Խամենեիի կոշտ զրույցը «մոռացել» են հիշատակել

Խամենեիի կոշտ զրույցը «մոռացել» են հիշատակել

Մայիսի 19-ին Իրանի ղեկավարության հետ կատարված վթարից հետո աշխարհի բոլոր երկրները ցավակցություններ հղեցին, որոշ արաբական երկրներ սուգ հայտարարեցին, շատ ղեկավարներ մեկնեցին անձամբ ցավակցելու:

Մայիսի 22-ին Թեհրան մեկնեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, հանդիպեց Իրանի պաշտոնյաների, այդ թվում՝ հոգեւոր առաջնորդ Խամենեիի հետ։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը շնորհակալություն է հայտնել վարչապետին` Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում Թեհրան այցելելու եւ արարողությանը մասնակցելու համար: Նշվում է, որ Փաշինյանն ու Ալի Խամենեին համոզմունք են հայտնել, որ Հայաստանը եւ Իրանը կշարունակեն ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանն ուղղված քայլերը` ի նպաստ երկու պետությունների եւ ժողովուրդների առաջընթացի:

Պարզվում է` հայկական կողմը մոռացել է նշել մի շատ կարեւոր հանգամանք․ Խամենեիի խոսքի մեջ հետաքրքիր նյուանս կար, որը փոխանցում է IRNA-ն` Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունը․ «Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում հակառակորդներ կան: Ուստի այդ ոլորտում որոշ հարցեր պետք է զգուշությամբ լուծել»: Թե ինչու է հայկական կողմն այս նյուանսն անտեսել՝ դժվար չէ հասկանալ․ իրանական կողմը պարբերաբար զգուշացրել է, որ չի հանդուրժելու երրորդ, արտատարածաշրջանային ուժերի առկայությունը մեր տարածաշրջանում, եւ ժամանակին իր մտահոգություններն է հայտնել, օրինակ, եվրադիտորդների առկայության հետ կապված, որոնք, ըստ Իրանի, մեր տարածաշրջան են եկել ոչ խաղաղ նպատակներով։

Իրանական ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքները գրում են, որ Իրանի հոգեւոր առաջնորդը բավականին կոշտ զրույց է ունեցել Փաշինյանի հետ ու ակնարկել, թե Ռաիսիի մահը չի նշանակում, որ Իրանի վերաբերմունքն իր անվտանգության կարմիր գծերի առնչությամբ փոփոխվել է։ Ավելին, Իրանի հոգեւոր առաջնորդը շեշտել է, որ նախկինի պես ուշիուշով հետեւելու են տարածաշրջանում իրադարձություններին, եւ որ իրենց համար ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ Խոսքը, բնականաբար, զանգեզուրյան միջանցքի մասին է՝ այն կռվախնձորի, որում ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանն իրենց շահերն ունեն, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան էլ՝ կոնկրետ նպատակներ:
Թերեւս Փաշինյանին ուղղված բացասական երանգը նաեւ պայմանավորված է ԱՄՆ հետախուզության ղեկավարի տեղակալ Քոհենի` Հայաստան կատարած այցով, որը տեղի ունեցավ վթարից անմիջապես հետո եւ Փաշինյանի` Իրան մեկնելու նախորդ օրը: