Ովքեր են Կիրանցում զբաղված հայրենավաճառությամբ

Ովքեր են Կիրանցում զբաղված հայրենավաճառությամբ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լայն թափ է ստանում, արտերկրից, ՌԴ-ից հայեր են գալիս Հայաստան` մասնակցելու մայիսի 26-ի հանրահավաքին: Դրան զուգահեռ իշխանությունը շտապում է եւ իր բոլոր գործիքակազմերը գործի դրած Կիրանցում սահմանազատումն է ավարտում: Ու որպեսզի դա «լեգիտիմացնի» եւ իրավական հիմք տա, ավելի ճիշտ` կիրանցիներին դարձնի իրենց հանցակից ու փայատեր, գործի է դրել տարբեր գործիքակազմեր: Ասում են, Փաշինյանն անձամբ է կոորդինացնում Կիրացնում տեղի ունեցող շարժերը: Այդ գործին ակտիվորեն լծվել են վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը եւ իր բարեկամները, հատկապես եղբայրները` Վարուժան եւ Կորյուն Շահինյաններն` իրենց ընտանիքներով:

Հիշեցնենք, որ Կամո Շահինյանը մարզպետի մոտ «հյուրընկալվելուց» հետո  մի երջանիկ հարցազրույց էր տվել եւ իր գոհունակությունը հայտնել սահմանազատումից, ասելով, թե դեռ մի բան էլ նրանց հողերից է մեզ տրվում: Հետո հանդես եկավ հերքման նման տեքստերով, բայց առաջին հարցազրույցն իր սև գործն արեց և իշխանությունների կողմից լավ օգտագործվեց: Շահինյաններն առանձին-առանձին կանչում են գյուղացիներին, համոզում` «փողերը վերցրեք` սուս մնացեք, մեկա ոչ մի բան չի փոխվի»: Ասել է թե` վաճառեք ձեր հողը, ձեր հայրենիքը զիջեք թշնամուն: Գյուղացիները չեն համաձայնվում: Դեռ ավելին, ստորագրահավաք են կազմակերպել, որով իրենց անհամաձայնությունն են արտահայտում: Նրանք լավ են հասկանում, որ Շահինյանների ընտանիքը շահագրգռվածություն ունի հայրենավաճառության ծրագրի փայատերը դառնալու: Նրանք լավ տաքուկ տեղավորվել են իշխանության գրկում, օդից գտած պաշտոններ են ստացել,  օգտվում են իշխանության բարիքներից։ Վարուժան Շահինյանի քենու որդին` Արթուր Ճաղարյանը, Իջևանի համայնքապետն է:  Կամո Շահինյանի երկու որդիները՝ Վոլոդյա Շահինյանն ու Շիրակ Շահինյանը իրենց հոր պաշտոնավարման տարիներին ձեռք են բերել խանութ եւ ավտովերանորգման կետ, որոնք նույնպես անցնում են ադրբեջանցիներին, բայց կլորիկ գումարի դիմաց: Հիմա Շահինյաններն իրենց տնով, տեղով ընկել են դռնեդուռ ու կիրանցիներին համոզում են` հայրենիքը վաճառել` «քյաշ» փողով: Գումարի չափերը 80-100 հազար դոլարի մասին է: Կիրանցիներից շատերը հրաժարվում են: Մյուսների վրա հոգեբանական ճնշում են գործադրում:

Մարդկանց համոզում են ինչ-որ թղթերի տակ ստորագրել` առանց գրվածի բովանդականությանը ծանոթանալու: Շտապում է Փաշինյանը, շտապում են Շահինյանները, շտապում են վաճառել Կիրանցը, վաղը կարող է ուշ լինի, կարող է էլ վաճառելու հնարավորություն չունենան: Իսկ այդ վաճառքի մեջ փող կա... չէ որ հողի վաճառքի ժամանակ «բրոքերներն» իրենց տոկոսն են ունենում...