Տարին անցավ ռեպրեսիվ գործընթացների ներքո. եկող տարին ավելի ծանր է լինելու

Տարին անցավ ռեպրեսիվ գործընթացների ներքո. եկող տարին ավելի ծանր է լինելու

Իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին խնդրեցինք ամփոփել այս տարին եւ իրենց ծավալած պայքարը:



 



Եթե նկատենք տարվա ընթացքում հանուն մեր իրավունքների տեղի ունեցած բողոքի ակցիաները, ապա Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն։ Օր օրի ակտիվ երիտասարդները համալրում են պայքարող քաղաքացիների շարքերը, իհարկե, գործընթացը գնում է բավականին դանդաղ. ամենացավալի կողմը դա է։ Այդ պայքարում կան հաջողություններ եւ կան անհաջողություններ, բայց կարեւորն այն է, որ կա գործընթաց։



 



Դանդաղորեն, բայց մենք տեսնում ենք այն ճանապարհը, որն ակտիվ քաղաքացիները փորձում են անցնել։ Թե ինչու է դանդաղ ընթանում այդ գործընթացը, ունի իր հիմնավորումներն ու պատճառները. երիտասարդության շրջանում մեծ տոկոս է կազմում ապատիան, սեփական ուժերին չհավատալը, արտագաղթը, նաեւ երիտասարդների եւ հասարակության վրա ազդում է իշխանության եւ նրա արբանյակների տարածած քարոզչությունը, որով մոլորեցնում են հասարակությանը, քաղաքացիներին։ Այս ամենը դանդաղեցնում է քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը, սակայն այդ ընթացքը շեղել անհնար է, որովհետեւ ցանկացած անկախ պետության մեջ քաղաքացին գալիս է այն մտքին, որ ինքն է երկրի տերը, եւ իրենք պետք է որոշեն երկրի ճակատագիրն ու ապագան։ Սա այլեւս անշրջելի գործընթաց է, անկախ նրանից՝ կընթանա դանդաղ, թե արագ։



Իսկ քանի որ Հայաստանում իշխում է այսօր ձեւավորված քաղաքական-քրեաօլիգարխիկ համակարգը, նա ողջ հասարակությանը դիտարկում է որպես հակառակորդ, թշնամի։ Ընդ որում՝ չեն էլ թաքցնում, բացահայտ հայտարարում են։ Հիշենք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարություններից մեկը, որտեղ բացահայտ ասաց, որ իրենց հակառակորդը կրիմինալն է եւ քաղաքացիական ակտիվիստները։ Ցանկացած ադեկվատ պետությունում այդ հայտարարությունից հետո ցանկացած ոստիկանապետ չէր հասցնի անգամ հրաժարականի դիմում գրել։ Իսկ Հայաստանում ոչ միայն հնչում են նման սպառնալիքներ, այլեւ այդ սպառնալիքներն ի կատար են ածվում։ Ձեւավորված ռեժիմը, ի դեմս իր ռեպրեսիվ կառույցների՝ ոստիկանության, կրիմինալի, ողջ հասարակությանը դիտարկում է որպես հակառակորդ, թշնամի: Եվ այդ պարագայում, ողջ տարվա ընթացքում, կիրառեց իր ռեպրեսիվ ողջ ապարատը՝ ակտիվ քաղաքացիներին ճնշելու, բռնությունների ենթարկելու, վարչական ու քրեական գործեր սարքելու համար։



 



Այս տարին ամբողջովին, կարելի է ասել, անցավ այդ գործընթացների ներքո, եւ ես վստահ եմ, որ եկող տարին, այդ առումով, շատ ավելի ծանր է լինելու ակտիվ քաղաքացիների ու ողջ հասարակության համար։ Պարզ տեսանք, որ Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միության մեջ ընդգրկվելու հայտարարությունից հետո որդեգրել է ավելի կոշտ դիրքորոշում հասարակության եւ ակտիվ քաղաքացիների նկատմամբ։ Մենք տեսնում ենք, թե Մաքսային միության մեջ մտնող բռնապետական երկրներում՝ մասնանավորապես Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, ինչ ձեւով է ռեժիմը ճնշում քաղաքացիներին եւ ողջ հասարակությանը, պարզ է, որ Հայաստանի իշխանությունները լիովին ընդօրինակում են եւ շարունակելու են ընդօրինակել այդ ռեպրեսիվ մեթոդները։ Այնպես որ, կարելի է արձանագրել՝ այս տարին լիովին անցավ այդ ռեպրեսիվ գործընթացների ներքո, եւ Հայաստանն ինչքան մերձենա Մաքսային միության բռնապետական երկրների հետ, այնքան երկար են շարունակվելու այդ բռնությունները։



 



Հասարակությունն անտարբեր է, քանի որ անկախությունից հետո մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման տակ եւ այդ իսկ պատճառով չի հավատում իր ուժերին, որ կարող է իրավիճակ փոխել։ Սա ստեղծել է անվստահության մթնոլորտ եւ արտագաղթելու ցանկություն։ Քաղաքացին, որ պատրաստվում է արտագաղթել, էլ չի ցանկանում պայքարել այդ երկրում։ Գաղթականի հոգեբանությամբ երկիր չեն կառուցում. սա շատ կարեւոր հոգեբանական պահ է։ Երկիր կառուցում է այն մարդը, ով երկրի հետ կապում է իր ապագան, իր երեխաների ապագան. այդ ժամանակ ինքը պատրաստ է դուրս գալ, պայքարել, զրկանքներ կրել՝ մտածելով, որ կառուցում է մի երկիր, որտեղ իր ժառանգները կապրեն արժանավայել, հպարտորեն։ Իսկ եթե ինքը չի կապում երկրի հետ որեւէ հույս, ուզում է օր առաջ լքել երկիրը, միանշանակ է, որ չի պայքարելու այդ երկրի համար։ Այս ամենով հանդերձ, մյուս տարի, ես վստահ եմ, պայքարը թեժանալու է, նաեւ շատ ավելանալու են ռեպրեսիաները, եթե հասարակությունը չկարողանա արժանի հակահարված տալ իշխանություններին։ Այդ առումով էական ձեռքբերում էր երիտասարդների ակտիվությունն ու միանալը քաղաքացիական շարժմանը, քանի որ ապագայում նրանք են որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Կանխատեսում եմ, որ 2014-ը կլինի շատ ավելի թեժ բոլոր առումներով, եւ հույս ունեմ, որ կարձանագրենք իրական արդյունք Հայաստանի Հանրապետության կայացման գործում։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ