Մկան պարտեզ

Մկան պարտեզ

Երեխաներ, ուրեմն լսեք, հարմարվեք, ավելորդ շարժումներ չանեք, մենք սահմաններից դուրս կարեւոր հարց ենք քննարկում, ինչ ասում եմ՝ իմ ասածից ականջօղ սարքեք,  քանզի՝ «Դուք էք երկրի աղը: Բայց եթէ աղը իր համը կորսնցնէ, ինչո՞վ պիտի աղեն զայն: Այլեւս ո՛չ մէկ բանի կը ծառայէ, հապա զայն կը թափեն, եւ մարդոց ոտքի կոխան կը դառնայ» (Մտ 5.13): 



 



Սա կիրակի օրը նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած քաջախոհակ (նույն ինքը իմաստուն, նույն ինքը խելացի) խոսքի իմ փոխածությունն է:



 



Հիշեցնենք, որ երկար, տանջալի օրերից հետո, ի վերջո, Սերժ Սարգսյանը կայացրեց իր կյանքի ամենածանր ու պատասխանատու որոշումը՝ Աբրահամյան Հովիկին նշանակեց ՀՀ վարչապետ եւ նույն Աբրահամյան Հովիկի անցած ուղին, նրա գործունեությունը կարճ կոնկրետի մեջ փորձեց ներկայացնել մնգոյի մյուս բոլոր սաներին: Ի դեպ, նույն գիշեր Աբրահամյան Հովիկի կենսագրությամբ հիանում էին «փողոցային մեր ախպերները» ու իրար քաջալերում, որ վիզ դրածի վաստակը մեր երկրում գնահատվում է: «Սրան նրան արաղ լցելուց, Կոյնագի գործարաններից հեդո էսի որ վռչո դառավ, պտի գազ տանք, ուրեմն սաղ ըլնող ա»:



 



Եվ իրավ, եթե Աբրահամյան Հովիկը լեզվի թերություն ունի, ու նրա մտավոր ունակությունները կաղ են տալիս, ուրեմն կենսագրության մեջ առաջնայնությունը պիտի «կոյնագի» էպոպեային տալ:



 



Նորընծա վարչապետը 1990-1991թթ.-ին աշխատել է որպես Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, 1991-1995թթ.՝ Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն։ Հետո խմած կոնյակը գխին է տվել, ու Աբրահամյան Հովիկը թռել է գերաշխարհ՝ պատգամավոր, նախարար, փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, վերջապես վարչապետ, իսկ հետո անվանի մեդալների, շքանշանների թափոր՝ «Անանիա Շիրակացի», «Մարշալ Բաղրամյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Մեսրոպ Մաշտոց», «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն»:



 



Սա, հայրեցորդի, պարզագույն գեղական հավի թռիչք չէ, ոչ էլ տնային ճագարի: Սա քրեաօլիգարխիայի հերթական մեծ հաղթանակներից մեկն է, որի մեջ ապրում ու գործում է Սերժ Սարգսյանը. «Ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրանում, եւ անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին՝ հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը»:



 



Այդ իրականությանը հասնելու համար քայլեր ձեռնարկելու կարիք կարծես թե չկա, եւ բոլորն էլ շատ արագ հասկացել են, թե ինչ արդյունավետ ծծմայր է Աբրահամյան Հովիկը, եւ ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, քանզի նրա կաթի պաշարը դեռ շատերին կբավի: Բայց մի կարեւոր բան էլ է եղել: Երբ Սերժ Սարգսյանը ներկայացրել է վարչապետին, ահավոր ակնառու մի բան է կատարվել: Նախագահը վարչապետին ու մնգոյի մյուս անդամներին զգուշացրել է՝ երեխեք, պետական բյուջեն անձեռնմխելի է, կաշառքն արգելված:



 



Արամ ՊԱՉՅԱՆ