Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք. Աղվան Վարդանյան

Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք. Աղվան Վարդանյան

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ՀՅԴ-ն, ի վերջո, նոր կազմավորվելիք կոալիցիային մաս կազմելո՞ւ է, թե՞ ոչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանել է.



 



-Այդ մասին բազմիցս խոսվել է և ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ էլ է երկրի նախագահը այդ մասին ասել, մենք էլ մեր մոտեցումները բազմիցս շարադրել ենք: Մենք ունենք քաղաքական ուղղության խնդիր, մենք հստակ ձևակերպել ենք մեզ համար, թե ինչ է անհրաժեշտ անել` երկիրը այս ծանր ճգնաժամային վիճակից հանելու և նոր որակի պետություն ստեղծելու համար: Դրանք ամփոփված են Դաշնակցության ծրագրային մշակված մոտեցումներում, որոնք վերջին օրերին հղկվել ու մշակվել են, և ունեն ոչ միայն համակարգային փոփոխությունների բնույթ, այլ նաև կոնկրետ խնդիրներ լուծելու բնույթ, և մենք դա ներկայացրել ենք հանրապետության նախագահին: Առաջին փուլը փաստորեն ավարտվել է, նշանակվել է վարչապետ: Մենք մտնում ենք երկրորդ փուլ, երբ 20 օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն, և այնուհետև ծրագիր ներկայացվի: Մենք դեռ ժամանակ ունենք, կսպասենք արձագանքներին, կախված այն բանից, թե մեր առաջարկությունների որ մասը կընդունվի, դրանից էլ կբխի մեր վերաբերմունքը: Մենք այսօր որևէ այլ հարց օրակարգում չունենք, ավելին ասեմ` առաջիկա օրերին Դաշնակցության Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովն է, որի անցկացման ժամկետը տեղավորվում է այս 20-օրյա ժամկետում, և մենք, կախված իշխանությունների արձագանքից, արձագանքի տարողությունից, կորոշենք մեր անելիքները: Մենք չենք շտապում, շտապողը մենք չենք: Այսօր ԶԼՄ-ներով արդեն տարբեր եզրահանգումներ են անում, անուններ են թվարկում, թե ով է դաշնակցությունից դառնալու ինչ պաշտոնյա, այդ բոլորը բացարձակ իրականության հետ ոևէ կապ չունեն` ոչ անունները, ոչ էլ` պաշտոնները: Ահա ինչու պետք է հորդորենք բոլոր լրատվամիջոցներին մնալ մեր կողմից հնչեցված սկզբունքների շրջանակներում: 

Մանրամասները` այստեղ