Պայմանավորվել են նորից հանդիպել

Պայմանավորվել են նորից հանդիպել

Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից այսօր կառավարության նիստերի մեծ դահլիճում կազմակերպված ընդունելության հյուրերի շարքում բազմաթիվ հետաքրքիր դեմքեր կային, բայց ամենաուշագրավը միջոցառմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի մասնակցությունն էր:



 



Հայտնի է, որ ԲՀԿ-ն որևէ առիթ բաց չի թողնում քննադատելու Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության «ապաշնորհ գործունեությունը»: ԲՀԿ-ն երկրում տեղի ունեցող ամեն բացասական երևույթ պայմանավորում է կառավարության վարած ձախողված քաղաքականությամբ, բայց երբեք չի անցնում «թույլատրելի սահմանը»՝ քննադատական որևէ բառ չուղղելով Սերժ Սարգսյանին, ով էլ հենց ձևավորել է այդ կառավարությունը:



 



«Առաջին լրատվական»-ը տիկին Ծառուկյանից հետաքրքրվել է, թե ինչն էր իրեն տարել վարչապետի կազմակերպած ընդունելությանը: «Վարչապետն անձամբ էր ինձ հրավիրել՝ որպես Ֆերմերների միության նախագահ, ես էլ պատրաստ մասնակցել եմ ընդունելությանը, ինչպես մնացած 150 հոգին: Բարևել ենք, շնորհավորել ենք միմյանց, բարեմաղթանքներ ենք ցանկացել և պայմանավորվածություն ունենք նորից հանդիպելու»,- պատասխանել է տիկին Ծառուկյանը: