Թանկից էժանը չկա գազի և փողկապի ընտրության հարցում

Թանկից էժանը չկա գազի և փողկապի ընտրության հարցում

Հայաստանի Հանրապետությունը բնակլիմայական, աշխարհաքաղաքական առումներով գտնվում է բարդ իրավիճակում, ի տարբերություն ոչ միայն Մոնակոյի, Անդորրայի, այլեւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ, ինչու չէ՝ նաեւ մեր անմիջական հարեւանների:



 



Այս ամենը շատ կարեւոր է, քանզի տարվա բոլոր եղանակներին մեզ համար առավել մտահոգիչ են ձմռան երկարուձիգ ամիսների սառնամանիքները, սառցապատ մայրուղիները եւ փողոցները: Եվ, բնական է, այդպիսի եղանակային փաստացի իրավիճակում գտնվող երկիրը պետք է բավարար չափով պատրաստ լինի ջերմային ռեժիմով ապրելուն եւ ջեռուցման խնդիրները լուծելուն: Ահա այստեղ կա փաստացի գազի ընտրության իրավունք՝ ռուսական գազ մի քիչ հեռվից, ասենք՝ Ուրենգոյից կամ սահմանի վրա հարեւան Իրանից, որը եւս պատրաստ է գազ արտահանել Հայաստան: Հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ Իրանը կարող էր առավել նպաստավոր պայմաններով առաջարկել գազի սակագինը սահմանի վրա, որը եւ արվել է ըստ դեսպանի հայտարարության: Սակայն հայերը մշտապես առաջնորդվել են «թանկից էժանը չկա» նշանաբանով եւ գերադասել Ուրենգոյից գազ բերել՝ տարբեր թունելները եւ ոլորանները հաղթահարելով: Բնականաբար, գազն այսօր լուրջ քաղաքական բաղադրիչ է պետությունների հարաբերություններում, բանակցություններում եւ միջպետական համաձայնագրերում: Եվ այստեղ եւս թանկ ձեռք բերված անկախությունը առավել թանկ գազի հետ փոխանակվեց (բարտեր): Այստեղ եւս հաստատվեց, որ թանկից էժանը չկա՝ գազ, գազ եւ միայն թանկ գազ…:



 



Գազի եւ անկախության հարցերում ճշտով կողմնորոշվելուց հետո մեր իշխանավորներին մնում է լրջորեն մտորել փողկապների ընտրության հարցում, որպեսզի չստացվի այնպես, որ մշտապես «ճիշտ» կողմնորոշված երեսփոխանը փողկապն ընտրում է պատահական երկրում եւ ոչ թե մոդայի հայրենիքում, ասենք, Միլանում:



Նա վճարում է թանկ, որպեսզի 500-1000 ԱՄՆ դոլարանոց փողկապով գա Ազգային ժողով եւ գործազուրկին տրվող նպաստը՝ 18 հազար ՀՀ դրամը, կարողանա կտրել, հանուն պետության «իրական շահերի պաշտպանության»: Չէ՞ որ նա իշխանության ներկայացուցիչ է իր բարեկեցիկ կյանքով եւ փողկապով…:



Այստեղ են ասում՝ ծաղկիր, Հայաստան, որդիդ է գալիս, փալանը փոխած նույն երեսփոխանն է գալիս:



 



Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ



ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար