Ուկրաինայի ԶՈւ ԳՇ կեսից ավելին կուղարկվի ռազմաճակատ

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ կեսից ավելին կուղարկվի ռազմաճակատ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի թվաքանակը կկրճատվի 60 տոկոսով, ազատված զինծառայողներին կուղարկեն ռազմաճակատ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Telegram ալիքը։

«Որոշում է ընդունվել որոշ կառուցվածքային ստորաբաժանումների և զինվորական կառավարման մարմինների հաստիքների օպտիմալացման մասին։ Այս գործընթացը ներառում է մի շարք ռազմական կազմակերպչական կառույցների կազմալուծում, նորերի ձևավորում։ Նշված միջոցառումները թույլ կտան վերացնել գործառույթների կրկնօրինակումը, ինչպես նաև նվազեցնել հաստիքների թիվը 60%–ով։ Ազատ արձակված անձնակազմի հաշվին նախատեսվում է համալրել օպերատիվ և մարտավարական մակարդակի կառավարման մարմինները, ինչպես նաև մարտական զորամասերը»,– ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայում զորահավաքի ուժեղացման մասին օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 18-ին։ Փաստաթուղթը պարտավորեցնում է բոլոր զինապարտներին ուժի մեջ մտնելու պահից 60 օրվա ընթացքում թարմացնել իրենց տվյալները զինկոմիսարիատում: Դրա համար պետք է անձամբ ներկայանալ զինկոմիսարիատ կամ գրանցվել զորակոչիկի էլեկտրոնային գրասենյակում, որի միջոցով նույնպես կարող է ծանուցագիր ուղարկվել: Ծանուցագիրը կհամարվի հանձնված, նույնիսկ եթե զորակոչիկն անձամբ չի տեսել այն. ծանուցագրի հանձնման ամսաթիվ կհամարվի այն օրը, երբ փաստաթղթում դրոշմակնիք է դրվել անձնական հանձնման անհնարինության մասին: