Չեմ հասկանում՝ բեղմնավորման գործում ինչո՞վ կարող է օգնել Տիգրանը Հովիկին

Չեմ հասկանում՝  բեղմնավորման գործում ինչո՞վ կարող է օգնել Տիգրանը Հովիկին

 Որ Տիգրան Սարգսյանին լսում եմ, նոր հասկանում եմ, թե ինչ բան է բարձրագույն երջանկությունը, առավել ևս հասանելի է դառնում, թե ումից կարելի է ակնկալել երջանկություն: Ահա թե ով է երջանկացրել Տիգրան Սարգսյանին: Դուք երևի մտածում եք կի՞նը, երեխանե՞րը, հարազատնե՞րը, Ժողովու՞րդը: Հազա՜ր ոչ, նրան երջանկացնողը ՀՀ նախագահն է. «Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել»:



Ծառայել սեփական ժողովրդի՞ն, թե՞ միայն մի անձի, ընդառաջ գնալ սեփական ժողովրդի՞ն, թե միայն մի անձի, իր երջանկությամբ փոխհատուցել սեփական ժողովրդին, թե՞ միայն իրեն երջանկացնողին: Սա պրիմիտիվ, սերիալային պատմություն է, երջանկության մեխանիկայի պարզ դրսևորում: Մի ժամանակ նման մի հաղորդում կար, որտեղ հրավիրվում էին «աստղերի», ու բոլորը միաբերան ասում էին, որ իրենք երջանիկ են, որովհետև լավ ամուսին, երեխա, աշխատանք ու բարեկեցություն ունեն: Ես միշտ զարմանում էի հյուրերի վրա՝ այսքան թշվառության մեջ ինչպե՞ս կարելի է սեփական երջանկությունը հյուսել ու այդքան ինքնագոհ խոսել: Բայց պարզվում է, որ Տիգրան Սարգսյանն անգամ «այդ աստղերից այն կողմ» չի պատկերացնում երջանկությունը: Նա երջանիկ է, որովհետև ՀՀ նախագահը նրան բարձր պաշտոն է տվել: Սովորական կյանքում էլ է նման բան լինում: Աղջիկը երջանիկ է, որ հասել է սիրած տղային: Իսկ թե ինչ պիտի անի՝ այդ երջանկությունը պահպանելու համար, չգիտի, իսկ թե ինչ պիտի անի սիրած մարդուն երջանկացնելու համար, չի պատկերացնում: Կարևորն այն է, որ իր այդ զգացումը բավարարվել է: Բայց եթե այդ աղջիկը միայն մի մարդու է դժբախտացրել, ինչքա՜ն մարդու դժբախտացրեց Տիգրան Սարգսյանը: Մի ողջ երկիր, հանած իր նման մի խումբ «երջանիկների»: Այդքանից հետո լրիվ բնական է հնչում իր փոխին ուղղված խոսքը. «Ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել»: Այդ աղջիկն էլ ուրիշի հետ ամուսնացավ, ինչպես Տիգրանն ուրիշ աշխատանքի անցավ, և ինչպես Տիգրանն էր ցանկանում, բեղմնավորվեց: Բարի վայելում երկուսին: Միայն չեմ հասկանում, բեղմնավորման գործում ինչո՞վ կարող է օգնել Տիգրանը Հովիկին: Իր բեղմնավորումից առաջացած  թշվառներին նոր թշվառնե՞ր է ավելացնելու…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ