Վաղը ՍԴՀԿ-ն կընտրի նոր ատենապետ

Վաղը ՍԴՀԿ-ն կընտրի նոր ատենապետ

«Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության» 9-րդ համագումարը մեկնարկել է ՀՀ պետական հիմնով, որին հաջորդել է կուսակցության օրհներգը: Այնուհետև մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են Սիրիայի անմեղ զոհերի հիշատակը:



 



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքն ընթերցել է նրա օգնական Հայկ Թութունջյանը: «Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են, և մեր ժողովրդի շահերից է բխում այդ կուսակցությունների գործունեությունը»,- գրել էր Տիգրան Սարգսյանը:



 



Այնուհետև ելույթ են ունեցել «Ռամկավար ազատական» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, երիտասարդության անունից` ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Եղիազարյանը, հալեպահայության անունից, ինչպես նրան ներկայացրել են` կուսակցության հնաբնակ Վազգեն Մեսրոպյանը:



 



Ելույթ է ունեցել նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանը: Վարչության ատենապետի խոսքով՝ իրենք այսօր չափից ավելի թույլ են, սակայն ժամանակն է իրավիճակը փոխելու:



 



Համագումարն իր աշխատանքները կշարունակի վաղը: Վաղը ՍԴՀԿ-ն կընտրի վարչության նոր ատենապետ: