Հալալ ա խախոլներին

Հալալ ա խախոլներին

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրելուց հրաժարվելու դեմ բողոքող բազմաթիվ ուկրաինացիներ պայքարում են Կիեւի կենտրոնական Մայդան հրապարակում: Ուկրաինացիները վճռական են տրամադրված` խփված վրաններ, պաստառներ, արեւմտյան կոչեր, անվանի արվեստագետներ:



 



Երեկ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործեց արցունքաբեր գազ, գործի դրվեցին հանապազօրյա մահակն ու մկանը: Կան ձերբակալվածներ: Ռուս գրող, հայտնի նացիոնալ բոլշեւիկ Էդուարդ Լիմոնովն իր բլոգում չի կարողանում թաքցնել հիացմունքը. «Բայց դե հալալ ա էս խախոլներին»: Սոցիալական կայքերում եւս հայտնվեցին տաք, ոգեւորող, ռուսական ռեպրեսիայի դեմ ուկրաինացիների վճռականությունը մատնանշող հայկական ստատուսներ, որ մենք սովորելու բան ունենք, որ առանց պայքարի չկա առաջադիմություն, որ Պուտինի այցելությունն այնպիսի ուժգնությամբ պիտի հարամել, որ դեգրադացվող ճիվաղը պարզապես փախչի Հայաստանից: Ցույցերի ֆոտոռեպորտաժները նայելով՝ մեծ հարգանքով ես լցվում մարդկանց հանդեպ, ովքեր գիտակցում են պատմական վճռական պահը, որ կարող է ճակատագրական լինել երկրի հետագա զարգացման, դեմոկրատական արժեքների պահպանման եւ առաջնայնության համար:



 



Եվրամիության  դրոշները ձեռքներին լուսավոր դեմքերով տատիկներ, երեխաներին գրկած կանայք,  ձեւ ու բովանդակություն ունեցող սիրուն ջահելներ, որոնք գիտեն ինչ են ուզում եւ ինչու: Բանտից մարդկանց քաջալերող Տիմոշենկոն, ում ապագան անկանխատեսելի է: Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ուկրաինական «ձԺԸՀ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որ հրաժարվում է ենթարկվել երկրի ոուսական թեքումով ղեկավարների սահմանագծած կանոններին: Ուկրաինայում ժողովրդի զգալի հատված սահմանում է իր ուղղությունը, գործի դնում կամքը՝ ստիպելով հաշվի նստել իր որոշման, կեցության եւ շրջափուլային ակնթարթում ճիշտ մարտավարություն ընտրելու հետ:



Մեզ համար Պուտինի այցելությունն ինչքանով դիմադրություն կառաջացնի, ինչքանով կսթափեցնի գլուխները կորցրած ու վաղուց հանձնված իշխանությանը՝ հիմա դժվար է ասել: Հախուռն, կոշտ, ծայրահեղ կոչերը մի կողմից արթնության մեջ են պահում շատերին, մյուս կողմից խանգարում դրությունը ռացիոնալ, հստակ հասկանալու ցանկությունը:



 



Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր բացարձակ անտարբեր են, թե ինչ է կատարվում երկրի ներսում, արտաքին ինչ վտանգներ են մեզ սպառնում (Արցախյան պատերազմի վերսկսման մասին մտորումներն ու վախը մի կողմ դրած), կորցնո՞ւմ ենք մեր պետականությունը, թե՞ ոչ, կորցնո՞ւմ ենք մեր լեզուն, թե՞ ոչ: Այս անտարբերության պատճառները բազմաթիվ են, սկսած սոցիալական սուր անապահովությունից ու հուսահատությունից, վերջացրած հոգեբանական ճգնաժամով: Անտարբերության համար նրանց կարող ենք մեղադրել, վիրավորել, հարձակվել, սպառնալ, ոչնչացնել, բայց դրանից մեծ հաշվով բան չի փոխվելու:



 



Պիտի միջոցներ ձեռնարկել ինչ-որ կերպ մարդկանց հետ շփվելու, հասկանալու, ապա բացատրելու այս հարցում յուրաքանչյուր մարդու դերի միանշանակ կարեւորությունը: Խորհրդային Միության կարոտաբաղձությամբ տառապողներից շատերն իրականում չեն էլ պատկերացնում ապագան, նրանց մեջ չի սաղմնավորվել պետականության եւ անկախության սուվերենության գիտակցումը՝ որպես բացարձակ, անփոխարինելի արժեք: Մենք չենք կարող հրաժարվել այդ մարդկանցից: Նրանց պետք է քաղաքակրթել, իրավակրթել: Ուրիշ տարբերակ չկա:



 



Արամ ՊԱՉՅԱՆ