Տխուր պահ էր, բայց երկրի առաջնորդն օգտվեց պահից եւ Փաշինյանին զգուշացրեց

Տխուր պահ էր, բայց երկրի առաջնորդն օգտվեց պահից եւ Փաշինյանին զգուշացրեց

Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում հակառակորդներ կան՝ հաղորդում է IRNA-ն։ «Կարեւոր է հասկանալ, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը հակառակորդներ ունի։ Ուստի այդ ոլորտում որոշ հարցեր պետք է զգուշությամբ լուծել»,- նշել է նա: «Հրապարակը» զրուցել է Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանի հետ։ 

- Մեր կառավարության կայքում Փաշինյան-Ալի Խամենեի հանդիպման մասին հաղորդագրությունում այս հատվածը ներառված չէր։ Իսկապե՞ս ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել այդ հանդիպման ժամանակ։

 - Նախ, եթե նայենք` Այաթոլլա Խամենեին, բոլոր ուժերին, որ գալիս էին, օրինակ, Իրաքի վարչապետին հանդիպելուց համբուրեց նրան, բայց Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ միայն ձեռքը տվեց։ Հակառակ դրան, որ շատ հուզիչ ու տխուր պահ էր, բայց երկրի առաջնորդը փորձեց նորից հիշեցնել, որ իրենք թույլ չեն տա՝ օտար ուժերը խառնվեն տարածաշրջանի հարցերին։ Իրանի առաջնորդը փորձեց դա Նիկոլին հասկացնել, չնայած որ Նիկոլը ցավակցության համար էր այնտեղ գնացել, բայց այդ պահից օգտվեց եւ նորից զգուշացրեց։

 - Ի՞նչ են գրում իրանական տելեգրամյան ալիքները հանդիպման մասին։ 

- Տելեգրամյան ալիքները նույն բանն են գրում` նշվում է, որ նորմալ հանդիպում է եղել, բայց շեշտում են, որ Իրանի հոգեւոր առաջնորդն այդ պահն օգտագործել է իր խոսքն ասելու համար։ 

- Նմանատիպ հայտարարություններ, որ արտատարածաշրջանային կողմերը փորձում են խաթարել Իրան-Հայաստան հարաբերությունները, նախկինում եւս արվել են։ Այս պարագայում հայտարարությունն ինչո՞վ էր առանձնահատուկ։ 

- Նրբությունն այն է, որ չնայած առիթը ցավակցությունն էր` այցելության, հոգեւոր առաջնորդը փորձեց եւս մեկ անգամ շեշտել Իրանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Այդպիսով նա հասկացնել տվեց, որ նախագահի մահը բացարձակապես ոչ մի կերպ չի ազդում Իրանի՝ Հայաստանի մասով ունեցած դիրքորոշումների վրա եւ ոչ մի քայլ հետ չի լինելու։ Նա շեշտեց, որ հանգուցյալ նախագահ Ռաիսին իր ողջ կառավարման ընթացքում հստակ ուշադրություն է դարձրել Հայաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ավելին, նա հավելել է, որ Ռաիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նույն գործը շարունակելու է։ Այսինքն՝ Իրանը նորից շեշտեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն Իրանի ուշադրության կենտրոնում է։ 

- Իսկ վթարից հետո իրանական հասարակության շրջանում շրջանառվո՞ւմ է ավիավթարի մեղավորի անուն, օրինակ, Ադրբեջանի կամ այլ:

- Ոչ պաշտոնական ալիքները, այո, ասում են, որ պետք է քննվի այս գործը, որովհետեւ վարկած են առաջ քաշում, որ Իսրայելի մատը կարող է խառը լինել այս ողբերգական վթարում, բայց պաշտոնական լրատվամիջոցները դեռ գրում են, որ փորձաքննություն է գնում, ու դեռ վաղ է եզրակացություններ անելը։ 

- Շատերն ասում էին, որ այս միջադեպը պատճառ կդառնա, որ Իրանում տարբեր այլախոհ ուժեր սկսեն անկարգություններ հրահրել Իրանում եւ ապակայունացնել իրավիճակը։ 

- Այդ խոսքն Իրանի թշնամիներն են տարածում, բայց մենք տեսանք, որ արդեն 4-5 օր է դեպքից անցել, եւ կյանքը խաղաղ ընթանում է, ոչ մի խնդիր չի առաջացել։ Իրանում քաղաքական համակարգի դրվածքն այդպիսին չէ, որ մեկ կամ երկու անձից կախված լինի, եւ արդեն հինգ օր փաստել է, որ այս խոսքերը սուտ են եւ թշնամիների տարածած խոսքերն են։