Արդեն կառուցված շենքը քանդել են` թերությունների պատճառով

Արդեն կառուցված շենքը քանդել են` թերությունների պատճառով

Գեղարքունիքի մարզի Շատջրեք համայնքի կիսակառույց դպրոցն ապամոնտաժվում է, քանի որ շինարարական աշխատանքները կատարվել են թերություններով։ Այս դպրոցի մասին խոսք գնաց կառավարության վերջին նիստում։ Փաշինյանն ասաց, որ մեկ-երկու նման դեպքեր կան։ «Մեկն արդեն ապամոնտաժել ենք, հաջորդն առաջիկայում հանձնաժողովի եզրակացությունը լինելուց հետո կապամոնտաժենք… Մենք պետք է սկզբունքային գտնվենք, որովհետեւ մեկ, երկու, երեք այդպիսի նախադեպերը նաեւ մեր հարգելի շինարարներին հստակ ուղերձ կլինեն, որ այդպես պետք չէ անել»,- ասել է Փաշինյանը՝ կանխատեսելով, որ հնարավոր է բողոքարկեն իրենց որոշումները` դիմեն դատարան։ 

Իհարկե, վատ կառուցած շինարարներին պետք է պատժել, բայց ո՞վ է վերահսկել այս խոտանված շենքերի շինարարությունը, ինչո՞ւ է բանը հասել նրան, որ համարյա կառուցված շենքը, որի վրա ահռելի ծախս են արել, քանդում են, ինչո՞ւ ժամանակին չեն նկատել թերությունները։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխանում են, որ իրենց աշխատակիցները մինչ այս շինհրապարակ կատարած այցերի ընթացքում եւս արձանագրել էին թերություններ, տվել դրանք շտկելու ցուցումներ։ «Տրվել է նաեւ ծածկը քանդելու ցուցում։ Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար ընկերությունը տուգանվել է։ Իսկ վերջին այցի ժամանակ մասնակի քանդվել են այն հատվածները, որոնք ամրացմամբ կամ այլ եղանակով հնարավոր չէր շտկել։ Պայմանագրով սահմանված ժամկետները խախտելու համար ընկերությունը ենթարկվելու է պայմանագրով նախատեսված տուժանքների։ Ընկերությունն ինչպես իր միջոցներով կատարել է քանդման աշխատանքները, այնպես էլ իր միջոցներով իրականացնելու է վերականգնման աշխատանքները՝ նախագծային լուծումներին համապատասխան։ Ընկերությանը տրվել է վերջին հնարավորությունը»։ 

Շատջրեքի միջնակարգ դպրոցը մոդուլային շենք է, որը նախատեսված է 144 աշակերտի համար։ Շինարարությունը մեկնարկել է 4 տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերին։ Դպրոցի տնօրեն Երազիկ Աբրահամյանն ասում է. «Հին շենք էր մեր դպրոցը, տանիք չուներ, խնդիրները շատ էին։ Մենք մասնաշենք ունենք, որտեղ դասապրոցեսն անցկացնում ենք։ Նոր շենքը կկառուցեն, հետո կտեղափոխվենք»։ 

- Համարյա 4 տարի կառուցում էին, շենքը կանգնած է, վերահսկողություն չի՞ եղել, նո՞ր են տեսել, որ շենքը թերություններով է կառուցվում։ 

- Ոչ, անընդհատ վերահսկողություն եղել է։ Որոշ ժամանակահատված մենք անընդհատ ունեցել ենք այցելություններ ե՛ւ Քաղշինից, ե՛ւ մարզպետարանից, եկել են, տեսել են, հսկել են, այնպես չէ, որ նոր բացահայտում է արված։ Բոլորը տեղյակ էին։ 

- Թերությունները չէի՞ն նկատել եկողները։ 

- Թերություններն էս ընթացքում են բացահայտվել, անձրեւ, ձյուն եւ այլն, եւ այլն։ 2020 թվականին սկսվել է շինարարությունը, կորոնավիրուսի, պատերազմի ընթացքում շինարարություն չի իրականացվել, դադարեցվել են աշխատանքները, համարյա 2 տարի կանգնած են եղել ու հետո նորից սկսել են աշխատել։ 

- Ու վատ են կառուցել, փաստորեն։ 

- Էդ վատ որակն ընթացքում է առաջացել` անձրեւից, ձյունից։ 

Բայց անձրեւի ու քամու պատճառած վնասներն ինչո՞ւ են բարդել շինկազմակերպության վրա: Կազմակերպությունը, որը փաստացի 4 տարում չի կարողացել կատարել ստանձնած պարտավորությունները, քամուն է տվել պետության փողերը, երկու տարի գործ չի արել, ո՛չ սեւ ցուցակ են գցել, ո՛չ էլ զրկել են շինարարությունն ավարտելու հնարավորությունից։ Նրան ներել են 2 անգամ, հիմա նորից են ներում։ 

Նախ պարզվում է՝ շինարարության վերջնաժամկետը պարբերաբար երկարացվել է։ Մե՛կ ապաստարան են մտցրել նախագծում, որը չկար նախնականում, հետո հայտնաբերվել է, որ դպրոցի ծածկի բետոնի դասը չի համապատասխանում նախատեսվածին։ Հետո արդեն կոնստրուկցիոն սխալներ են հայտնաբերվել՝ բետոնացումն իրականացվել է խախտումներով, սյուների բետոնը քայքայվել է որոշ հատվածներում, պաշտպանիչ շերտի սյուները կոռոզիայի են ենթարկվել, տանիքի մետաղական սյուները թեքված են եւ այլն, եւ այլն։ Հիմա համարյա կառուցված շենքը քանդում են: Քանդում են մարզադահլիճի եւ հանդիսությունների դահլիճի բետոնե բլոկներից կառուցված արտաքին պատերը, ուժեղացման ոչ ենթակա սյուները, երկաթբետոնե դիաֆրագմաները եւ բետոնե բլոկներով կառուցված պատերը։ Շինարարական ընկերությանը տուգանելու են, բայց արդար կլիներ, որ տուգանվեին նաեւ հեղինակային եւ տեխնիկական հսկողություն իրականացնողները՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն եւ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։ 

«Գրիգորյանշին» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին` այն նույն տարում, երբ սկսվել է Շատջրեքի դպրոցի շինարարությունը։ Միակ բաժնետերը Գեւորգ Գրիգորյանն է։ Պետգնումների ոլորտում այս նորաստեղծ, անփորձ ընկերությունը թանկարժեք պատվերներ է ստացել հենց 2021 թվականից, օրինակ` «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխության, օդորակման համակարգերն է կառուցել եւ տեղադրել` 978 մլն դրամի արժողության։ Իսկ ազդարարման կայքում տեղեկություն կա, որ ընկերությունը 2020 թվականին չի կատարել մոտ 3,5 մլն դրամի հարկային պարտավորություն։ Քաղաքաշինության կոմիտեի հետ «Գրիգորյանշինն» այլ գործեր էլ ունի՝ մոտ 4,8 մլրդ դրամի պայմանագիր Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման համար, մոտ 540 մլն դրամի՝ Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի դպրոցի տիպային շենքը կառուցելու համար եւ այլն։ Այս ընկերությանն է վստահվել նաեւ Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի վերակառուցումը, ուր Փաշինյանն այցելեց 2023 թվականի սեպտեմբերին։