Պարարվեստի նոր հարթակ՝ որպես այլընտրանք օպերայի եւ բալետի թատրոնին

Պարարվեստի նոր հարթակ՝ որպես այլընտրանք օպերայի եւ բալետի թատրոնին

«Բալետ 2021»-ը հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ» բալետը եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան (բալետային ներկայացումների բեմադրիչ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյան) ու դրանով կձեւավորի մի նոր հարթակ՝ պարարվեստի ոլորտում երկարաժամկետ նախագծերի իրականացման համար, որը հետեւողականորեն առաջ կմղի նաեւ պարարվեստի զարգացումը։  

«Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծում է․ այս նոր՝ երկարաժամկետ նախագծի հիմնական նպատակն է՝ ներգրավել ինքնազբաղ կատարողներին, որոնք ամբողջովին կկարողանան իրականացնել իրենց կատարողական հմտությունները․ «Միեւնույն ժամանակ ուզում ենք, որ պարարվեստի բնագավառում երիտասարդ բեմադրիչների համար էլ հարթակ դառնանք, որպեսզի կարողանան իրենց հմտությունները զարգացնել եւ իրագործել»։

Այլ կերպ ասած՝ ձեւավորվող նոր հարթակը կդառնա որպես այլընտրանք օպերայի եւ բալետի թատրոնին։ «Մեր օրերում զարգացած աշխարհն առանց բազմազանության պատկերացնելն անհնարին է, պետք է հարթակ ստեղծվի, որպեսզի ուղղությունն անընդհատ զարգանա։ Այսօր ունենք օպերային թատրոն՝ բալետային խաղացանկով, եւ կան պարարվեստի ոլորտում կարճաժամկետ նախագծեր, որոնց մասնակցում են թե՛ թատրոնի, թե՛ անկախ պարողներ, բայց իրականում, որպեսզի մենք զարգացում ունենանք եւ բազմազանություն ապահովենք պարարվեստի ոլորտում, հասկացանք, որ երկարաժամկետ նախագիծ է պետք։ Եվ ենթադրել, որ միայն թատրոնը կարող է լինել այդ հարթակը, բավական չէ։ Ուստի որոշեցինք նախարարության աջակցությամբ այդ նախագիծը սկսել, որտեղ մեր հիմնական գործընկերը Մարզահամերգային համալիրն է, որն իր ողջ ենթակառուցվածքով ու թիմով մասնակցում է ծրագրի իրականացմանը։ Ըստ այդմ, հետագայում Մարզահամերգային համալիրի դահլիճը պետք է դառնա այն տեղը, որտեղ մեր նոր ներկայացումները կարող ենք իրականացնել եւ ներկայացնել հանդիսատեսին»,- ասում է Լ․ Պետրոսյանն ու ընդգծում, որ այս նոր հարթակը ձեւավորում են Մարզահամերգային համալիրի հետ համագործակցությամբ։

Շառլ Ազնավուրի «Լա բոհեմ»  եւ Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետների պրեմիերայից հետո իրենց համար երկարաժամկետ թիրախներ կսահմանեն, նաեւ Ռ․ Խառատյանի որոշ ներկայացումներ կվերականգնեն։ «Այստեղ բարդությունն այն է, որ կարողանանք ինքնազբաղ պրոֆեսիոնալ կատարողներից թիմ հավաքել, չնայած հիմա եւ օպերային թատրոնի գլխավոր մենակատարներ կան, նաեւ ինքնազբաղ կատարողներ, բայց որպեսզի երկարաժամկետություն ապահովենք, նաեւ հենց համալիրում կհիմնենք պարարվեստի ակադեմիա կամ պարարվեստի դպրոց ու այնտեղ կադրեր կպատրաստենք։ Այսինքն՝ պետք է գնալ կադրեր աճեցնելու ճանապարհով, իսկ կադրեր կպատրաստվեն Ռուդոլֆ Խառատյանի մեթոդն ուսումնասիրելով։ Դպրոցը, ամենայն հավանականությամբ, աշնանից կսկսի գործել, կլինեն դասեր թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների, թե՛ պրոֆեսիոնալների համար»,- ասում է հիմնադրամի տնօրենն ու ընդգծում, որ գեղարվեստական մասով թե՛ հարթակը, թե՛ դպրոցը զարգանալու են բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի գլխավորությամբ։
Ինչպես նշում է զրուցակիցս, փորձելու են գործարկել նաեւ ինքնաֆինանսավորման մոդելը․ «Դա այս պահին հնարավոր է, քանի որ թե՛ համալիրը, թե՛ Կարեն Ղազարյանն այդ հնարավորությունն այս նախագծին տվել են։ Այսինքն, համագործակցային սկզբունքով՝ «Բալետ 2021»-ն իրականացնելու է գեղարվեստական կազմակերպչական մասը, իսկ համալիրն իր տրամադրած տարածքով թույլ է տալու, որ մենք մեր գործունեությունը սկսենք»։