա՝ ուրիշ: Սա ի՞նչ է, տրանսֆորմացիա դեգեներատացման համախտանիշո՞վ: Միանգամայն հնարավոր է, բայց Փաշինյանը դա մեկնաբանում է իրական Հայաստանի մասին հերթական՝ ճոռոմ մանիպուլյացիայով. «Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է՝ պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն»: Արձանագրենք՝ Փաշինյանը Հայաստանի բզկտման ողջ պատասխանատվությունը պատրաստվում է սիրահոժար կիսել իր «քաղաքական թիմի» հետ, թե բա սա իմ և մեր քաղաքական թիմի «առաքելությունն» է:

Թույլ տվեք այսքանով սահմանափակվել, մանավանդ որ առանձնապես ասելիք էլ չկա: Սպասումներս ավելի մեծ էին, բայց Փաշինյանը հիասթափեցրեց՝ չկարդալով իր գլխավոր ուղերձը, հեռացումի խոսքեր չասաց, չզղջաց, չհուզվեց: Փոխարենը մի ճղճիմ գրքային տեքստ կարդաց ու գնաց քնելու: Անտրամադիր էր, փլված, ոչնչացած, կապիտուլացված: Ասա ով էր քեզնից ուղերձ ակնկալում, որ մի հատ էլ խոսնակդ շեփորահարել էր, թե հեսա տեսեք 21:00-ին շեֆս ինչ ա անելու: Տեսանք… Շեֆդ եկել էր ասելու, որ 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը իսկ պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով: Էսքան բան: Էսքան բան վարչապետի խոսնակ ջան, Տավուշի մարզպետն էլ կարող էր ասել: