Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ում «աբրահամայանական» թևի մասին

Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ-ում «աբրահամայանական» թևի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, թե այս ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է խնդիր՝ կապել Հովիկ Աբրահամյանի կամ Գագիկ Ծառուկյանի ոտքերը՝ քաղաքական մակարդակով։



Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ապագա քաղաքական գործունեությանը Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակման ֆոնին, Գալուստ Սահակյանը ճիշտ չի համարում այս հարցը կապել Աբրահամյանի հետ։



Hraparak.am-ի հարցին, թե քաղաքական կուրսի փոփոխություններ սպասվու՞մ են, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ հարցի տրամաբանությունը շատ խորքային է․ «Նայած՝ ինչ պատկերացումներ ունենք քաղաքականության էության վերաբերյալ։ Առաջիկա կառավարությունը, բնականաբար, կշարունակի նախորդ կառավարության բարեփոխումների ծրագրերը՝ հավելելով նաև այն ծրագրերը, որոնք մատչելի կլինեն մեր պետության և կառավարության համար»։



Իսկ թե ինչ ակնկալիքներ կան Հովիկ Աբրահամյանի՝ նոր պաշտոնում պաշտոնավարումից, Գ․ Սահակյանն ասաց, որ Աբրահամյանը բավականին լուրջ կենսափորձ ունի՝ կապված, առհասարակ, պաշտոնավարման հետ, ինչպես նաև նա դիտարկվում է նաև քաղաքական ուժերի հետ տարվող աշխատանքում որոշակիորեն հանդուրժողականություն ապահավելու, կոնֆլիկտներ լուծելու և համագործակցություն ձևավորելու տեսանկյունից։  



«Ուստի, կարծում եմ, որ հստակ ձևով այն խնդիրները, որ մենք ունենք, ծրագրավորել ենք, որոշ չափով կկենսագործվի և շատ արագ էդ հարցերը կլուծվեն»,-ասաց նա։



Մեր դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանի թևը կարծես առանձին իշխանություն է ՀՀԿ-ի ներսում, և Սերժ Սարգսյանը, նրան նշանակելով վարչապետ, իշխանությունը, փաստորեն, մասնակիորեն զիջում է հենց Աբրահամյանին ու նրա թիմին, Գալուստ Սահակյանն այս կապակցությամբ ասաց․ «Ես այդպես չեմ կարծում, իհարկե, մարդկային փոխհարաբերություններն այլ են, յուրաքանչյուրն ինքն է իր մտերիմների շրջանակը ունենում մեր սովորական կյանքում, բայց քաղաքականության մեջ էդպես չի կարող լինել, որովհետև կուսակցությունը, նաև կուսակցության խորհուրդը, կողմ քվեարկեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը, ուստի, եթե էդ «թևերի» գաղափարախոսությունը լիներ, մի տեղից կարտահայտվեր։ Այ եթե «թևի» խնդիրը լիներ, զգալի կդառնար, չէր կարող էդպես միանշանակ դիտարկվել։ Սովերաբար ես թևեր չեմ տեսնում մեր ներսում, իհարկե, կարող է մեկը մեկին շատ համակրել, մեկը՝ սովորական մոտեցում ունենա, բայց էդ թշնամանքը կամ, չգիտեմ, ոչ հարիր վեճեր կուսակցությունում երբևէ չեն եղել»։



Իսկ թե ինքը այդ առումով ո՞ր կողմն է իրեն դասում, Սահակյանն ասաց, որ ինքը բոլորի կողմն է, բոլորի հետ էլ լավ է, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի։



 



 



Վահե Մակարյան