Նոր սկանդալ կայարանամերձ շուկայի շուրջ

Նոր սկանդալ կայարանամերձ շուկայի շուրջ

ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը այժմ Հայաստանում չէ: Նա կվերադառնա Նոր տարուց հետո, սակայն նրա «տղաները», հավանաբար, օլիգարխ-պատգամավորի հրահանգն ունենալով, չեն թողնում, որ կայարանամերձ շուկայի տերը՝ Գառնիկ Արշակյանը եւ նրա տեղեկալը մտնեն տարածք:



 



Մհեր Սեդրակյանի տանիքի տակ գործող «Բիտեկ» կազմակերպության եւ Արշակյանին պատկանող «Նարեկ Ա» ՍՊԸ-ի միջեւ կոնֆլիկտը՝ շուկայի տարածքը տնօրինելու համար, ծայր է առել դեռեւս ամռանը: 20 տարվա շուկան վարձակալել է «Նարեկ Ա» ՍՊԸ-ն, բայց դեկտեմբերի 16-ից Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությունը, որին պատկանում է առեւտրային այս տարածքը, փոխել է վարձակալին, պայմանագիր կնքելով ոչ թե նախկին տիրոջ, այլ «Բիտեկ» ՍՊԸ-ի հետ, որը նաեւ հարակից գետնանցման տաղավարների տերն է: Հավանաբար, հենց կառավարությունից են խորհուրդ տվել, որ «Երկաթուղին» «Բիտեկի» հետ պայմանագիր կնքի: Պատրվակը շուկայի  վերակառուցումն էր, «խոզանոցը մաքրելը» (սա Մհեր Սեդրակյանի հեղինակային մեկնաբանությունից է՝ մեր թերթի համար արված՝ Ս. Ս.): Թե կոնկրետ ում որոշումն էր սա, հայտնի չէ: Շուկայի հին տերը գրություն ունի կառավարությունից առ այն, որ տարածքի հարցերը երկաթգծի տնօրինությունն է որոշում: Հարավկովկասյան երկաթուղուց էլ պատասխան կա առ այն, որ կապի եւ տրանսպորտի նախարարությունից են իրենց առաջարկել «Բիտեկ»-ի հետ կնքել նոր պայմանագիր, ինչը նախարարությունը, սակայն, ժխտում է եւ դարձյալ՝ գրավոր:



 



Շուկայի նախկին վարձակալը դատի է տվել «Երկաթուղու» ղեկավարությանը՝ վիճարկելով այս որոշումը եւ համարելով, որ օգտագործողի` առաջնություն ունենալու իր իրավունքը խախտված է: Դատական գործընթացն ավարտված չէ, գործը վերաքննիչում է, բայց, ահա, եկել են Թոխմախի Մհերի «տղաները» եւ անախորժություններ են ստեղծում շուկայի հին տիրոջ համար՝ արգելում են նրա մուտքը տարածք, կոտրում են պահեստի դռան կողպեքը եւ նորն են տեղադրում, ներխուժում են Արշակյանի աշխատասենյակ: Շուկայի  նախկին տերը դիմել է ոստիկանություն, սակայն հույս չունի, թե Էրեբունու ոստիկանները  կպատժեն խուլիգաններին: Նա համոզված է, որ այնտեղ նույնպես Սեդրակյանի մարդիկ են:



 



Մենք փորձեցինք թեմայի շուրջ  զրուցել ԱԺ պատգամավորի օգնականի հետ, որը Սեդրակյանի բացակայությամբ պատասխանում է նրա զանգերին: Նա շատ զարմացավ մեր հարցադրման առիթով, ասաց, որ ինքը «կուրսի չէ», եւ հարցրեց, թե ինչու ենք մենք զբաղվում այս գործով, այն դեպքում, երբ կա ոստիկանություն: «Դրա համար օրգան կա, զբաղվող կա, ժուռնալիստնե՞րն են դրանով զբաղվում: Փաստորեն, առաջվա ОБХCC-ի տեղը լրագրողներն են էսօր»,- դժգոհեց Սեդրակյանի օգնականը՝ այդպես էլ չներկայանալով: Կայարանի շուկան մայրաքաղաքի ամենաէժան առեւտրի վայրն է: Այստեղ հիմնականում առեւտուր են անում Արմավիրի, Արարատի մարզերից երկաթգծով ժամանող գյուղացիները, եւ, ի տարբերություն կայարանից դուրս տեղադրված տաղավարների, որոնք նույնպես Մհեր Սեդրակյանի տիրակալության տակ են, տեղի գներն այստեղ երեք անգամ ցածր են եւ ամռանը կազմում էին 500 դրամ:



Որպեսզի առեւտրականները չլքեն տարածքը եւ չպաշտպանեն իրենց հին տնօրեն Արշակյանին, «Բիտեկ» կազմակերպությունը նրանց մինչեւ հունվարի 1-ն ազատել է տեղի վճարներից: 



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ